Վարչապետը Հաղթանակի օրը ոչ մոսկովյան շքերթում, ոչ էլ Երևանի Հաղթանակ զբոսայգում անցկացրեց, ինչպես նախորդ տարիներին էր անում: Սյունիքում քարոզարշավ անցկացնող Փաշինյանն այսօր Կապանում ծաղիկներ է խոնարհել, հարգանքի տուրք մատուցել՝ ինչպես գրել է, «մեր բոլոր նահատակների հիշատակին»: Նաև տեքստային ուղերձն է հրապարակել, որում ֆաշիզմի դեմ տարած հաղթականից բացի անդրադարձել է նաև հայ - ադրբեջանական հարաբերություններին:
«2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք», - նշել է Փաինյանը։
Նախքան 44-օրյա պատերազմը վարչապետ Փաշինյանը Մայիսի 9-ը հիշատակում էր որպես Եռատոն՝ Հայրենական պատերազմի հաղթանակի օր, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ: 2020 թվականի պատերազմից առաջ՝ իր ղեկավարության տարիներին Փաշինյանը մայիսի տոնն անցկացնում էր Լեռնային Ղարաբաղում, առանձնահատուկ խոսում Շուշիի ազատագրման մասին:
2020-ին այժմ ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ առանձնազրույցում լավատեսական խոսքեր էր ասել ու այդ լավատեսությունը կապել հենց Արցախի հետ. «Մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ: Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ»:
Եթե պետական մակարդակով այլևս եռատոնի մասին չի հիշատակվում, դա այսօր անում էին ընդդիմադիր գործիչները: «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է խոսել այդ մասին, թե սա «մեր պապերի ու հայրերի հաղթանակի տոնն էր»:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ժողովրդին մոտիվացնենք և ոչ թե մեր իշխանությունների պես դեմոտիվացնենք, որովհետև անդադար մեր ժողովրդին դեմոտիվացվում է, որ մենք ոչ մի բան չենք կարող անել: Սա այն օրն է, որ ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք անել, մեր ազգը կարողացել է անել, և կարողանալու է էլի հաղթանակներ ունենալ», - նշել է Մարուքյանը:
Մայիսի 9-ը որպես Եռատոն են հիշատակել նաև «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը:
2023-ին ու նաև անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի է մասնակցել Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ: