Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

09:06 20.4.2026

Պակիստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Հեռախոսազրույցը «ջերմ և կառուցողական» որակելով՝ Շահբազ Շարիֆը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է «տարածաշրջանային զարգացող իրավիճակը»։

«Ես գնահատում եմ Իրանի ներգրավվածությունը, այդ թվում՝ նրա բարձր մակարդակի պատվիրակության այցը Իսլամաբադ՝ պատմական բանակցություններին մասնակցելու համար, ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած վերջին քննարկումները ֆիլդմարշալ Սաեդ Ասիմ Մունիրի հետ», - գրել է Պակիստանի վարչապետը։

Շարիֆը վստահեցրել է Փեզեշքիանին, որ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության և տարածաշրջանային կայունության միջնորդի իր դերին։

08:43 20.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է գրավել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը:

Վաշինգտոնից հայտնում են՝ բեռնանավն ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է»։

«Այսօր, Իրանի դրոշի ներքո նավարկող TOUSKA բեռնանավը փորձել է անցնել մեր ծովային շրջափակումը, և լավ չստացվեց իրենց համար», - սոցցանցում նախօրեին գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու բազմաթիվ զգուշացումները:

«TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի համար ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- հայտարարել է Թրամփը։

Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Օմանի ծոցում իրանական առևտրային նավերից մեկի վրա կրակ բացելով հրադադարի ռեժիմը խախտելու համար և խոստացել է հակահարված տալ։

18:53 19.4.2026

Քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին ծովային շրջափակման ներքո է պահում, Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու՝ հղում անելով իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությանը, հաղորդում է Al Jazeera-ն։

18:28 19.4.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի գլխավորի ամերիկյան պատվիրակությունը Իրանի հետ սպասվելիք բանակցություններում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միակ պատճառն անվտանգությունն է», - ABC-ի եթերում ասել է Թրամփը՝ հավելելով, որ «Ջեյ Դին հրաշալի է»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

Նախագահն այլ մանրամասներ չի փոխանցել։


17:50 19.4.2026

Նախագահ Թրամփը մեղադրել է Իրանին նախօրեին Հորմուզի նեղուցում կրակոցներ արձակելու համար՝ դա «հրադադարի համաձայնության բացարձակ խախտում» որակելով։

Թրամփի խոսքով՝ Իրանի զինուժը մասնավորապես թիրախավորել է մեկ ֆրանսիական և մեկ բրիտանական նավ։ «Լավ բան չեն արել, չէ՞», - գրել է նա։

Անդրադառնալով Իրանի կողմից համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևորագույն ջրուղի Հորմուզի նեղուցը վերստին փակելու որոշմանը՝ Թրամփը նշել է․ «Դա տարօրինակ է, որովհետև մեր շրջափակումն արդեն իսկ փակել է նեղուցը։ Առանց հասկանալու օգնում են մեզ։ Արդյունքում՝ նրանք են տուժում՝ կորցնելով օրական 500 միլիոն դոլար։ Միացյալ Նահանգները ոչինչ էլ չի կորցնում», - ասել է Թրամփը։







17:44 19.4.2026

Ամերիկյան բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա չի հստակեցրել, սակայն, թե ո՞վ կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը։ Նախորդ շաբաթավերջի բանակցություններում Վաշինգտոնը ներկայացնում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դրանք հաջողությամբ չպսակվեցին։

«Մենք շատ արդար և տրամաբանական գործարք ենք առաջարկում, - սոցցանցում գրել է Սպիտակ տան առաջնորդը՝ նաև սպառնալով, - հուսով եմ, որ նրանք կընդունեն այդ գործարքը, որովհետև եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները»։

14:45 19.4.2026

Պատերազմի ընթացքում Թեհրանի 44,750 շենք-շինություն է վնասվել, հայտնում է Թեհրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության տնօրեն Ալի Նասիրին՝ վստահեցնելով, որ պետությունը կփոխհատուցի անձանց ունեցվածքի, կենցաղային պարագաների, կահույքի, մեքենաների և վերանորոգման աշխատանքների համար։

Նասիրին հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ կառավարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ «գույություն ունեցող տնտեսական իրողությունները» պետությանը թույլ չեն տալիս փոխհատուցել պատերազմի հետևանքով վնասված բնակարաններ ունեցող քաղաքացիներին։

Պատերազմից տուժած Թեհրանը
Պատերազմից տուժած Թեհրանը

Ըստ Ալի Նասիրիի՝ բնակելի շինություններին հասցված վնասները կարող են վերացվել «վերանորոգման փոքր աշխատանքներով»։

Լուրջ վնասներ կրած բնակարանների համար նախատեսված օժանդակությունը ներառում է հյուրանոցային կացություն կամ վարձով բնակարան, վերանորոգման համար վճարումներ, կենցաղային տեխնիկայի գնման քարտեր և վնասված տրանսպորտային միջոցների համար փոխհատուցում։

13:28 19.4.2026

Իրանը չի կարող ԱՄՆ-ին «շանտաժի ենթարկել», նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան առաջնորդն այս հայտարարությունն արել է համաշխարհային էներգետիկ մատակարարումների կարևորագույն ուղի Հորմուզի նեղուցը կրկին փակելու Թեհրանի որոշմանն ի պատասխան։

«Նրանք ո՛չ նավատորմ ունեն, ո՛չ օդուժ, ո՛չ ղեկավարներ․ ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է ղեկավարներին, այնտեղ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Դա ռեժիմի պարտադրված փոփոխություն է կոչվում․․․Նրանք կրկին ուզում էին փակել նեղուցը, ինչպես արել են տարիներ շարունակ։ Նրանք չեն կարող մեզ շանտաժի ենթարկել», - Օվալաձև աշխատասենյակում ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ շարունակում են «խոսել» Թեհրանի հետ։ Նա հավելել է, որ 47 տարվա մեջ ամերիկյան որևէ վարչակազմ «դեմ դիմաց չէր կանգնել» Իրանի հետ, իսկ նրա վարչակազմը արեց դա։

«Շատ լավ խոսակցություններ են ընթանում․․․Խոսում ենք նրանց հետ։ Կոշտ դիրք ենք ընդունել։ Նրանք շատ մարդ են սպանել, մեր զինվորներից շատերին», - նշել է Թրամփը։

12:42 19.4.2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող Իրանին զրկել միջուկային իրավունքներից՝ հղում անելով իրանական ISNA-ին, հայտնում է Reuters գործակալությունը։

«Թրամփն ասում է, որ Իրանը չի կարող իրացնել միջուկային իրավունքները, բայց չի ասում՝ ո՞ր մեղքի համար։ Ո՞վ է նա, որ պետությանը զրկի իրավունքներից», - ասել է Փեզեշքիանը։

12:11 19.4.2026

Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ, հայտարարել է Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանի գլխավոր բանակցող, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Անհնար է, որ ուրիշներն անցնեն Հորմուզի նեղուցով, այն դեպքում, որ մենք չենք կարող անցնել», - AP-ի փոխանցմամբ՝ ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստաեթերում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG