Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը երկարացնելու շուրջ քննարկումներ այս պահին չկան. արդեն երեք տարի հայ - ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով դիտարկումներ անցկացնող անզեն առաքելության գործող մանդատը լրանում է 2027-ի փետրվարին:
«Այնպես որ, մինչև մյուս տարի մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվի, դրանից հետո Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ կքննարկի, թե ինչպես են պատկերացնում ապագան», - այսօր հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է իր աշխատանքը Հայաստանում:
Լրագրողների հետ զրույցում Ռիտերն ասաց՝ հայկական կողմը ցանկանում է, որ իրենց գործունեությունը շարունակվի մինչև հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը. - «Այս պահին քննարկում չկա, Կառավարությունը շատ բաց խնդրել է մեզ շարունակել մեր պարեկությունը սահմանին, այցելությունները սահմանային գյուղեր: Հենց դա ենք անելու, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և հաստատվել երկու կողմից»:
Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում է 2023 թվականի փետրվարից՝ հենց Երևանի խնդրանքով: Խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ բանակցություններում Ադրբեջանի նախապայմաններից մեկն այն էր, որ դիտորդները չշարունակեն իրենց աշխատանքը՝ Եվրամիության ավելի քան 20 երկրներ ներկայացնող դիտորդներին ընդհուպ լրտեսության մեջ մեղադրելով: Թե Բաքուն ինչ հիմքով էր պահանջում, որ մեկ այլ երկրի տարածքում այսպիսի անզեն ծառայություն չանցկացվի, պարզ չէ: Երևանը դեռ այն ժամանակ արձագանքեց՝ դիտորդները կարող են ավարտել իրենց աշխատանքը սահմանազատված հատվածներում, սակայն անցած տարի, ի վերջո, համաձայնեց Ադրբեջանի առաջարկին, ու օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրում տեղ գտավ 7-րդ հոդվածի այս նախադասությունը. - «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի»:
Դիտորդական առաքելությունն այսօր նշում էր իր աշխատանքի երրորդ տարին ու նաև հաջողություն մաղթում ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նա թոշակի է գնում: Ամփոփելով այս ժամանակահատվածը՝ առաքելության ղեկավարը պատմեց, թե ինչ են արել անցնող տարիներին, ընդգծելով, որ այժմ սահմանը շատ ավելի հանգիստ է, քանի իրենց առաքելության մեկնարկին. - «Կարող եմ ասել, որ օգոստոս ամսից ի վեր ոչ մի միջադեպ չենք արձանագրել, և իրավիճակը շատ ավելի հանգիստ է եղել»:
Միջոցառմանը նաև դեսպաններ էին մասնակցում, այնտեղ էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը ցանկանում է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը 2027-ի փետրվարից՝ ժամկետի լրանալուց հետո էլ շարունակի գործել, սակայն դեռ պետք է հասկանալ՝ ինչ ձևաչափով:
«Մենք ուզում ենք, որ առաքելությունը մնա Հայաստանում: Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում է, և կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության ոլորտի շրջանակում մենք կարող ենք համագործակցել», - ասաց Գրիգորյանը:
Եվրամիության դիտորդական առաքելությունն այս պահին 210 աշխատակից ունի, երեք տարիների ընթացքում նրանք արդեն շուրջ 8 հազար անգամ պարեկային ծառայության են դուրս եկել: