Քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ անավարտ կամուրջներին հարվածելը, իրանցիներին չի ստիպի հանձնվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի կամուրջները և էլեկտրակայանները թիրախավորելու սպառնալիքին։
«Յուրաքանչյուր կամուրջ և շենք ավելի ամուր կվերականգնվի։ Ի՞նչը երբեք չի վերականգնվի․ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը», - X-ում գրել է Արաղչին։
Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին էլ զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ իրանական էլեկտրակայաններին հարվածներով, Իրանը կհարձակվի տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների և ամերիկացի բաժնետերեր ունեցող տեղեկատվական և հեռահաղորդակցական ընկերությունների վրա։
Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել էր, որ մոտ են առաջիկայում ԱՄՆ բոլոր ռազմական նպատակներին հասնելուն. «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք: Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է», - ասել է Թրամփը:
Իրանի ԱԳ նախարարը X-ում արված գրառմամբ նշել է. «Կա ակնառու տարբերություն ներկայիս և քարե դարի միջև. այն ժամանակ Մերձավոր Արևելքում ո՛չ նավթ էր արդյունահանվում, ո՛չ էլ գազ: Արդյո՞ք նախագահը և նրան պաշտոնի նշանակած ամերիկացիները վստահ են, որ ուզում են ժամանակը հետ շրջել»,- գրել է Արաղչին:
ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումն Իրանի դեմ սկիզբ է առել փետրվարի 28-ին։ Իրանն ի պատասխան հարվածում է Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Ծոցի երկրներին։