Ինջիրլիքում գտնվող ռազմակայանը թուրքական է, այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Այնտեղ ամերիկացի զինվորների ներկայությունը չի նշանակում, որ կայանը Ամերիկայինն է», - ընդգծել է գերատեսչությունը։
Իրաքի ափերի մոտ այսօր առավոտյան իրանական կողմից հարվածի է ենթարկվել Մալթայի դրոշի ներքո նավարկող տանկեր՝ վրացական անձնակազմով, որի բոլոր 23 անդամները փրկվել են, «Ազատության» վրացական ծառայությանը հայտնել է նավաստիներից մեկի հարազատը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Մալթան ներկայացնող տանկերից բացի վնասվել է նաև մեկ այլ՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, Իրաքի պետական կազմակերպության կողմից վարձակալված նավթատար նավ։ Բաղդադի հաղորդմամբ՝ նավաստիներից մեկը զոհվել է, 38-ը փրկվել են։
Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ տանկերների վրա իրանական ուժերն են հարձակվել:
Փետրվարի 28-ից Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի սկսվելուց ի վեր մինչև 3.2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Իրանում, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR):
Գործակալությունը նշում է, որ այս գնահատականը հիմնված է երկրի տարբեր մասերում տեղահանվածների մասին նախնական գնահատականների վրա։
«Այս թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, ինչը վկայում է մարդասիրական կարիքների մտահոգիչ սրման մասին», - ասվում է գործակալության հայտարարությունում:
Նավթի գները այսօր կրկին բարձրացել են՝ մի քանի ժամ մեկ բարելը վաճառվել է ավելի քան 100 դոլարով, չնայած ռազմավարական պահուստներից 400 միլիոն բարել բաց թողնելու՝ Միջազգային էներգետիկ գործակալության երեկվա որոշմանը։
Դրանից հետո՝ անցած ժամերին, Իրանը նոր հարձակումների ալիք է սկսել, Իրաքի ջրերում հարձակման է ենթարկել նավթատար երկու տանկեր՝ է՛լ ավելի խորացնելով շուկայի անհանգստությունն ու անորոշությունը։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «մի քանի րոպեից» իր առաջին ուղերձը կհրապարակի, հաղորդել է նրա պաշտոնական Տելեգրամ ալիքը՝ առանց մանրամասնելու՝ դա կլինի ձայնագրված ուղերձ, թե գրավոր հայտարարություն։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։
Ընտրությունից հետո հրապարակված առաջին ուղերձում, որը ընթերցվել է հեռուստատեսության մեկնաբանի կողմից, Մոջթաբան ասել է, որ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները պետք է փակվեն, զգուշացրել՝ դրանք կարող են հարձակման ենթարկվել։
Իրանը կլուծի իր նահատակների արյան վրեժը և փակ կպահի Հորմուզի նեղուցը՝ որպես ճնշման միջոց, իր ելույթում նաև սա է հայտարարել Մոջթաբա Խամենեին:
Խամենեին ասել է, որ տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, այլապես դրանք հարձակման կենթարկվեն. «Մենք հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում ենք միայն բազաները, և մենք անխուսափելիորեն կշարունակենք այդ հարվածները»:
Իրաքում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ է օդում վթարի ենթարկվել:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի համար, մարտի 12-ի ուշ երեկոյան հայտնել է, որ KC-135 լիցքավորող ինքնաթիռի վթարը «թշնամու կամ ընկերական կրակի արդյունք չի եղել»: Նշվում է, որ երկրորդ նման ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Իսրայելում:
«Միջադեպը տեղի է ունեցել բարեկամական օդային տարածքում «էպիկական զայրույթ» գործողության ժամանակ»,- հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը՝ օգտագործելով Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ռազմական անվանումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ֆուտբոլի հավաքականը կարող է մասնակցել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն, նրա կարծիքով, նրանց ներկայությունն այնտեղ տեղին չէ «իրենց իսկ անվտանգության համար»:
Հինգշաբթի ուշ երեկոյան Իրանի ֆուտբոլի ասոցիացիան սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգներին չպետք է թույլատրվի անցկացնել աշխարհի առաջնությունը, քանի դեռ նրանք չեն կարող երաշխավորել խաղացողների անվտանգությունը:
«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմական միջազգային իրադարձություն է, և դրա կազմակերպիչը ՖԻՖԱ-ն է, այլ ոչ թե որևէ այլ երկիր»,-ասվում է դրանում:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որի հայրը՝ նախկին գերագույն առաջնորդը, սպանվել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի առաջին օրը, ողջ է, բայց «վիրավոր»:
Խամենեիի առաջին մեկնաբանությունները հինգշաբթի օրը ընթերցվել են հեռուստահաղորդավարի կողմից: