Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ իսրայելցի զինվոր է զոհվել Լիբանանի հարավում մարտական գործողությունների ժամանակ՝ չնայած այս շաբաթ ուժի մեջ մտած ժամանակավոր հրադադարին։
Իսրայելի զինված ուժերը նաև հայտնել են, որ մարտերի ընթացքում վիրավորվել է ինը զինվոր։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
AFP-ի տվյալներով՝ սա «Հեզբոլա»-ի հետ վեցշաբաթյա պատերազմի ընթացքում Իսրայելի զինվորականների շարքում 15-րդ մահվան դեպքն է։
Սա մահվան 2-րդ դեպքն է, որի մասին հաղորդվում է Լիբանանի հարավում հայտարարված 10-օրյա հրադադարից հետո։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված չեն, նախօրեին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Ըստ Սաեդ Խաթիբզադեի՝ կողմերի միջև նախ «ըմբռնման շրջանակ» է պետք համաձայնեցնել։
«Մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելու վրա։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման և որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ, - ասել է Խաթիբզադեն՝ շարունակելով, - Մինչև շրջանակը չհամաձայնեցվի, ժամկետ չենք կարող որոշել․․․ Իրականում, զգալի առաջընթաց է գրանցվել։ Բայց հետո տեսանք մյուս կողմի առավելապաշտական մոտեցումը։ Իրանին միջազգային իրավունքի շրջանակից դուրս դնելու փորձերը կանխեցին, որ հասնենք համաձայնության»։
Իրանի խորհրդարանի խոսնակը և գլխավոր բանակցողը հայտարարել է, որ «մենք առաջընթաց ենք ունեցել» Վաշինգտոնի հետ բանակցություններում, բայց որ «դեռևս կան նաև տարաձայնություններ»։
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ասել է․ «Կան որոշ հարցեր, որոնք մենք առաջ ենք տանում… Նրանք նույնպես ունեն կարմիր գծեր։ Սակայն այս հարցերը կարող են լինել ընդամենը մեկ կամ երկու»։
Շատ դիտորդներ Ղալիբաֆին համարում են Թեհրանի վարչակարգի իրական ազդեցիկ ուժը։ Նա հաճախ հանդես է եկել կոշտ դիրքորոշումներով և մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստախոսության մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ խոսում է բանակցությունների առաջընթացի մասին։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն մարմինը հայտարարում է, որ Թեհրանը ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կողմից Պակիստանի բանակի հրամանատարի միջոցով ներկայացված «նոր առաջարկները», սակայն դեռևս պատասխան չի տվել։
Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ առաջարկները ներկայացվել են վերջին օրերին։
Այնուամենայնիվ, ընդգծվել է, որ Իրանի բանակցային թիմը «նույնիսկ ամենափոքր փոխզիջման, նահանջի կամ զիջման չի գնա» և կպաշտպանի ազգային շահերը «իր ողջ ուժով»։
Իրանը չեղարկել է Հորմուզի նեղուցը բացելու իր որոշումը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Իրանի զինված ուժերի միասնական հրամանատարական կառույցի կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նեղուցի վերահսկողությունը «վերադարձել է իր նախկին վիճակին» և կրկին գտնվում է խիստ ռազմական հսկողության տակ։
Էբրահիմ Զուլֆաքարին ասել է, որ Թեհրանն ավելի վաղ «բարի մտադրություններով» համաձայնել էր թույլ տալ նավթատարների և առևտրային նավերի սահմանափակ անցում հրադադարի ընթացքում, սակայն «ցավոք, ամերիկացիները շարունակում են «շրջափակումը»։
Իրանը հայտարարել է իր օդային տարածքի մասնակի բացելու մասին՝ պատերազմի պատճառով յոթ շաբաթ տևած դադարից հետո, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:
Պետական IRAN-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի արևելյան հատվածով անցնող օդային ուղիները վերաբացվել են առավոտյան ժամը 7-ին: Նշվում է, որ երկրի օդանավակայաններում թռիչքները աստիճանաբար կվերսկսվեն, բայց ժամկետ չի նշվել։
Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը:
«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ», - ասված է ԱԳՆ X-ի էջում արված գրառման մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել, քանի որ բանակցությունները նախատեսված է շարունակել շաբաթավերջին։
«Մերձավոր Արևելքում, Իրանի հետ, ամեն ինչ շատ լավ է ընթանում»,— ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների «շրջափակումը» «շատ հաջող է եղել» և նախկին միջոցների հետ միասին ուժեղացրել է Վաշինգտոնի դիրքերը բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հնարավոր համաձայնագրի մի շարք տարրեր արդեն քննարկվել են և որոշ դեպքերում՝ համաձայնեցվել։
Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց կլինի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ընթացքում՝ Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ֆոնին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը։ Նավթի գները միջազգային շուկաներում միանգամից նվազել են մոտ տասը տոկոսով։
Լիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել:
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը կմնան Լիբանանի հարավում իր ստեղծած «անվտանգության գոտում» և բնակիչներին զգուշացրել է չվերադառնալ այդ տարածք։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մի շարք երկրներ ողջունել են հրադադարը, ըստ որի՝ Իսրայելն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնապաշտպանվելու համար։ Լիբանանն էլ պետք է կանխի «Հեզբոլլահ»-ի և մյուս «զինված խմբավորումների» հարձակումներն Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է շարունակի միջնորդությունը՝ «մնացած բոլոր հարցերը լուծելու» համար։
Հրադադարի հաստատումից ժամեր անց, սակայն, Լիբանանի բանակն Իսրայելին մեղադրել է այն մի քանի անգամ խախտելու համար: