Մատչելիության հղումներ

Ֆրանսիական ավիակիրների խումբը շարժվում է դեպի Ադենի ծոց` Հորմուզում ազատ նավարկությանն աջակցելու

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը Միջերկրական ծովում, արխիվ
Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը Միջերկրական ծովում, արխիվ

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրների խումբը շարժվում է դեպի Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու առաքելությանը նախապատրաստվելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ջանքերի շրջանակներում:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ ավիակիրների խումբն այսօր հատել է Սուեզի ջրանցքը՝ ուղևորվելով Կարմիր ծովի հարավային հատված։

Ֆրանսիական հարվածային նավերի այս խումբը տեղակայվել է Միջերկրական ծովի արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելուց կարճ ժամանակ անց: Այն ծովում կարող է մնալ 4-5 ամիս։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրաժարվել են միանալ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակմանը, սակայն առաջատար դեր են ստանձնել Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու համար բազմազգ, բացառապես պաշտպանական առաքելության կազմակերպման գործում։

Հորմուզի նեղուցով, որով անցնում է աշխարհի նավթի գրեթե մեկ հինգերորդը, նավագնացությունը լրջորեն խաթարվել է Իրանի հետ հակամարտության պատճառով։

ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարճ ժամանակով դադարեցնում է Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը, որն սկսել էր երկու օր առաջ, որպեսզի համոզվի, թե արդյոք հնարավոր է Իրանի հետ համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու շուրջ: Իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն, կշարունակվի, գրել էր Դոնալդ Թրամփը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ այսօր խոստացել է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզով, «եթե դրանք հետևեն Թեհրանի սահմանած ընթացակարգերին», որոնք ուժի մեջ են մտել օրերս։ Դրանց համաձայն՝ նեղուցը հատել ցանկացող նավերը պետք է դա համակարգեն Իրանի հետ և նախապես թույլտվություն ստանան։


XS
SM
MD
LG