Վերջին օրերի ինտենսիվ հարվածների ֆոնին՝ Ռուսաստանի Ատոմային էներգիայի պետական կորպորացիան գիշերը Բուշերի ատոմակայանի ևս 150 աշխատակցի է տարհանել երկրից: Նրանք Հայաստանով վերադառնում են Ռուսաստան: «Ռոսատոմ»-ը հայտնել է, որ մոտ 450 աշխատակից դեռ աշխատում է Իրանի միակ գործող ատոմակայանում:
Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, թե աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի մեկ բարելի համար, քանի դեռ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը չի ավարտվել։ Անցած գիշեր Իրանի բանկերին հասցված հարվածներից հետո երկրի ռազմական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆագարին նաև սպառնացել է համարժեք պատասխանով՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ համագործակցող բանկերի վրա։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է «շուտով» ավարտվել, պնդելով, որ «գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու»։
Ամերիկյան Axios լրատվական կայքին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ պատերազմը «հիանալի է ընթանում», և ամերիկյան ուժերը ավելի շատ վնաս են պատճառել, քան ի սկզբանե ակնկալվում էր։
«Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք անցել։ Մենք ավելի շատ վնաս ենք հասցրել, քան հնարավոր էինք համարում նույնիսկ սկզբնական վեցշաբաթյա ժամանակահատվածում», - պնդել է Միացյալ Նահանգների նախագահը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, մինչդեռ, այսօր պնդել է, թե պատերազմը կշարունակվի «առանց որևէ ժամանակային սահմանափակման» և «այնքան, որքան անհրաժեշտ է», քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին։
Միջազգային էներգետիկ գործակալության անդամ 32 պետությունները համաձայնել են իրենց պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ֆոնին վառելիքի կտրուկ գնաճը զսպելու համար։
Սա նավթի ամենախոշոր բացթողումն է 50 տարուց ավելի գործող կազմակերպության պատմության մեջ։
Ըստ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի՝ պահուստներից ամենամեծ բաժինը կտրամադրեն ԱՄՆ-ն և Ճապոնիան։
Այս հայտարարության ֆոնին միջազգային շուկաներում նավթի գինը սկսել է կայունանալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հաղթել է» Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն հարձակվել, մինչև գործն ավարտին հասցվի:
«Երբեք վաղաժամ չէիք հայտարարի, թե հաղթել եք: Մենք հաղթել ենք», - վստահեցրել է Թրամփը Կենտուկի նահանգում հանրային հանդիպման ժամանակ՝ հավելելով. - «Առաջին իսկ ժամին դա ավարտված էր»:
Այդուհանդերձ, Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները հասկացրել են, որ հարձակումների դադար չի լինելու:
«Մենք չենք ցանկանում շուտ հեռանալ, չէ՞: Մենք պետք է ավարտենք գործը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը դատապարտել է Իրանի հարձակումները Պարսից ծոցի պետությունների և տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Բանաձևը, որին Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են քվեարկել, պահանջում է դադարեցնել «Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումները»:
Շարունակվող պատերազմի ֆոնին դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Չնայած Միջազգային էներգետիկ գործակալությունը երեկ հայտարարեց, որ նավթի պահանջարկը բավարարելու համար 400 մլն բարել նավթ կօգտագործվի ռազմավարական պաշարներից, նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով մեկ բարելի դիմաց 100 դոլարի շեմը:
Տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական բանկերին հարվածելու Իրանի երեկվա սպառնալիքից հետո, ամերիկյան խոշորագույն Citibank-ը Associated Press-ին հայտնել է, որ կփակի իր բոլոր մասնաճյուղերը Ծոցի երկրներում, բացառությամբ մեկի։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր հարվածներ են հասցրել Իրանի կառավարական ենթակառուցվածքներին: Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել Արաք, Ֆարդիս քաղաքները, կա մեկ զոհ և վիրավորներ: Հարվածել են նաև Թեհրանից ոչ հեռու գտնվող Ռաբաթ Քարիմի արդյունաբերական գոտուն, այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս հարվածների ֆոնին Շվեյցարիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում:
Պատերազմի ընթացքում Իրանում ավելի քան 200 քաղաք է հարձակման ենթարկվել, զոհերի թիվն անցնում է 1300-ը, վիրավորներինը՝ 12,000-ը:
Զուգահեռ Իսրայելը նաև հարվածում է Լիբանանին: Բանակը հայտարարել է, որ երկրի հարավում ոչնչացրել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի հրթիռների արձակման կետեր և զինապահեստներ: Իսրայելական հարվածներից զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ Բեյրութում:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումն իր հերթին հայտարարել է, որ գիշերը 100 հրթիռ է արձակել իսրայելական քաղաքների և բազաների վրա՝ ամենամասշտաբային հարձակումը պատերազմի սկսվելուց հետո: Տուժածների մասին չի հաղորդվում, վնասվել է ռազմական տեխնիկա:
Լիբանանում պատերազմի ընթացքում սպանվել է 634, վիրավորվել ավելի քան 1500 մարդ:
UNICEF-ի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում ավելի քան 1100 երեխա է վիրավորվել կամ սպանվել:
Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի անվտանգության գործակալության՝ Շին Բեթի գլխավոր շտաբին և իսրայելական երկու ավիաբազայի։ Իսրայելում իրանական հարվածներից առ այսօր սպանվել է 14 մարդ, վիրավորվել ավելի քան 2000-ը, որից 179-ը՝ վերջին 24 ժամում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ Թեհրանը մի կողմ կդնի «զսպվածությունը», եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը հարձակվեն Պարսից ծոցում գտնվող կղզիներից որևէ մեկի վրա։
«Իրանական հողի դեմ ցանկացած ագրեսիա հունից կհանի մեր զսպվածությունը, և Պարսից ծոցը կներկվի զավթիչների արյունով», - գրել է Ղալիբաֆը X-ում։
Գրառումից պարզ չէ, թե որ կղզիների մասին է խոսքը, սակայն մինչ այդ ամերիկյան Axios-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին գրել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Խարկի գրավման հնարավորությունը։
Պարսից ծոցի հյուսիսում՝ Իրանի ափերից մոտ 25 կմ հեռու գտնվող այդ փոքր կղզին համարվում է Իրանի նավթային տնտեսության ողնաշարը. այստեղով է արտահանվում իրանական նավթի 90 տոկոսը: