Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է՝ սահմանազատման աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածը, արխիվ
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածը, արխիվ

Սահմանազատման աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, որ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Հայաստան այցի ժամակ կողմերը ստորագրել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը:

Նախօրեին էլ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել, որ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին անգամ հանդիպել են ապրիլի 29-ին: Կողմերն քննարկել էին սահմանազատման կազմակերպչական և տեխնիկական հարցերը: Նաև արդեն համաձայնեցված ուղեցույցերը փոխանակել: Դրանից մեկը սահմանազատման աշխատանքների համար անհրաժեշտ փորձագիտական խմբերի աշխատակարգն է սահմանում, մյուս երկուսը՝ քարտեզի ստեղծման, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգերը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Զանգելանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել անկախությունից:

«Եվրոպայի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել․ եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա», - Azertac գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նշել է, որ եվրոպացի դիտորդները ներկայացնում են, թե Հայաստանը Ադրբեջանից են պաշտպանում․ «Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, - Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։

Տարիներ առաջ Բաքուն քննադատել էր իր սահմանին՝ Հայաստանի տարածքում եվրոպացի անզեն դիտորդներ տեղակայելու որոշումն ու ի վերջո հասել նրան, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ համատեղ սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայվի։

Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների մասին՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքվից Զանգելան երկաթուղու կառուցումը կարող է ավարտվել մեկից մեկուկես տարվա ընթացքում։

«Հաջորդ տարի հնարավոր կլինի գնացքով հասնել Խանքենդի [Ստեփանակերտ - խմբ․]», - ասել է Ալիևը՝ շեշտելով, որ երկաթուղին «Զանգեզուրի միջանցքով» կձգվի մինչև Նախիջևան։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG