Մատչելիության հղումներ

Եվրամիության դիտորդներն այսօր ժամանել են Հայաստան


Եվրամիության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին։ 27- ը հոկտեմբերի, 2022 թ.
Եվրամիության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին։ 27- ը հոկտեմբերի, 2022 թ.

Այսօր Հայաստան են ժամանել Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն են։

«Հունվարի 23-ին Եվամիության կողմից հաստատված ու այսօր Հայաստան ժամանող 100 բացառապես քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներից 50-ը կլինեն անզեն դիտորդներ», - տեղեկացրել է Եվրամիությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք մյուս 50 ներկայացուցիչները զինված են, թե ոչ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս առաքելության կազմում ընդգրկված է ֆրանսիացի 8 ժանդարմ։ Տեղեկություններ կան նաև գերմանացի ոստիկանների մասին։ Մնացած կազմի մասինմանրամասներ առայժմ հայտնի չեն։

Արտործնախարար Արարատ Միրզոյանը, ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը։

«Նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում», - ասված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Իր հերթին Եվրամիությունը վերահաստատել է, որ քաղաքացիական առաքելության նպատակն է «նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և անվտանգություն մարդկանց համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։

Երկու տարվա մանդատ ստացած առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձորում է լինելու։

Եվրոպայի կողմից Հայաստան դիտորդների ուղարկելու լուրն ավելի վաղ բացասական արձագանքի էր արժանացել Մոսկվայի կողմից։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «ֆիքսում են՝ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

«Ի տարբերություն ՀԱՊԿ-ի, Եվրամիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը», - չուշացավ Հայաստանի արձագանքը վարչապետի կողմից։

Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջում էր դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, պահանջ, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այդպես էլ չկատարեց։

Արմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան

Եվրոպացի դիրտոդների ժամանմանը Մոսկվայի կտրուկ արձագանքից հետո Հայաստանում պետք է անհանգիստ լինել, կարծում է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ չբացառելով, որ Մոսկվան տարբեր միջոցներով կփորձի տապալել այս առաքելության աշխատանքը Հայաստանի սահմաններին. - «Ռուսաստանը կցանկանա ցույց տալ, որ իրականում Եվրամիության միջնորդությունն արդյունավետ չէ, և Եվրամիության առաջարկած անվտանգային մեխանիզմները գործուն չեն։ Ցույց տալու ամենակարճ ձևն է հայ-ադրբեջանական սահմանին նոր բախումները, նոր լարվածությունը, որի դեպքում այդ դիտորդները բնականաբար որևէ կերպ ազդել չեն կարող և այդպիսով անհայտ կդառնա, որ այդ անվտանգային համակարգը գոնե մեր տարածաշրջանում այնքան էլ կարևոր չէ և արդյունավետ չէ»։

Ի՞նչ կտա Հայաստանին դիտորդների ժամանումը։ Վերլուծաբանի կարծիքով, կարճաժամկետ առումով, եվրոպացիների ներկայությունը կարող է կանխել Ադրբեջանի հնարավոր լայնածավալ ագրեսիան Հայաստանի նկատմամբ առաջիկա շրջանում։ Իսկ երկարժամկետ կտրվածքով, ըստ Բաղդասարյանի, եվրոպացի դիտորդներից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, քանի որ Եվրոպան մեծ հաշվով Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի տալիս։

Մյուս կողմից, արդարացված են հայկական կողմի բոլոր դժգոհությունները ՀԱՊԿ-ից, որին Հայաստանը դեռ անդամակցում է, ասում է Բաղդասարյանը. - «Եվ հարց է, թե արդյո՞ք արժեր այս պահին բարձրաձայնել այդ հարցերը և արժե՞ր արդյոք այս պահին ավելի սրել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Որովհետև, ամեն դեպքում, մենք չենք կարող կշեռքի նժարներին դնել մի կողմից արևմտյան միջնորդությունը, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ը։ Որովհետև դրանք գետնի վրա, իրականության մեջ բոլորովին համադրելի չեն։ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը այստեղ ներկայացված է ծանրակշիռ ձևով, իսկ Արևմուտքի անվտանգային համակարգը միայն տեսական է»։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Որքանո՞վ ծանրակշիռ կարելի է համարել ռուսական ներկայությունը Հայաստանում, եթե ռուս սահմանապահները լքել են իրենց տեղակայման վայրը ադրբեջանական սեպտեմբերյան հաձակումից ժամեր առաջ, պնդում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ Խոսքը սեպտեմբերի 12-13-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Ռուսաստանի սահմանապահ ուժերի տեղակայման կետի գնդակոծության մասին է. - «Առնվազն 22 թվականի սեպտեմբերից այլևս ժամանակավրեպ է, որ սահմանին կան ռուս զինվորականներ, որոնք պահում են սահմանը։ Որովհետը, ինձ թվում է, երկրում այլևս մարդ չի մնացել, որ չգիտի այն փաստը, որ ռուս Էֆ-Էս-Բե ծառայակիցները ժամեր առաջ, րոպեներ առաջ իջել են, դուրս են եկել մարտական դիրքերից, որից հետո ադրբեջանական հարձակումները էդ ուղղությամբ եղել են։ Այսինքն՝ խոսել նրա մասին, որ սահմանին կան ռուս զինծառայողներ, որոնք ինչ-որ բան պահում են, դրության տերն են, այլևս կարիք չկա»։

Չնայած եվրոպացի դիտորդների ժամանմանը, Հայաստանը դեռևս որոշում չունի դուրս գալ ռուսաստանակենտրոն անվտանգային միջավայրից, և հիմա դրանում ներդնում է եվրոպական էլեմենտ, կարծում է քաղաքագետը. - «Հնարավոր չի էս երկուսը համատեղել, մեկտեղել անգամ միջնաժամկետ կտրվածքում։ Ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ դա հնարավոր է կարճաժամկետ կտրվածքում։ Ի վերջո, պետք է լինելու ընտրություն կատարել, դնել ռազմավարական նպատակ և էդ ռազմավարական նպատակը սպասարկել»։

Բաքուն, ի տարբերություն եվրոպական նախորդ երկամսյա առաքելությանը, նոր դիրտոդների մասին քննադատաբար է արտահայտվել ու անգամ պնդել է, թե եվրոպացիներն իրենց խաբել են:

«Ի՞նչ է նշանակում երկարաձգել առաքելությունը առանց մեզ հետ համաձայեցնելու, չէ՞ որ դա մեր սահմանների մոտ է լինելու», - ասել էր Ալիևը՝ ավելացնելով, թե այդ քայլով Եվրամիությունը անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները, որոնք փակուղում են դեռ անցած դեկտեմբերից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG