Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, իսկ հրադադարը դեռ ուժի մեջ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը այն բանից հետո, երբ կողմերը Հորմուզի նեղուցում գիշերը կրակել են միմյանց վրա: ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է՝ եթե Իրանը համաձայնության չգա, լուրջ հետևանքների կբախվի:
«Եվ նրանք պետք է արագ ստորագրեն այդ համաձայնագիրը։ Բանակցությունները շատ լավ են ընթանում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ եթե այն չստորագրվի, շատ դժվարություններ կունենան … Ասեմ ձեզ, որ նրանք շատ ավելի են ուզում ստորագրել այն, քան ես», - ասել է Թրամփը:
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարը և մեկ այլ նավ, ինչպես նաև «օդային հարձակումներ» է իրականացրել մի քանի ափամերձ տարածքների վրա։
Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ինքնապաշտպանվել է և պատասխանել նեղուցում ամերիկյան ռազմանավերի վրա Իրանի հարձակումներին։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև հեռախոսազրույցից հետո կողմերը հայտարարել են, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։
Սոցցանցի գրառմամբ նախագահ Թրամփը տեղեկացրել է, որ ֆոն դեր Լայենի հետ «շատ թեմաներ են քննարկվել։ Մենք լիովին միասնական ենք այն հարցում, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։
Առանձին գրառման մեջ ֆոն դեր Լայենը վերահաստատել է այս դիրքորոշումը։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համակարծիք են, որ «սեփական ժողովրդին սպանող ռեժիմը» չի կարող այնպիսի զինատեսակ ունենալ, որը միլիոնավոր մարդկանց կարող է սպանել։
«Համաս»-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայայի որդին սպանվել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով։
Ըստ տեղական աղբյուրների՝ Ազզամ Խալիլ ալ-Հայան երեկ վիրավորում է ստացել Ջաբալիա փախստականների ճամբարում՝ անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ։
Հիվանդանոցի հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման ժամանակ սպանվել է նաև պաղեստինյան զինյալ խմբավորման մեկ այլ անդամ։ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ ստուգում են այս տեղեկությունները։
Խալիլ ալ-Հայան «Համաս»-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է և մեկն այն բանագնացներից, որ մասնակցում էր Գազայի հատվածում կայուն խաղաղության հաստատման շուրջ հանդիպումներին։
«Համաս»-ի խոսնակ Հասեմ Կասեմը dpa-ին ասել է, որ սա ալ-Հայայի չորրորդ որդին է, որը սպանվել է Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Իսհաք Դարի հետ, քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Telegram-ի իր էջում տեղեկացնում է Արաղչին:
Կողմերն ընդգծել են «երկխոսության և դիվանագիտության» շարունակման, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Երկու երկրների արտգործնախարարների զրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանը քննարկում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, ով հանրության առջև չի երևացել մարտի սկզբից՝ այդ պաշտոնում նշանակվելուց և վիրավորում ստանալուց ի վեր։
Փեզեշքիանը չի նշել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել հանդիպումը։
«Այս հանդիպմանը ինձ ամենաշատը զարմացրեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսլականը և համեստ ու անկեղծ մոտեցումը», - ասել է նախագահը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում։
Խամենեին, որը վիրավորվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը և շաբաթներ անց նշանակվել երկրի գերագույն առաջնորդ՝ պատերազմում զոհված հոր փոխարեն, անցած երկու ամիսներին միայն գրավոր հայտարարություններ է հրապարակել։ Նրա գտնվելու վայրը շարունակում է մնալ անհայտ։
Իրանը հերքել է, թե իր զինված ուժերն առնչություն ունեն Հորմուզի նեղուցում հարավկորեական նավին հասցված վնասին:
Սեուլում Իրանի դեսպանատան հայտարարությունում նաև ասվում է, որ ջրային այս ճանապարհով անվտանգ անցումը պահանջում է Իրանի կանոնակարգերի խիստ պահպանում։
Երկուշաբթի Պանամայի դրոշի ներքո նավարկող հարավկորեական HMM նավի վրա պայթյուն էր տեղի ունեցել, ապա հրդեհ բռնկվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի համար մեղադրել է Իրանին:
Մինչդեռ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառը կհաստատվի միայն, երբ նավը քարշակվի նավահանգիստ և ստուգվի։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է լուրը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու նշաններ կան:
Նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։
«Որպես միջնորդներ՝ մենք չենք կորցնի երկու կողմերի վստահությունը և չենք բացահայտի մանրամասները», - ասվում է նախարարության հայտարարությունում:
Թեև նախարարությունը տեղեկություններ չունի, թե որ երկիրը կարող է հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի համար, սակայն նշել է՝ «մեզ համար պատիվ կլինի, եթե այն տեղի ունենա Իսլամաբադում»։
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Թրամփի հետ և երկու առաջնորդներն էլ համաձայն են, որ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից։
«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, և ամենակարևոր նպատակն Իրանից հարստացված նյութերի դուրսբերումն է և հարստացման հնարավորությունների ապամոնտաժումը։ Նախագահ Թրամփը կարծում է, որ կարող է դրան հասնել այս կամ այն կերպ», - ասել է Բենյամին Նեթանյահուն։
Այնուամենայնիվ, Նեթանյահուն զգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, և հենց այս հրահանգն է նա տվել Իսրայելի պաշտպանության բանակին և անվտանգության գործակալություններին։ «Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը և նրա դաշնակիցները ավելի թույլ են, քան երբևէ»,- ասել է նա։
Մակրոնը հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին հայտարարել է, որ կրկին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության կարևորությունը։
Մակրոնը հավելել է, որ Իրանի նախագահին կոչ է արել դիտարկել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած ծրագրերը՝ ստեղծելու միջազգային առաքելություն, որը հիմք կստեղծի Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։
«Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից, և մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - X-ում գրել է Էմանյուել Մակրոնը:
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն «ընդգծել է, որ Իրանը, միջազգային օրենքների շրջանակում, պատրաստ է լրջորեն շարունակել դիվանագիտական ուղիները՝ պատերազմին վերջ տալու և իրանցի ժողովրդի իրավունքների իրացման համար»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով Իրանում պատերազմը շուտով կավարտվի, մինչ այդ փորձելով համաձայնության հասնել՝ Հորմուզի նեղուցի և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղին հաղթահարելու համար։
«Երբ նայում ես, թե ինչեր են տեղի ունենում, մենք դա անում ենք մեկ շատ կարևոր պատճառով. մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Այնպես որ, կարծում եմ, մարդկանց մեծ մասը հասկանում է դա։ Նրանք հասկանում են, որ այն, ինչ մենք անում ենք, ճիշտ է, և դա արագ կավարտվի», - նախօրեին ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նախօրեին լրագրողներին նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության գան։
Նախօրեին Axios-ը և Reuters-ն իրենց աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմն ավարտելու հուշագրի համաձայնեցմանը: Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից: Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները և թույլ կտա օգտվել արևմտյան բանկերում իրանական սառեցված միջոցներից: Կողմերը նաև պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը։ Ըստ Axios-ի՝ մնացել է մի քանի կետ համաձայնեցնել: Իրանցի պատգամավոր Էբրահիմ Ռեզային, սակայն, հայտարարեց, որ Axios-ի հրապարակումն «ամերիկյան ցանկությունների ցուցակ» է, ոչ ավելին: