Արաբական Միացյալ Էմիրությունները գաղտնի ռազմական հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան իր տարածքի վրա Թեհրանի հարձակումների, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ այդ հարվածներից մեկը ապրիլի սկզբին հասցվել է Պարսից ծոցում գտնվող իրանական Լավան կղզու նավթավերամշակման գործարանին։ Այդ շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարի մասին։
Իրանը ժամանակին հայտարարել էր, որ Լավանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է «թշնամական հարձակման»։ Դրանից հետո Թեհրանը մի շարք հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ էր հասցրել ԱՄԷ-ի և Քուվեյթի ուղղությամբ, գրում է WSJ-ը։
Աբու Դաբին պաշտոնապես չի հաստատել Իրանի դեմ հարվածներ հասցնելու տեղեկությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից և վերջին շաբաթների համեմատ ավելի լուրջ է քննարկում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներ։
Ըստ նրանց՝ Թրամփին հատկապես զայրացրել է Հորմուզի նեղուցի փակ լինելը, ինչպես նաև այն, որ Իրանի ղեկավարության ներսում տարաձայնությունները, Վաշինգտոնի կարծիքով, խոչընդոտում են միջուկային բանակցություններում էական առաջընթացին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը կայցելի Կատար՝ Իրանի պատերազմի, Պարսից ծոցի վրա դրա ազդեցության և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու շուրջ բանակցությունների, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Իրանի հարևան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների, Իրանի և բանակցություններում միջնորդ Պակիստանի հետ։ Անկարան մինչ օրս բազմիցս է կոչ արել դադարեցնել հակամարտությունը՝ միաժամանակ դատապարտելով Իրանի վրա հարձակումները և քննադատելով Թեհրանի հարվածները Պարսից ծոցի երկրների վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակապես անընդունելի» է որակել Իրանի պատասխանը խաղաղության ամերիկյան առաջարկին։
«Հենց նոր կարդացի Իրանի` այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Չեմ հավանում․ բացարձակապես անընդունելի է», - Truth Social-ում արված գրառման մեջ նշել է Թրամփը՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք սա կհանգեցնի Իրանի դեմ օդային հարվածների վերսկսմանը։
Մինչ Սպիտակ տան ղեկավարի գրառումը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Tasnim գործակալությունը հրապարակել էր Թեհրանի ենթադրյալ պատասխանի մանրամասները։ Ըստ հրապարակման, Իրանը պահանջել էր վերացնել բոլոր պատժամիջոցները, դադարեցնել ծովային շրջափակումը և բացառել հետագա հարձակումները «բոլոր ճակատներում»՝ թե՛ Իրանում, թե՛ Լիբանանում։
Իրանի պետական լրատվամիջոցներով հայտարարվել էր, թե ամերիկյան առաջարկի ընդունումը Թեհրանի համար կնշանակի «հանձնվել առավելապաշտական պահանջներին»։
Իրանը պաշտոնապես պատասխանել է պատերազմն ավարտելու վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկությանը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
IRNA-ի հրապարակումը շատ մանրամասներ չի ներառում, նշվում է միայն, որ պատասխանը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդներին, այս փուլում կենտրոնանալու է պատերազմն ավարտելու վրա։
Կատարի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կատարի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, հայտնում է Կատարի ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ Ալ-Թանին, որը նաև Կատարի վարչապետն է, Հորմուզի նեղուցի խնդրին է անդրադարձել՝ ընդգծելով, որ նավարկության ազատությունը փոխզիջումների ենթակա չէ։
«Հորմուզի նեղուցը փակելը որպես ճնշման խաղաթուղթ օգտագործելը կհանգեցնի միայն ճգնաժամի խորացմանը և տարածաշրջանի երկրների կենսական շահերի վտանգմանը», - զրույցի ժամանակ ասել է ալ-Թանին՝ մատնանշելով նաև նեղուցի փակ մնալու հնարավոր բացասական հետևանքները համաշխարհային էներգիայի և սննդի մատակարարումների վրա։
Ալ-Թանին Արաղչիին փոխանցել է, որ Դոհան լիովին աջակցում է ճգնաժամը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու միջնորդական ջանքերին՝ կարևոր համարելով, որ կողմերի արձագանքներն այնպես լինեն, որ նպաստեն բանակցությունների առաջմղմանը և սահմանափակեն նոր էսկալացիայի հնարավորությունները։
Թեհրանից մանրամասներ առայժմ չեն հայտնել հեռախոսազրույցի մասին։
Կատարից հայտարարել են, որ ԱԹՍ-ն հարվածել է երկրի ափամերձ ջրերում նավարկող Աբու Դաբիից մեկնած բեռնանավին։
Հնարավոր չի եղել անմիջապես հստակեցնել, թե որտեղից է արձակվել ԱԹՍ-ն, սակայն վերջին շաբաթներին Իրանից են հարվածներ հասցրել Պարսից ծովով անցնող նավերին։
Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալությունն էր ավելի վաղ հայտարարել, որ «անհայտ ծագման արկը» Կատարի ափամերձ ջրերում նավի է հարվածել։
Արաբական Միացյալ Էմիրությունների զինուժն էլ իր հերթին հայտարարել է, որ հակօդային պաշտպանության համակարգերը Իրանից արձակված երկու անօդաչու են հայտնաբերել։
ԱՄՆ-Իրան հրադադարից ի վեր առաջին անգամ Քուվեյթից ևս հայտնել են, որ առավոտյան երկրի օդային տարածքը հատած մի քանի անօդաչուներ են հայտնաբերել։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործակալությունը հայտարարել է, որ «անհայտ ծագման արկը» Կատարի ափամերձ ջրերում բեռնանավի է հարվածել։
Ըստ գործակալության X-ում արած գրառման՝ հարվածը «փոքր հրդեհ» է առաջացրել նավի վրա։ Այն մեկուսացվել է։
Տուժածների կամ շրջակա միջավայրին հասցված վնասների մասին չեն հաղորդվում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա պետք է անմիջապես վերադառնար Դոհա, բայց փոխել է իր ծրագիրը և մեկնել Մայամի։
Axios-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Մայամիում գտնվելու ընթացքում ալ-Թանին զանգահարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարին՝ միջնորդական ջանքերը քննարկելու համար:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարավային Սաքսակիե քաղաքի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, և վիրավորվել է 15 մարդ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել քաղաքում գտնվող «Հեզբոլա» շարժման զինյալներին՝ մեղադրելով նրանց իսրայելցի զինվորների դեմ հարձակումներ պլանավորելու մեջ։