Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ բանագնացները վաղը կլինեն Պակիստանում

Ամերիկացի բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի գլխավորի ամերիկյան բանակցային պատվիրակությունը։ Նախորդ շաբաթավերջի բանակցություններում Վենսն էր ներկայացնում Վաշինգտոնը։

«Մենք շատ արդար և տրամաբանական գործարք ենք առաջարկում, - սոցցանցում գրել է Սպիտակ տան առաջնորդը՝ նաև սպառնալով, - հուսով եմ, որ նրանք կընդունեն այդ գործարքը, որովհետև եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները»։

Նա հավելել է, որ գործարքի չհասնելու դեպքում իր համար «մեծ պատիվ կլինի անել այն, ինչ պետք է արվեր Իրանի հետ վերջին 47 տարիներին՝ նախորդ նախագահների կողմից»:

Նախագահ Թրամփը նաև մեղադրել է Իրանին նախօրեին Հորմուզի նեղուցում կրակոցներ արձակելու համար՝ դա «հրադադարի համաձայնության բացարձակ խախտում» որակելով։

Թրամփի խոսքով՝ Իրանի զինուժը մասնավորապես թիրախավորել է մեկ ֆրանսիական և մեկ բրիտանական նավ։ «Լավ բան չեն արել, չէ՞», - գրել է նա։

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Իրանի կողմից համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևորագույն ջրուղի Հորմուզի նեղուցը վերստին փակելու որոշմանը։

«Դա տարօրինակ է, որովհետև մեր շրջափակումն արդեն իսկ փակել է նեղուցը։ Առանց հասկանալու օգնում են մեզ։ Արդյունքում՝ նրանք են տուժում՝ կորցնելով օրական 500 միլիոն դոլար։ Միացյալ Նահանգները ոչինչ էլ չի կորցնում», - ասել է Թրամփը։

Նա գրառումը եզրափակել է՝ հայտարարելով․ «Ժամանակն է վերջ դնել Իրանի սպանության մեքենային»։

Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ․ Tasnim

Քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին ծովային շրջափակման ներքո է պահում, Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու, հայտնում է իրանական Tasnim գործակալությանը։

Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանական խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց «դեռևս կան նաև տարաձայնություններ»։

ԱԳ նախարարի տեղակալ Սաեդ Խաթիբզադեն էլ իր հերթին հետագա բանակցությունները կապել էր «ըմբռնման շրջանակի» համաձայնեցման հետ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG