Եվրամիությանը միանալուՀայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք դա վարչապետ Փաշինյանի հետ, և առանձնահատուկ ոչինչ չենք տեսնում: Իրականում, և նա կհաստատի, ես նրան արդեն մի քանի անգամ ասել եմ և այժմ կարող եմ հրապարակայնորեն կրկնել՝ մենք կսատարենք այն ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին», - Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ շաբաթ օրը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Պուտինը և շարունակել. - «Հայ ժողովրդի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք դարեր շարունակ: Եվ եթե հայ ժողովրդին շահավետ է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի»:
Միաժամանակ, ՌԴ նախագահը մատնանշել է որոշ հանգամանքներ, որոնք, ըստ նրա, կարևոր են թե՛ իրենց և թե՛ գործընկերների համար. - «Օրինակ՝ Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունն այժմ նվազել է, անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 7 միլիարդ դոլար 2025 թվականին: Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, և Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»: Դա, ըստ Պուտինի, վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, հարկերին, ինչպես նաև միգրացիոն ոլորտին:
«Եվ իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Շաբաթասկզբին Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ուղարկել, թե՞ ոչ:
«Եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը:
Մոսկվայում մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին Հայաստանի ղեկավարության չմասնակցելու առնչությամբ էլ Պուտինն ընդգծել է. - «Մենք այդ միջոցառումներին ոչ ոքի չենք հրավիրել, դրանք հոբելյանական միջոցառումներ չեն, սակայն բոլորին ուղարկել ենք տեղեկատվություն այն մասին, որ ուրախ կլինենք, եթե որևէ մեկը գա, մենք ոչ ոքի չենք արգելել գալ: Պաշտոնական հրավեր չկա, հետևաբար ոչ միայն Հայաստանը, այլև շատ այլ երկրներ՝ և՛ մեր բարի դրացիներ, և՛ մեր լավ գործընկերներ ու բարեկամներ, այսօր այստեղ չէին: Ես այստեղ ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում»:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մինչդեռ, տոնակատարություններից օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև ՀՀ վարչապետին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մայիսի 7-ին լրագրողներին հայտնել էր, որ այս տարի չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ «Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին», - ասել էր Փաշինյանը: