Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը կայցելի Կատար՝ Իրանի պատերազմի, Պարսից ծոցի վրա դրա ազդեցության և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու շուրջ բանակցությունների, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Իրանի հարևան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների, Իրանի և բանակցություններում միջնորդ Պակիստանի հետ։ Անկարան մինչ օրս բազմիցս է կոչ արել դադարեցնել հակամարտությունը՝ միաժամանակ դատապարտելով Իրանի վրա հարձակումները և քննադատելով Թեհրանի հարվածները Պարսից ծոցի երկրների վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից և վերջին շաբաթների համեմատ ավելի լուրջ է քննարկում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներ։
Ըստ նրանց՝ Թրամփին հատկապես զայրացրել է Հորմուզի նեղուցի փակ լինելը, ինչպես նաև այն, որ Իրանի ղեկավարության ներսում տարաձայնությունները, Վաշինգտոնի կարծիքով, խոչընդոտում են միջուկային բանակցություններում էական առաջընթացին։
Արաբական Միացյալ Էմիրությունները գաղտնի ռազմական հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան իր տարածքի վրա Թեհրանի հարձակումների, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ այդ հարվածներից մեկը ապրիլի սկզբին հասցվել է Պարսից ծոցում գտնվող իրանական Լավան կղզու նավթավերամշակման գործարանին։ Այդ շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարի մասին։
Իրանը ժամանակին հայտարարել էր, որ Լավանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է «թշնամական հարձակման»։ Դրանից հետո Թեհրանը մի շարք հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ էր հասցրել ԱՄԷ-ի և Քուվեյթի ուղղությամբ, գրում է WSJ-ը։
Աբու Դաբին պաշտոնապես չի հաստատել Իրանի դեմ հարվածներ հասցնելու տեղեկությունները։
Նախքան Պեկին մեկնելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ օրակարգի առանցքում Իրանի հետ պատերազմը չէ, այլ առևտուրը, հայտնում է Associated Press-ը։
Նախքան Վաշինգտոնից մեկնելը Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին, թե ի՞նչ ուղերձ է հղում նախագահ Սիին՝ Իրանի պատերազմի առնչությամբ։
«Երկար քննարկում ենք ունենալու այդ մասին։ Կարծում եմ՝ հարաբերական առումով, նա բավականին լավն է եղել։ Նայե՛ք շրջափակմանը, խնդիր չկա։ Նրանք իրենց նավթի մի զգալի մաս այդ տարածքից են ստանում, բայց մենք խնդիր չենք ունեցել», - նշել է Թրամփը՝ հավելելով, որ Սի Ծինփինն իր ընկերն է, որի հետ կարողանում է «լեզու գտնել»։
Իրանի հարցում ԱՄՆ-ն Չինաստանի աջակցության կարիքն ունի՞, հարցրեց մեկ այլ լրագրող։
«Ոչ, չեմ կարծում, թե մեզ որևէ աջակցություն է պետք Իրանի հետ կապված։ Մենք կհաղթենք այս կամ այն կերպ՝ կհաղթենք խաղաղ կամ այլ միջոցներով», - պատասխանել է նախագահը։
Լիբանանը հայտնում է, թե իսրայելական կողմի հարվածից ևս 12 մարդ է զոհվել՝ վաղը ԱՄՆ միջնորդությամբ մեկնարկող բանակցությունների շեմին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում երկու երեխա կա։
Իսրայելական կողմը պնդում է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի ահաբեկիչներին, հորդորելով տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։
ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը սկզբում հայտարարվել էր տասն օրով, ապա երկարաձգվել երեք շաբաթով, ինչը նշանակում է, որ ժամկետը պետք է լրանա այս շաբաթվա վերջին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղվանից երկօրյա բանակցություններ է անցկացնելու՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի հասնելու համար»:
Իրանը, կարծես, վերջին օրերին ամրապնդել է իր վերահսկողությունը աշխարհին` էներգակիրների մատակարարման հարցում առանցքային նեղուցի նկատմամբ, համաձայնագրեր կնքելով Իրաքի և Պակիստանի հետ, հաղորդում է «Ռոյթերզը», հղում անելով իր աղբյուրներին։
«Այս պատերազմի ավարտից հետո նահանջ չի լինի», - ըստ ISNA-ի, ասել է զինված ուժերի խոսնակը։ Կողմերի միջև բանակցություններն առայժմ էական արդյունք չեն տվել։
Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել միջուկային ծրագիրը և վերացնել նեղուցի վրա վերահսկողությունը, մինչդեռ Իրանը պահանջում է փոխհատուցել փետրվարի վերջին սկսված պատերազմի բնասները, վերացնել ԱՄՆ շրջափակումը և դադարեցնել մարտերը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ Իսրայելը պայքարում է Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի դեմ։
Նախագահ Թրամփը «անպետք աղբ» է որակել Թեհրանի այդ դիրքորոշումները։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր կոչ է արել BRICS երկրներին դատապարտել «միջազգային իրավունքի խախտումները Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, այդ թվում՝ «նրանց անօրինական ագրեսիան Իրանի դեմ»։
Արաղչիի այս ելույթը՝ Նյու Դելիում անցնող գագաթնաժողովում, էլ ավելի է ընդգծել տարաձայնությունները կազմակերպության ներսում, որին անդամակցում են տարածաշրջանային մրցակիցներ՝ Իրանը և Միացյալ Արաբական Էմիրությունները։
Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը շարունակում է բաց մնալ դիվանագիտության համար, սակայն միաժամանակ պատրաստ է պաշտպանվել՝ «բոլոր հասանելի միջոցներով»։
Պարսից ծոցում արգելափակված ճապոնական նավը հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչին։
X-ի գրառմամբ Տակաիչին մանրամասնել է, որ նավն այսօր դուրս է եկել Հորմուզի նեղուցից՝ ուղևորվելով Ճապոնիա։ Անձնակազմի չորս անդամներ ճապոնացի են։
Կառավարությունը բազմիցս փորձել էր ապահովել նավի անցումը նեղուցով՝ ուղիղ կապ հաստատելով նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Միևնույն ժամանակ, վարչապետը փաստել է, որ Ճապոնիայի հետ փոխկապակցվող ևս 39 նավ շարունակում է արգելափակված մնալ Պարսից ծոցում։
Ճապոնիայի ղեկավարը հավաստիացրել է, որ իր կառավարությունը կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի բոլոր նավերը, այդ թվում՝ ճապոնական, կարողանան որքան հնարավոր է շուտ անցնել Հորմուզի նեղուցով։
Պեկինում հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ նպաստելու էներգակիրների ազատ տեղաշարժմանը, հայտնում է Սպիտակ տունը։
CNBC-ի հետ զրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը Չինաստանի լավագույն շահից է բխում։
«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ կարող են», - ասել է Բեսենթը՝ հավելելով, որ կարծում է՝ Պեկինը կուլիսներում կաշխատի։
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է. «Նախագահ Սին նաև հստակ ընդգծել է Չինաստանի ընդդիմությունը նեղուցի ռազմականացմանը, ինչպես նաև նեղուցի օգտագործման համար վճարների գանձմանը։ Նա նաև հետաքրքրություն է հայտնել ավելացնել ամերիկյան նավթի գնումները՝ նվազեցնելու հետագա կախվածությունը նեղուցից»։
Ըստ Սպիտակ տան՝ Սին և Թրամփը համաձայն են նաև, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։
Չինական կողմից որևէ անդրադարձ ամերիկյան հաղորդագրությունում տեղ գտած պնդումներին առայժմ չկա։ Հաղորդվում է, որ քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ առանց ուղիղ նշելու Հորմուզի նեղուցի թեման։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել Թեհրանի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ Իրանը մերժեց ամերիկյան վերջին առաջարկը։
«Ես չեմ պատրաստվում շատ ավելի համբերատար լինել։ Նրանք պետք է գործարք կնքեն», - Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական այցով Չինաստանում գտնվող ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով,- «Ցանկացած բանական մարդ գործարք կկնքեր, բայց նրանք կարող են խելագարներ լինել»։
Իրանի հարստացված ուրանը երկրից հանելու հարցին Թրամփը պատասխանել է, որ «ավելի լավ» կզգար, եթե ստանար ուրանը՝ հավելելով, որ խնդիրն «ավելի շատ հանրային կապերի հարց» է։
Թեմային նախագահ Թրամփը նախկինում ավելի կոշտ էր անդրադառնում՝ հայտարարելով, որ հարստացված ուրանը, որը կարող է օգտագործվել միջուկային զենք պատրաստելու համար, կհեռացվի երկրից անգամ առանց Իրանի կառավարության համաձայնության։
Չնայած իր դժգոհություններին, Թրամփն ասել է, որ Իրանի ներկայիս ղեկավարները «ողջամիտ» մարդիկ են։ Իրանի նախկին ղեկավարության մեծ մասը սպանվել է փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածների ժամանակ։