Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ Վաշինգտոնը բաց է Թեհրանի հետ դիվանագիտության համար, Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթը։
«Նախագահը մշտապես բաց է դիվանագիտության համար, բայց նաև հստակորեն ասել է, որ իր նպատակներն այնտեղ [Իրանում] կիրագործվեն», - ասել է Փիգոթը։
Պատերազմի 35-րդ օրը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Իրանը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչ է խոցել՝ երկրորդը այս պատերազմի ընթացքում: ԱՄՆ-ն չի հաստատել դա: Իրանը շարունակել է նաև հարվածները ծոցի երկրներին, Քուվեյթում նավթավերամշակման գործարանի է հարվածել: Եմենի հութիներն իրենց հերթին հայտարարել են, որ հրթիռներով հարվածել են Իսրայելին:
Պատերազմի թեժ պահին ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը նախօրեին պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից, հայտնում է Reuters-ը:
Պենտագոնը հաստատել է, որ Ջորջը, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ մեկ տարուց ավելի կար, թոշակի կանցնի:
Համաշխարհային պարենային գները մարտ ամսին հասել են անցած տարվա սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին և կարող են շարունակել աճել, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի։
Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ընգծելով, եթե հակամարտությունը տևի ավելի քան 40 օր և մուտքային ծախսերը (օրինակ՝ պարարտանյութերը) մնան բարձր, ֆերմերները կարող են կրճատել ներդրումները, նվազեցնել ցանքատարածությունները կամ անցնել ավելի քիչ պարարտանյութ պահանջող մշակաբույսերի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այսօր զգուշացրել է վերջին օրերին Իրանում առողջապահական համակարգի վրա բազմաթիվ հարձակումների մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է Պաստերի ինստիտուտը։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X-ում գրել է, ինստիտուտը լուրջ վնասներ է կրել և այլևս չի կարող առողջապահական ծառայություններ մատուցել։ Թեհրանի այս կենտրոնը, որը հիմնադրվել է 1920 թվականին և կապ չունի Փարիզի համանուն ինստիտուտի հետ, համարվում է Իրանի ամենահին գիտահետազոտական և հանրային առողջապահական հաստատություններից մեկը։ Այն կարևոր դեր է խաղում բնակչության առողջության պաշտպանության և խթանման գործում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում։
Փարիզի Պաստերի ինստիտուտն աջակցություն է հայտնել հարվածներից տուժած հետազոտողներին, ուսանողներին և քաղաքացիական անձնակազմին։
Իրանի հարձակումների հետևանքով այսօր մի շարք արաբական երկրներում տուժել են ավելի քան մեկ տասնյակ մարդիկ։ Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես Աբու Դաբիի Աջբան շրջանում ընկնող բեկորների հետևանքով վիրավորվել է 12 մարդ։
Վիրավորները Նեպալի և Հնդկաստանի քաղաքացիներ են։
Բացի այդ, բեկորների ընկնելու պատճառով դադարեցվել է Հաբշան գազի գործարանի աշխատանքը։ Էմիրությունների զինված ուժերը հայտնել են, որ խոցել են ընդհանուր առմամբ՝ 18 բալիստիկ, 4՝ թևավոր հրթիռներ, 47 անօդաչու սարք։
Հորդանանում բանակը խոցել է երկրի ներսում թիրախավորված երկու հրթիռ։ Արդյունքում երկու մարդ վիրավորվել է, սակայն նրանց վիճակը կայուն է։
Քուվեյթը, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան նույնպես հայտնել են, որ խոցել են իրենց տարածք ուղղված անօդաչու սարքեր։
Իրանական բանակը որոնողական գործողություններ է սկսել՝ ԱՄՆ կործանիչի օդաչուին գտնելու համար, որի ինքնաթիռը խոցվել է այսօր ավելի վաղ հակաօդային պաշտպանության համակարգով, գրել է «Ֆարս» գործակալությունը:
Տեղական հեռուստաալիքները կադրեր են ցուցադրել, որոնք, ըստ հաղորդագրության, խոցված ինքնաթիռի բեկորներն են։
Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին միանալ օդաչուի կամ օդաչուների որոնմանը՝ առաջարկելով պարգևատրում ամերիկացի զինծառայողներին հայտնաբերելու համար։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական գործողությունների համար, դեռևս չի արձագանքել այս տեղեկությանը։
Սա առաջին դեպքն է, երբ Իրանի տարածքում խոցվել է ԱՄՆ կործանիչ՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողություններից ի վեր։
Իսրայելի զինված ուժերը շաբաթ առավոտյան հայտարարել են, որ սկսել են հարվածել Բեյրութում գտնվող լիբանանյան «Հեզբոլլա» զինյալ խմբավորման ենթակառուցվածքներին։
Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները նախօրեին հայտարարել են, որ Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։
Հաղորդվում է, որ խոցվել է ամերիկյան F-15E ինքնաթիռն ու A-10 կործանիչը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռի խոցումը չի ազդի Իրանի հետ մեկ ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների վրա, հաղորդում է NBC News-ը։
Ադրբեջանը Իրան է ուղարկել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ օգնություն ուղարկելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահի և Իրանի նախագահի միջև հեռախոսազրույցից հետո։
Ընդհանուր 200 տոննա քաշով մարդասիրական բեռը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ: