Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ, հայտարարել է Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանի գլխավոր բանակցող, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Անհնար է, որ ուրիշներն անցնեն Հորմուզի նեղուցով, այն դեպքում, որ մենք չենք կարող անցնել», - AP-ի փոխանցմամբ՝ ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստաեթերում։
Նախօրեին Իրանը որոշեց չեղարկել նեղուցը բացելու իր որոշումը, հաղորդել էր իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։
«Եթե ԱՄՆ-ն չվերացնի շրջափակումը, Հորմուզի նեղուցով տարանցումները վստահաբար կսահմանափակվեն», - ընդգծել է իրանցի պաշտոնյան։
Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ապրիլի 12-ին՝ Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների անարդյունք բանակցություններից հետո։
Համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևորագույն ջրուղին Իրանի կողմից փաստացի փակ էր պահվում փետրվարի 28-ից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ պատերազմի մեկնարկից հետո։
Թեհրանը Հորմուզը վերաբացելու մասին հայտարարեց ապրիլի 17-ին, այն բանից հետո, երբ ապրիլի 16-ին Իսրայելն ու Լիբանանը ամերիկյան միջնորդությամբ 10-օրյա հրադադար հաստատեցին։