ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթ Իսլամաբադում, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրի:
Ըստ հրապարակման՝ Իրանն ու ԱՄՆ-ը միջնորդների հետ աշխատում են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր մշակելու ուղղությամբ, որը կսահմանի պատերազմը դադարեցնելու մեկամսյա բանակցությունների շրջանակը:
Մայիսի 7-ին Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր լուրը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու նշաններ կան: Նախարարությունը, սակայն, հայտարարել էր, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է 41 անձի: Reuters-ը, հղում անելով Բահրեյնի պետական լրատվական գործակալության, հայտնում է, որ նրանք կապված են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։
Նախարարությունը հայտնել է, որ անվտանգության մարմինները բացահայտել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խումբ՝ հավելելով, որ դատախազի կողմից հետաքննությունները ներառել են նաև իրանական հարձակումների նկատմամբ համակրանքի հետ կապված դեպքեր։
Իրանը կրակ է բացել Բահրեյնում և Պարսից ծոցի այլ երկրներում գտնվող ԱՄՆ-ն ունի ռազմական բազաների ուղղությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Կիսապաշտոնական ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արաղչին Հաքան Ֆիդանի հետ զրույցում պնդել է, որ «ամերիկյան ուժերի կողմից Պարսից ծոցում վերջերս սրված լարվածությունը և հրադադարի ռեժիմի խախտումները մեծացրել են կասկածները ամերիկյան կողմի մտադրությունների և դիվանագիտության ուղու լրջության վերաբերյալ»։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարավային Սաքսակիե քաղաքի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, և վիրավորվել է 15 մարդ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել քաղաքում գտնվող «Հեզբոլա» շարժման զինյալներին՝ մեղադրելով նրանց իսրայելցի զինվորների դեմ հարձակումներ պլանավորելու մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա պետք է անմիջապես վերադառնար Դոհա, բայց փոխել է իր ծրագիրը և մեկնել Մայամի։
Axios-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Մայամիում գտնվելու ընթացքում ալ-Թանին զանգահարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարին՝ միջնորդական ջանքերը քննարկելու համար:
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործակալությունը հայտարարել է, որ «անհայտ ծագման արկը» Կատարի ափամերձ ջրերում բեռնանավի է հարվածել։
Ըստ գործակալության X-ում արած գրառման՝ հարվածը «փոքր հրդեհ» է առաջացրել նավի վրա։ Այն մեկուսացվել է։
Տուժածների կամ շրջակա միջավայրին հասցված վնասների մասին չեն հաղորդվում։
Կատարից հայտարարել են, որ ԱԹՍ-ն հարվածել է երկրի ափամերձ ջրերում նավարկող Աբու Դաբիից մեկնած բեռնանավին։
Հնարավոր չի եղել անմիջապես հստակեցնել, թե որտեղից է արձակվել ԱԹՍ-ն, սակայն վերջին շաբաթներին Իրանից են հարվածներ հասցրել Պարսից ծովով անցնող նավերին։
Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալությունն էր ավելի վաղ հայտարարել, որ «անհայտ ծագման արկը» Կատարի ափամերձ ջրերում նավի է հարվածել։
Արաբական Միացյալ Էմիրությունների զինուժն էլ իր հերթին հայտարարել է, որ հակօդային պաշտպանության համակարգերը Իրանից արձակված երկու անօդաչու են հայտնաբերել։
ԱՄՆ-Իրան հրադադարից ի վեր առաջին անգամ Քուվեյթից ևս հայտնել են, որ առավոտյան երկրի օդային տարածքը հատած մի քանի անօդաչուներ են հայտնաբերել։
Կատարի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կատարի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, հայտնում է Կատարի ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ Ալ-Թանին, որը նաև Կատարի վարչապետն է, Հորմուզի նեղուցի խնդրին է անդրադարձել՝ ընդգծելով, որ նավարկության ազատությունը փոխզիջումների ենթակա չէ։
«Հորմուզի նեղուցը փակելը որպես ճնշման խաղաթուղթ օգտագործելը կհանգեցնի միայն ճգնաժամի խորացմանը և տարածաշրջանի երկրների կենսական շահերի վտանգմանը», - զրույցի ժամանակ ասել է ալ-Թանին՝ մատնանշելով նաև նեղուցի փակ մնալու հնարավոր բացասական հետևանքները համաշխարհային էներգիայի և սննդի մատակարարումների վրա։
Ալ-Թանին Արաղչիին փոխանցել է, որ Դոհան լիովին աջակցում է ճգնաժամը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու միջնորդական ջանքերին՝ կարևոր համարելով, որ կողմերի արձագանքներն այնպես լինեն, որ նպաստեն բանակցությունների առաջմղմանը և սահմանափակեն նոր էսկալացիայի հնարավորությունները։
Թեհրանից մանրամասներ առայժմ չեն հայտնել հեռախոսազրույցի մասին։
Իրանը պաշտոնապես պատասխանել է պատերազմն ավարտելու վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկությանը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
IRNA-ի հրապարակումը շատ մանրամասներ չի ներառում, նշվում է միայն, որ պատասխանը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդներին, այս փուլում կենտրոնանալու է պատերազմն ավարտելու վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակապես անընդունելի» է որակել Իրանի պատասխանը խաղաղության ամերիկյան առաջարկին։
«Հենց նոր կարդացի Իրանի` այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Չեմ հավանում․ բացարձակապես անընդունելի է», - Truth Social-ում արված գրառման մեջ նշել է Թրամփը՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք սա կհանգեցնի Իրանի դեմ օդային հարվածների վերսկսմանը։
Մինչ Սպիտակ տան ղեկավարի գրառումը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Tasnim գործակալությունը հրապարակել էր Թեհրանի ենթադրյալ պատասխանի մանրամասները։ Ըստ հրապարակման, Իրանը պահանջել էր վերացնել բոլոր պատժամիջոցները, դադարեցնել ծովային շրջափակումը և բացառել հետագա հարձակումները «բոլոր ճակատներում»՝ թե՛ Իրանում, թե՛ Լիբանանում։
Իրանի պետական լրատվամիջոցներով հայտարարվել էր, թե ամերիկյան առաջարկի ընդունումը Թեհրանի համար կնշանակի «հանձնվել առավելապաշտական պահանջներին»։