Մատչելիության հղումներ

Մակրոնը հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին հայտարարել է, որ կրկին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության կարևորությունը։

Մակրոնը հավելել է, որ Իրանի նախագահին կոչ է արել դիտարկել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած ծրագրերը՝ ստեղծելու միջազգային առաքելություն, որը հիմք կստեղծի Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։

«Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից, և մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - X-ում գրել է Էմանյուել Մակրոնը:

Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն «ընդգծել է, որ Իրանը, միջազգային օրենքների շրջանակում, պատրաստ է լրջորեն շարունակել դիվանագիտական ուղիները՝ պատերազմին վերջ տալու և իրանցի ժողովրդի իրավունքների իրացման համար»:

Իրանի նախագահն իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը շեղվել է դիվանագիտության ուղուց և դիմում է սպառնալիքների, ճնշման և պատժամիջոցների: Արդյունքում, ըստ նրա, Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ին:

Մասուդ Փեզեշքիանը նաև ասել է, որ Իրանը նախկինում երկու անգամ երկխոսության մեջ է մտել ԱՄՆ-ի հետ, «և երկու դեպքում էլ Իրանի դեմ ռազմական ագրեսիան տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում։ Նման վարքագիծը գործնականում նման է «թիկունքից դանակահարության», - ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանն ասել է, որ ցանկացած արդյունավետ բանակցություն պահանջում է, որ դադարեցվի պատերազմը և տրրվեն երաշխիքներ, որ Իրանի դեմ թշնամական գործողությունները չեն կրկնվի։
Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ նա ասել է, որ Իրանը վաղուց է եղել ջրային այս ուղի անվտանգության պահապանը, սակայն ԱՄՆ գործողությունները, այդ թվում՝ ծովային շրջափակումը, խաթարել են կայունությունն այստեղ։

Էմանյուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է օգնել բանակցությունների առաջխաղացմանը և մասնակցել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացին։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը ԱՄՆ-ին և Իրանին կոչ էր արել համատեղ վերաբացեն Հորմուզի նեղուցը.- «Մենք ամենից շատ ցանկանում ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն համատեղ վերաբացեն նեղուցը։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովել ազատ նավարկությունը և դա անել առանց սահմանափակումների կամ վճարների», - ընդգծել էր Էմանյուել Մակրոնը:

Պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը խիստ սահմանափակել է ջրային այս կարևոր ուղով երթևեկությունը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ԱՄՆ-ն իր հերթին շրջափակել է իրանական նավահանգիստները։

XS
SM
MD
LG