Մատչելիության հղումներ

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի տնտեսական արդյունքները

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելը Հայաստանի առջև տնտեսական կապերն ամրապնդելու նոր պարտավորություններ չի ստանձնում. ընդունված 44 կետանոց համատեղ հռչակագրում հիմնականում հենց հռչակագրային բնույթի ձևակերպումներ են, և ըստ էության Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը վիզաների ազատականացման գործընթացում գրանցած զգալի առաջընթացի արձանագրումն է Բրյուսելի կողմից:

«Վիզաների ազատականացումն առաջնահերթություն է, որը խորապես հուզում է Հայաստանի ժողովրդին, և սա անհիմն չէ, մարդկանց միմյանց մոտեցնելն առանցքային հարց է, և մենք ուրախ ենք ներկայացնել առաջընթացի մասին առաջին զեկույցը ու շնորհավորել ձեզ: Այն շատ դրական է ու վկայում է լավ աշխատանքի ու առաջընթացի մասին: Ես լիովին համոզված եմ, որ կհասնենք գործընթացի ավարտին», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ի՞նչ կա ու ի՞նչ չկա փաստաթղթում Հայաստանի ու Եվրամիության տնտեսական կապերը խորացնելու վերաբերյալ

Ֆինանսական աջակցության վերաբերյալ Եվրամիությունը որևէ նոր փաթեթի մասին չի հայտարարում. հիշեցնում են դեռ 2024-ին հաստատված 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային աջակցության ծրագիրը. այս քառամյա ծրագիրն ավարտվում է 2027-ին: Ընդունված համատեղ հռչակագրով Բրյուսելը միայն հայտնում է՝ կարող են դիտարկել նաև այս ժամկետի ավարտից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիները: Կողմերը նաև հղում են անում «Գլոբալ դարպաս» ծրագրին, որի շրջանակում Հայաստանը կարող է մինչև 2.5 միլիարդ եվրոյի աջակցություն ստանալ: Սա էլ նորություն չէ: Հնարավոր նոր ֆինանսական հոսքեր, այդուհանդերձ, կարող են ենթադրել Եվրամիության առաջնորդների կոչերը Հայաստանում ներդրումներ անելու վերաբերյալ:

«Մենք վստահորեն քաջալերում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ կատարել այստեղ։ Հայաստանն այն տեղն է, որտեղ տաղանդն ու հնարավորությունները կարող են միավորվել», - հայտարարել է Լայենը։

Առևտրային կապերի մասին էլ դրույթ կա, սակայն, դարձյալ հռչակագրային բնույթի. Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ համատեղ աշխատելու Հայաստանի արտահանումների կառուցվածքի դիվերսիֆիկացիան ավելի արագ ու հեշտ իրականացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև Եվրամիության երկրներ: Այս ուղղությամբ հստակ ծրագրերի մասին, սակայն խոսք չկա, պարզ չեն մեխանիզմները, չեն հստակեցնում, թե հատկապես որ հայկական ապրանքները կարող են հետաքրքիր լինել եվրոպացիների համար, ինչ ծավալների կարող է հասնել դեպի Եվրամիություն արտահանումն ու երբ:

«Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի0:03:00առաջնային առևտրային գործընկերը և ներդրողը՝ աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացմանը։ Այս գործընկերության ամրապնդման հարցում կենտրոնական դերակատարում ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։

Կողմերը ողջունում են Հայաստանի և Եվրամիության ֆինանսական ու տնտեսական ինտեգրման առաջընթացը։ Բրյուսելը նաև ի գիտություն է ընդունում համապատասխանության գնահատման եվրոպական ընթացակարգերին մոտենալու Հայաստանի ձգտումը։

Առավել մանրամասն տեսանյութում


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG