Թեհրանում դեռ ուսումնասիրում են ամերիկյան առաջարկները, ISNA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ԱՄՆ առաջարկներն ու կարգավորման պլանը դեռ քննարկվում են Իրանի կողմից։ Այդ քննարկումների ավարտից և դիրքորոշման հստակեցումից հետո Իրանն իր դիտարկումները կփոխանցի պակիստանյան կողմին», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Իսրայելի Զինված ուժերի հրամանատարության ձեռքի տակ է Իրանում գտնվող այն թիրախների ցանկը, որոնք կարող են խոցվել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, այսօր հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։
Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ նշելով, որ, ըստ իսրայելցի գեներալի՝ «երկրի բանակը գտնվում է մարտական պատրաստության վիճակում»։
Զամիրը նաև նշել է, որ Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ստորաբաժանումներին հրաման է տրվել, որի համաձայն նրանք՝ «ուժի կիրառման որևէ սահմանափակում չունեն»։
Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրների խումբը շարժվում է դեպի Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու առաքելությանը նախապատրաստվելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ջանքերի շրջանակներում:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ ավիակիրների խումբն այսօր հատել է Սուեզի ջրանցքը՝ ուղևորվելով Կարմիր ծովի հարավային հատված։
Ֆրանսիական հարվածային նավերի այս խումբը տեղակայվել է Միջերկրական ծովի արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելուց կարճ ժամանակ անց: Այն ծովում կարող է մնալ 4-5 ամիս։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրաժարվել են միանալ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակմանը, սակայն առաջատար դեր են ստանձնել Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու համար բազմազգ, բացառապես պաշտպանական առաքելության կազմակերպման գործում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով Իրանում պատերազմը շուտով կավարտվի, մինչ այդ փորձելով համաձայնության հասնել՝ Հորմուզի նեղուցի և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղին հաղթահարելու համար։
«Երբ նայում ես, թե ինչեր են տեղի ունենում, մենք դա անում ենք մեկ շատ կարևոր պատճառով. մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Այնպես որ, կարծում եմ, մարդկանց մեծ մասը հասկանում է դա։ Նրանք հասկանում են, որ այն, ինչ մենք անում ենք, ճիշտ է, և դա արագ կավարտվի», - նախօրեին ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նախօրեին լրագրողներին նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության գան։
Նախօրեին Axios-ը և Reuters-ն իրենց աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմն ավարտելու հուշագրի համաձայնեցմանը: Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից: Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները և թույլ կտա օգտվել արևմտյան բանկերում իրանական սառեցված միջոցներից: Կողմերը նաև պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը։ Ըստ Axios-ի՝ մնացել է մի քանի կետ համաձայնեցնել: Իրանցի պատգամավոր Էբրահիմ Ռեզային, սակայն, հայտարարեց, որ Axios-ի հրապարակումն «ամերիկյան ցանկությունների ցուցակ» է, ոչ ավելին:
Մակրոնը հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին հայտարարել է, որ կրկին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության կարևորությունը։
Մակրոնը հավելել է, որ Իրանի նախագահին կոչ է արել դիտարկել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած ծրագրերը՝ ստեղծելու միջազգային առաքելություն, որը հիմք կստեղծի Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։
«Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից, և մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - X-ում գրել է Էմանյուել Մակրոնը:
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն «ընդգծել է, որ Իրանը, միջազգային օրենքների շրջանակում, պատրաստ է լրջորեն շարունակել դիվանագիտական ուղիները՝ պատերազմին վերջ տալու և իրանցի ժողովրդի իրավունքների իրացման համար»:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Թրամփի հետ և երկու առաջնորդներն էլ համաձայն են, որ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից։
«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, և ամենակարևոր նպատակն Իրանից հարստացված նյութերի դուրսբերումն է և հարստացման հնարավորությունների ապամոնտաժումը։ Նախագահ Թրամփը կարծում է, որ կարող է դրան հասնել այս կամ այն կերպ», - ասել է Բենյամին Նեթանյահուն։
Այնուամենայնիվ, Նեթանյահուն զգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, և հենց այս հրահանգն է նա տվել Իսրայելի պաշտպանության բանակին և անվտանգության գործակալություններին։ «Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը և նրա դաշնակիցները ավելի թույլ են, քան երբևէ»,- ասել է նա։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է լուրը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու նշաններ կան:
Նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։
«Որպես միջնորդներ՝ մենք չենք կորցնի երկու կողմերի վստահությունը և չենք բացահայտի մանրամասները», - ասվում է նախարարության հայտարարությունում:
Թեև նախարարությունը տեղեկություններ չունի, թե որ երկիրը կարող է հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի համար, սակայն նշել է՝ «մեզ համար պատիվ կլինի, եթե այն տեղի ունենա Իսլամաբադում»։
Իրանը հերքել է, թե իր զինված ուժերն առնչություն ունեն Հորմուզի նեղուցում հարավկորեական նավին հասցված վնասին:
Սեուլում Իրանի դեսպանատան հայտարարությունում նաև ասվում է, որ ջրային այս ճանապարհով անվտանգ անցումը պահանջում է Իրանի կանոնակարգերի խիստ պահպանում։
Երկուշաբթի Պանամայի դրոշի ներքո նավարկող հարավկորեական HMM նավի վրա պայթյուն էր տեղի ունեցել, ապա հրդեհ բռնկվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի համար մեղադրել է Իրանին:
Մինչդեռ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառը կհաստատվի միայն, երբ նավը քարշակվի նավահանգիստ և ստուգվի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, ով հանրության առջև չի երևացել մարտի սկզբից՝ այդ պաշտոնում նշանակվելուց և վիրավորում ստանալուց ի վեր։
Փեզեշքիանը չի նշել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել հանդիպումը։
«Այս հանդիպմանը ինձ ամենաշատը զարմացրեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսլականը և համեստ ու անկեղծ մոտեցումը», - ասել է նախագահը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում։
Խամենեին, որը վիրավորվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը և շաբաթներ անց նշանակվել երկրի գերագույն առաջնորդ՝ պատերազմում զոհված հոր փոխարեն, անցած երկու ամիսներին միայն գրավոր հայտարարություններ է հրապարակել։ Նրա գտնվելու վայրը շարունակում է մնալ անհայտ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Իսհաք Դարի հետ, քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Telegram-ի իր էջում տեղեկացնում է Արաղչին:
Կողմերն ընդգծել են «երկխոսության և դիվանագիտության» շարունակման, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Երկու երկրների արտգործնախարարների զրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանը քննարկում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը: