ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆստրոմն այսօր Ստամբուլում կհանդիպի Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաների հետ՝ առաջիկա աշխարհի առաջնությանը այդ երկրի հավաքականի մասնակցությունը քննարկելու համար։ «ՖԻՖԱ-ի պաշտոնյան «հավաստիացումներ» կառաջարկի Իրանի մասնակցության վերաբերյալ», - Reuters-ին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։
Աշխարհի գավաթի խաղերը կմեկնարկեն հունիսի 11-ից և կշարունակվեն մինչև հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իրանի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք խաղերը նախատեսված են Ամերիկայի տարածքում, սակայն թիմի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ է՝ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։
Վաշինգտոնում երկու օր շարունակված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 45 օրով երկարաձգել հրադադարը և շարունակել հանդիպումները առաջիկա շաբաթներին:
«Ապրիլի 16-ին մարտական գործողությունների դադարեցումը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», - X-ում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը՝ հավելելով, որ երկու երկրների միջև տասնամյակների հակամարտության կարգավորման բանակցությունները «շատ արդյունավետ էին»:
Հրադադարը չերկարաձգվելու դեպքում ավարտվելու էր կիրակի օրը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի կոչ է արել՝ հայտարարելով նաև, որ ծովային ուղիները պետք է «որքան հնարավոր է շուտ» վերաբացվեն։
«Հնարավորինս շուտ պետք է հասնել համապարփակ և երկարատև հրադադարի՝ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնումը խթանելու համար», - ասվում է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։
«Միջազգային հանրության կոչերին ի պատասխան՝ ծովային ուղիները պետք է վերաբացվեն հնրավորինս շուտ» - նշում են ԱԳՆ-ից՝ առանց կոնկրետ մատնանշելով Հորմուզի նեղուցը, որը պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանը փաստացի փակ է պահում, իսկ ԱՄՆ-ն էլ շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։
Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարությունը տարածել է, երբ պետական այցով երկրում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել Թեհրանի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ Իրանը մերժեց ամերիկյան վերջին առաջարկը։
«Ես չեմ պատրաստվում շատ ավելի համբերատար լինել։ Նրանք պետք է գործարք կնքեն», - Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական այցով Չինաստանում գտնվող ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով,- «Ցանկացած բանական մարդ գործարք կկնքեր, բայց նրանք կարող են խելագարներ լինել»։
Իրանի հարստացված ուրանը երկրից հանելու հարցին Թրամփը պատասխանել է, որ «ավելի լավ» կզգար, եթե ստանար ուրանը՝ հավելելով, որ խնդիրն «ավելի շատ հանրային կապերի հարց» է։
Թեմային նախագահ Թրամփը նախկինում ավելի կոշտ էր անդրադառնում՝ հայտարարելով, որ հարստացված ուրանը, որը կարող է օգտագործվել միջուկային զենք պատրաստելու համար, կհեռացվի երկրից անգամ առանց Իրանի կառավարության համաձայնության։
Չնայած իր դժգոհություններին, Թրամփն ասել է, որ Իրանի ներկայիս ղեկավարները «ողջամիտ» մարդիկ են։ Իրանի նախկին ղեկավարության մեծ մասը սպանվել է փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածների ժամանակ։
Պեկինում հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ նպաստելու էներգակիրների ազատ տեղաշարժմանը, հայտնում է Սպիտակ տունը։
CNBC-ի հետ զրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը Չինաստանի լավագույն շահից է բխում։
«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ կարող են», - ասել է Բեսենթը՝ հավելելով, որ կարծում է՝ Պեկինը կուլիսներում կաշխատի։
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է. «Նախագահ Սին նաև հստակ ընդգծել է Չինաստանի ընդդիմությունը նեղուցի ռազմականացմանը, ինչպես նաև նեղուցի օգտագործման համար վճարների գանձմանը։ Նա նաև հետաքրքրություն է հայտնել ավելացնել ամերիկյան նավթի գնումները՝ նվազեցնելու հետագա կախվածությունը նեղուցից»։
Ըստ Սպիտակ տան՝ Սին և Թրամփը համաձայն են նաև, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։
Չինական կողմից որևէ անդրադարձ ամերիկյան հաղորդագրությունում տեղ գտած պնդումներին առայժմ չկա։ Հաղորդվում է, որ քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ առանց ուղիղ նշելու Հորմուզի նեղուցի թեման։
Պարսից ծոցում արգելափակված ճապոնական նավը հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչին։
X-ի գրառմամբ Տակաիչին մանրամասնել է, որ նավն այսօր դուրս է եկել Հորմուզի նեղուցից՝ ուղևորվելով Ճապոնիա։ Անձնակազմի չորս անդամներ ճապոնացի են։
Կառավարությունը բազմիցս փորձել էր ապահովել նավի անցումը նեղուցով՝ ուղիղ կապ հաստատելով նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Միևնույն ժամանակ, վարչապետը փաստել է, որ Ճապոնիայի հետ փոխկապակցվող ևս 39 նավ շարունակում է արգելափակված մնալ Պարսից ծոցում։
Ճապոնիայի ղեկավարը հավաստիացրել է, որ իր կառավարությունը կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի բոլոր նավերը, այդ թվում՝ ճապոնական, կարողանան որքան հնարավոր է շուտ անցնել Հորմուզի նեղուցով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր կոչ է արել BRICS երկրներին դատապարտել «միջազգային իրավունքի խախտումները Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, այդ թվում՝ «նրանց անօրինական ագրեսիան Իրանի դեմ»։
Արաղչիի այս ելույթը՝ Նյու Դելիում անցնող գագաթնաժողովում, էլ ավելի է ընդգծել տարաձայնությունները կազմակերպության ներսում, որին անդամակցում են տարածաշրջանային մրցակիցներ՝ Իրանը և Միացյալ Արաբական Էմիրությունները։
Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը շարունակում է բաց մնալ դիվանագիտության համար, սակայն միաժամանակ պատրաստ է պաշտպանվել՝ «բոլոր հասանելի միջոցներով»։
Իրանը, կարծես, վերջին օրերին ամրապնդել է իր վերահսկողությունը աշխարհին` էներգակիրների մատակարարման հարցում առանցքային նեղուցի նկատմամբ, համաձայնագրեր կնքելով Իրաքի և Պակիստանի հետ, հաղորդում է «Ռոյթերզը», հղում անելով իր աղբյուրներին։
«Այս պատերազմի ավարտից հետո նահանջ չի լինի», - ըստ ISNA-ի, ասել է զինված ուժերի խոսնակը։ Կողմերի միջև բանակցություններն առայժմ էական արդյունք չեն տվել։
Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել միջուկային ծրագիրը և վերացնել նեղուցի վրա վերահսկողությունը, մինչդեռ Իրանը պահանջում է փոխհատուցել փետրվարի վերջին սկսված պատերազմի բնասները, վերացնել ԱՄՆ շրջափակումը և դադարեցնել մարտերը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ Իսրայելը պայքարում է Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի դեմ։
Նախագահ Թրամփը «անպետք աղբ» է որակել Թեհրանի այդ դիրքորոշումները։
Լիբանանը հայտնում է, թե իսրայելական կողմի հարվածից ևս 12 մարդ է զոհվել՝ վաղը ԱՄՆ միջնորդությամբ մեկնարկող բանակցությունների շեմին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում երկու երեխա կա։
Իսրայելական կողմը պնդում է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի ահաբեկիչներին, հորդորելով տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։
ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը սկզբում հայտարարվել էր տասն օրով, ապա երկարաձգվել երեք շաբաթով, ինչը նշանակում է, որ ժամկետը պետք է լրանա այս շաբաթվա վերջին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղվանից երկօրյա բանակցություններ է անցկացնելու՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի հասնելու համար»:
Նախքան Պեկին մեկնելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ օրակարգի առանցքում Իրանի հետ պատերազմը չէ, այլ առևտուրը, հայտնում է Associated Press-ը։
Նախքան Վաշինգտոնից մեկնելը Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին, թե ի՞նչ ուղերձ է հղում նախագահ Սիին՝ Իրանի պատերազմի առնչությամբ։
«Երկար քննարկում ենք ունենալու այդ մասին։ Կարծում եմ՝ հարաբերական առումով, նա բավականին լավն է եղել։ Նայե՛ք շրջափակմանը, խնդիր չկա։ Նրանք իրենց նավթի մի զգալի մաս այդ տարածքից են ստանում, բայց մենք խնդիր չենք ունեցել», - նշել է Թրամփը՝ հավելելով, որ Սի Ծինփինն իր ընկերն է, որի հետ կարողանում է «լեզու գտնել»։
Իրանի հարցում ԱՄՆ-ն Չինաստանի աջակցության կարիքն ունի՞, հարցրեց մեկ այլ լրագրող։
«Ոչ, չեմ կարծում, թե մեզ որևէ աջակցություն է պետք Իրանի հետ կապված։ Մենք կհաղթենք այս կամ այն կերպ՝ կհաղթենք խաղաղ կամ այլ միջոցներով», - պատասխանել է նախագահը։