Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։
«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»։
Փաշինյանը չի հստակեցրել, թե իր փոխարեն հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե ոչ։
Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին, երեկ հայտարարել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հայաստանի վարչապետը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, բաց թողել 2024-ինը:
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, որ Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան»: