«Համաս»-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայայի որդին սպանվել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով։
Ըստ տեղական աղբյուրների՝ Ազզամ Խալիլ ալ-Հայան երեկ վիրավորում է ստացել Ջաբալիա փախստականների ճամբարում՝ անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ։
Հիվանդանոցի հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման ժամանակ սպանվել է նաև պաղեստինյան զինյալ խմբավորման մեկ այլ անդամ։ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ ստուգում են այս տեղեկությունները։
Խալիլ ալ-Հայան «Համաս»-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է և մեկն այն բանագնացներից, որ մասնակցում էր Գազայի հատվածում կայուն խաղաղության հաստատման շուրջ հանդիպումներին։
«Համաս»-ի խոսնակ Հասեմ Կասեմը dpa-ին ասել է, որ սա ալ-Հայայի չորրորդ որդին է, որը սպանվել է Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև հեռախոսազրույցից հետո կողմերը հայտարարել են, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։
Սոցցանցի գրառմամբ նախագահ Թրամփը տեղեկացրել է, որ ֆոն դեր Լայենի հետ «շատ թեմաներ են քննարկվել։ Մենք լիովին միասնական ենք այն հարցում, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։
Առանձին գրառման մեջ ֆոն դեր Լայենը վերահաստատել է այս դիրքորոշումը։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համակարծիք են, որ «սեփական ժողովրդին սպանող ռեժիմը» չի կարող այնպիսի զինատեսակ ունենալ, որը միլիոնավոր մարդկանց կարող է սպանել։
Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, իսկ հրադադարը դեռ ուժի մեջ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը այն բանից հետո, երբ կողմերը Հորմուզի նեղուցում գիշերը կրակել են միմյանց վրա: ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է՝ եթե Իրանը համաձայնության չգա, լուրջ հետևանքների կբախվի:
«Եվ նրանք պետք է արագ ստորագրեն այդ համաձայնագիրը։ Բանակցությունները շատ լավ են ընթանում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ եթե այն չստորագրվի, շատ դժվարություններ կունենան … Ասեմ ձեզ, որ նրանք շատ ավելի են ուզում ստորագրել այն, քան ես», - ասել է Թրամփը:
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարը և մեկ այլ նավ, ինչպես նաև «օդային հարձակումներ» է իրականացրել մի քանի ափամերձ տարածքների վրա։
Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ինքնապաշտպանվել է և պատասխանել նեղուցում ամերիկյան ռազմանավերի վրա Իրանի հարձակումներին։
Մոտ 1,500 նավ արգելափակված է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման պատճառով, նախօրեին հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։
«Այժմ արգելափակված են մնացել անձնակազմերի մոտ 20,000 անդամ և 1,500 նավ», - Պանամայում հայտնել է Դոմինգեսը։
Անձնակազմերի անդամները «անմեղ մարդիկ են, որոնք ամեն օր իրենց աշխատանքն են կատարում այլ երկրների օգտի համար», - ասել է ՄԾԿ պաշտոնյան։ Նրա խոսքով՝ շրջափակված նավերի անձնակազմերը հայտնվել են «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրողության ծուղակում»։
Դոմինգեսը նաև լրագրողներին տեղեկացրել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ ուղղված 30 հարձակումներից զոհվել է 10 նավաստի։
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ հրթիռների և անօդաչուների հարձակման տակ է:
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ «երկրով մեկ լսվող ձայները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ շարունակվող ռազմական գործողությունների արդյունք են»։
«Հանրությանը կոչ է արվում պահպանել հանգստություն և հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության հրահանգներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄԷ-ում իրադրությունը լարվել է այն բանից հետո, երբ ամերիկյան և իրանական ռազմածովային ուժերը կրակահերթեր էին փոխանակել Հորմուզի նեղուցում:
Ամերիկյան և իրանական ռազմածովային ուժերի միջև գիշերը բախում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցում՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ ուսումնասիրում է պատերազմն ավարտելու վերաբերյալ ամերիկյան վերջին առաջարկը և իր տեսակետը կփոխանցի միջնորդ Պակիստանին:
Ընդ որում, հասկանալի չէ, թե ով է առաջինը կրակ բացել։ Իրանի ռազմական հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարը և մեկ այլ նավ, ինչպես նաև ավիահարվածներ է հասցրել իրանական ափամերձ մի քանի տարածքների, մասնավորապես՝ Բանդար Խամիր և Սիրիկ շրջաններին, նաև Քեշմ կղզու ափերին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ պայթյուններ են լսվել նաև Թեհրանի արևմուտքում:
Մինչդեռ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական ուժերն են «բազմաթիվ հրթիռներով, անօդաչուներով և փոքր նավակներով» հարձակվել նեղուցից դուրս եկող ամերիկյան երեք ռազմանավերի վրա: ԱՄՆ ռազմածովային ուժերն էլ պատասխանել են և վերացրել սպառնալիքները: Հարվածել են նաև իրանական ռազմական օբյեկտներին, որոնք պատասխանատու են եղել հարձակման համար:
«Կենտրոնական հրամանատարությունը չի ձգտում սրել իրավիճակը, այլ մնում է իր դիրքերում և պատրաստ է պաշտպանել ամերիկյան ուժերը», - ասվում է հրամանատարության հայտարարությունում:
ԱՄՆ նախագահն էլ սոցցանցում պնդել է, թե ամերիկյան կողմին վնաս չի պատճառվել: Դոնալդ Թրամփը նաև Իրանի ղեկավարությանը «խելագար» է անվանել, նշել, թե ցանկանում է, որ Իրանն արագ համաձայնի խաղաղության համաձայնագրին, ապա կրկին սպառնացել: «Մենք նրանց շատ ավելի ուժեղ կհարվածենք ապագայում, եթե շտապ չստորագրեն համաձայնագիրը», - գրել է նա։
Իրանի կենտրոնական հրամանատարության խոսնակը, սակայն, հայտարարել է, որ իրանական հարվածները «զգալի վնաս են հասցրել թշնամուն»: «ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը վճռականորեն և առանց տատանվելու կարձագանքի ագրեսիայի ցանկացած գործողության», - հայտարարել է նա:
Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական ջանքերը խարխլելու համար: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ ամեն անգամ, երբ սեղանին է դրվում դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է ռազմական անխոհեմ արկածախնդրություն։
«Սա կոպիտ ճնշման մարտավարությո՞ւն է։ Թե՞ արդյունքն է նրա, որ ինչ-որ մեկը կրկին նախագահին խաբեությամբ տանում է դեպի մեկ այլ ճահիճ։ Անկախ պատճառներից՝ արդյունքը նույնն է. իրանցիները երբեք չեն ընկրկում ճնշմանը», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին նաև պնդել է, թե Իրանի հրթիռային պահուստները և արձակման հզորությունը փետրվարի 28-ի համեմատ ոչ թե 75 տոկոս է, այլ՝ 120 տոկոս։
ԱՄՆ-ն դեռ չի ստացել Թեհրանի պատասխանը, այն ակնկալում են ստանալ այսօր, Հռոմում հայտարարել է ԱՄՆ պետքրատուղարը: Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ այն լուրջ առաջարկ կլինի և բանակցային լուրջ գործընթացի սկիզբը կդնի:
«Տեսնենք, թե ինչպիսին կլինի պատասխանը։ Հույս ունենք, որ դա այնպիսի բան է, որը կարող է մեզ ներգրավել լուրջ բանակցային գործընթացում», - Հռոմում լրագրողներին ասել է Ռուբիոն։
Մինչ աշխարհի տարբեր երկրներում տնային տնտեսություններ հաշվում են, թե Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը որքան հավելյալ ծախս է առաջացրել իրենց համար, որոշ ընկերություններ հսկայական շահույթներ են ստանում, գրում է BBC-ին։
Հակամարտության և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի արդյունավետ փակման հետևանքով առաջացած անորոշությունը բարձրացնում կենսապահովման արժեքը և հարվածում ընկերությունների, ընտանիքների և կառավարությունների բյուջեներին։
Սակայն, մինչ ոմանք հայտնվել են սնանկացման եզրին, մյուսները, որոնց հիմնական բիզնեսն ավելի շահութաբեր է պատերազմի դեպքում կամ ովքեր օգտվում են էներգակիրների անկայուն գներից, ռեկորդային եկամուտ են գրանցել։
Ավելին՝ այստեղ
Իրանական դրոշի ներքո նավարկող առևտրային նավի վրա ԱՄՆ ռազմածովային ուժերի երեկ գիշերվա հարձակման հետևանքով վիրավորվել է 10 նավաստի։ Եվս հինգ մարդ դեռ անհետ կորած է համարվում, հաղորդում է Իրանի կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը։
Ավելի ուշ հարավային Մինաբ շրջանի նահանգապետ Մոհամմադ Ռադմեհրը հայտարարել է, թե ինքը լուր է ստացել, որ փրկարարները գտել են անհետ կորած հինգ նավաստիներից մեկի մարմինը։
Ըստ գործակալության՝ հարձակումը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի և Մակրան ծովի ջրերում (Օման): Իրանական նավը Մինաբ շրջանի ջրերի մոտակայքում է եղել, և ամերիկյան զինուժի հարվածից նավի վրա հրդեհ է բռնկվել:
Mehr-ի փոխանցմամբ՝ այս բեռնատար նավի վրա, ընդհանուր առմամբ, 15 նավաստի է եղել: 10 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: