Իրանը չի ձգտում ուրանը հարստացնել այն մակարդակների, որոնք անհրաժեշտ են միջուկային զենք ստեղծելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպան Ռեզա Նաջաֆին նաև հայտարարել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները «պատերազմական հանցագործություն» են։
ԱՄՆ դեսպանությունը Բաղդադում կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը՝ նախազգուշացնելով, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանի աջակից զինված խմբավորումները կարող են հարձակվել մայրաքաղաքի վրա։
Անվտանգության հուշագրում դեսպանությունը նշում է, որ զինված խմբավորումները կարող են թիրախավորել ամերիկացի քաղաքացիներին, դիվանագիտական օբյեկտներ, բիզնեսներ և այլ վայրեր, որոնք կապ ունեն Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև Իրաքի քաղաքացիական ու պետական կառույցներ։
«Ահաբեկչական զինված խմբավորումները թիրախավորել են ամերիկացիներին՝ առևանգման համար», - հավելել է դեսպանությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ակտիվացնել քաղաքական և դիվանագիտական ջանքերը Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի համար։
Այսօր ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ, որի ընթացքում էլ ընդգծել է Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելուն ուղղված ջանքերի կարևորությունը։
Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Հորմուզի նեղուցի փաստացի փակման համար, ինչը խաթարել է այդ կարևոր ջրային ճանապարհով համաշխարհային նավթի և գազի արտահանումները։
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը հայտարարել է, որ շրջափակման «արմատական պատճառը» «ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ռազմական գործողություններն են Իրանի դեմ»։
Մաոյի խոսքով՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունը կարող է ապահովվել միայն հրադադարի և Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման միջոցով։
Ռուսաստանը կխնդրի Միացյալ Նահանգներին և Իսրայելին հրադադար ապահովել՝ Իրանի Բուշերի ատոմակայանից ռուս աշխատակիցներին տարհանելու համար։
«Որոշված երթուղիները հաղորդվելու են Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանություններին, և մենք բոլոր միջոցներով կհամաձայնեցնենք, որպեսզի շարասյան շարժման ընթացքում խստորեն պահպանվի հրադադարը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Նա հավելել է, որ վերջին տարհանումն ընդգրկելու է մոտ 200 մարդ և նախատեսված է հաջորդ շաբաթ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մանրամասնելով՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։
Իլհամ Ալիևը խոստացել է շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը, «մաղթել, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, ասված է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահը սպառնացել է հարվածել և ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը «դեռ չեն էլ սկսել ոչնչացնել այն ամենն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդիվ կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները»,- սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:
Նա հավելել է՝ Իրանի ղեկավարությունը «գիտի՝ ինչ պետք է արվի, և դա պետք է շատ արագ արվի»։
Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար. Ուշակով
Հորմուզի նեղուցը բաց է մնում ռուսական կողմի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Հորմուզը բաց է մեզ համար», - ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ուշակովը։
Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
«Նախարարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում նոր հակամարտության շուրջ զարգացումները, լարվածության թուլացման ուղղությամբ մի շարք պետությունների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու ուղիների վերաբերյալ», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Իրանն արձագանքում է
Քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ անավարտ կամուրջներին հարվածելը, իրանցիներին չի ստիպի հանձնվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի կամուրջները և էլեկտրակայանները թիրախավորելու սպառնալիքին։
«Յուրաքանչյուր կամուրջ և շենք ավելի ամուր կվերականգնվի»,- ասել է Արաղչին: