Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի «առողջական վիճակը լավ է», և նա «լիովին վերահսկում է իրավիճակը», Alaraby Aljadeed հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
Մոջթաբա Խամենեին, որը վիրավորվել է պատերազմի առաջին օրը, դեռ չի ներկայացել հանրությանը։ Պատերազմի ընթացքում նա մեկ անգամ ուղերձ է հղել մարտի 12-ին, ընդ որում՝ միայն տեքստային, ինչը հարցեր է առաջացրել նրա առողջական վիճակի մասին։
Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը ողջունում է ցանկացած «տարածաշրջանային նախաձեռնություն, որը կհանգեցնի պատերազմի արդարացի ավարտին», իսկ Հորմուզի նեղուցը «բաց է բոլորի համար` բացառությամբ ամերիկյան նավերի և [ԱՄՆ] դաշնակիցների նավերի»։
Արաղչիի հավաստմամբ՝ «մինչ օրս պատերազմը դադարեցնելու որևէ հատուկ նախաձեռնություն սեղանին չկա»։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահը NBC-ին տված հարցազրույցում ասել էր, թե Իրանի գերագույն առաջնորդը գուցե ողջ չէ։ «Ես չգիտեմ՝ նա ողջ է, թե ոչ։ Մինչև հիմա ոչ ոք չի կարողացել նրան ցույց տալ։ Ես լսել եմ, որ նա ողջ չէ, և եթե ողջ է, ապա պետք է իր երկրի համար շատ խելացի բան անի, և դա կլինի հանձնվելը», - ասել է Թրամփը։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում 108 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ նրանցից 96-ը ստացել են թեթև վնասվածքներ, երկուսի վիճակը միջին ծանրության է, իսկ 9-ը դեռ բուժզննում են անցնում։
Հակամարտության սկսվելուց ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելում 3 հազար 195 մարդու է բուժօգնություն է ցուցաբերվել ստացած վնասվածքների համար։ Նրանցից 81-ը կիրակի դեռ հիվանդանոցում են։
Նախարարությունը զոհերի թվի մասին տեղեկություն չի հրապարակել։ Al-Jazeera-ի տվյալներով՝ պատերազմում Իսրայելի զոհերի թիվն առնվազն 14 է:
Իսրայելի բանակը հայտնել է, որ այսօր «լայնածավալ» հարվածներ է հասցրել Իրանին։
Իրանի Ուրմիա քաղաքում 20 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են երկրի զինված ուժերի, ոստիկանության և անվտանգության ստորաբաժանումների գտնվելու վայրերի մասին Իսրայելին տեղեկություններ տրամադրելու համար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի կենտրոնական դատախազին, հայտնում է, որ նաև հարվածներ են հասցվել «Իսրայելի գործակալների հետ կապված մի քանի վարձկանների ցանցերի»։
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ շարունակում է Լիբանանում հարվածներ հասցնել Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորմանը պատկանող ենթակառուցվածքներին։
Իսրայելական բանակը հարվածել է Լիբանանի Ալ-Քաթրանի շրջանում գտնվող մի քանի արձակման կետերի՝ պնդելով, որ «Հեզբոլա»-ն պլանավորում էր «անմիջապես հրթիռներ արձակել» դրանցից։
Բանակը նաև հայտնում է, որ հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գտնվող «Հեզբոլա»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատին պատկանող հրամանատարական կենտրոններին։
Իրանի զինվորականները խոստացել են սպանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Իրանական կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «կշարունակի հետապնդել նրան և ուժով կսպանի»։
ԻՀՊԿ-ն նաև պնդել է, որ իր հարձակումների 52-րդ ալիքի ընթացքում ոչնչացվել են Իսրայելում գտնվող թիրախները և տարածաշրջանում երեք ամերիկյան բազաները։
Իրանի զինվորականները խոստացել են սպանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Իրանական կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «կշարունակի հետապնդել նրան և ուժով կսպանի»։
ԻՀՊԿ-ն նաև պնդել է, որ իր հարձակումների 52-րդ ալիքի ընթացքում ոչնչացվել են Իսրայելում գտնվող թիրախները և տարածաշրջանում երեք ամերիկյան բազաները։
Դոնալդ Թրամփը NBC News-ին ասել է, որ մի քանի երկրներ պարտավորվել են օգնել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում, թեև հրաժարվել է անուններ նշել։
Սպիտակ տան ղեկավարը նաև անտեսել է նավթի գների բարձրացման վերաբերյալ մտավախությունները։ «Այնքան շատ նավթ, գազ կա, այնքան շատ կա այնտեղ, բայց գիտեք, դրանց մատակարարումը մի փոքր արգելափակվել է։ Դա շատ շուտով կվերականգնվի», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ԱՄՆ-ն չի ցանկանում, քանզի գործարքի «պայմանները դեռ բավականաչափ լավը չեն», Միացյալ Նահանգների նախագահն ասել է ամերիկյան NBC News հեռուստաալիքին։
Հրաժարվելով ասել, թե որոնք կլինեն այդ պայմանները, Դոնալդ Թրամփը նշել է, որ միջուկային ցանկացած նկրտումներից հրաժարվելու Իրանի պարտավորությունը հնարավոր գործարքի մաս կկազմի։
Reuters լրատվական գործակալությունն էլ իր աղբյուրները վկայակոչելով հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը մերժել է Իրանի հետ պատերազմին վերջ դնելուն ուղղված դիվանագիտական բանակցություններ սկսելու՝ մերձավորարևելյան դաշնակիցների, այդ թվում՝ Օմանի, Եգիպտոսի ջանքերը: Սպիտակ տունը հասկացրել է, որ հետաքրքրված չէ նման շփումներով:
«Այժմ նրան դա չի հետաքրքրում, և մենք շարունակելու ենք ռազմական գործողությունը: Հնարավոր է՝ նման օր կգա, բայց ոչ հիմա», - ասել է ամերիկացի բարձրաստիճան աղբյուրը:
Պաշտոնական Թեհրանը, իր հերթին, մերժել է կրակի դադարեցման հնարավորությունը, քանի դեռ չեն դադարել ԱՄՆ և Իսրայելի հարվածները, Reuters-ին ասել են իրանցի երկու բարձրաստիճան աղբյուրներ: Իրանական կողմը պնդում է, որ պետք է դադարեցվեն ավիահարվածները և կատարվեն իր պահանջները, այդ թվում՝ փոխհատուցումը հրադադարի շուրջ հնարավոր համաձայնության շրջանակում:
Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության կորպուսում համոզված են, որ Իրանը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու դեպքում կպարտվի պատերազմում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թեև Իրանի ռազմավարական Խարգ կղզու մեծ մասը ոչնչացվել է Միացյալ Նահանգների օդային հարվածներով, ինքը կարող է հրահանգել հետագա հարձակումներ՝ Իրանի պատասխան հարձակումների հետևանքով նավթային արդյունաբերության խափանումների վերաբերյալ արաբական երկրների հաղորդումների ֆոնին:
«Մենք կարող ենք հարվածել [կղզուն] ևս մի քանի անգամ, պարզապես զվարճանքի համար», - ասել է Թրամփը երեկ NBC News-ին:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքը հետայսու լեգիտիմ թիրախ է իր երկրի համար:
«Աջակցություն ցուցաբերելով իսրայելական ռեժիմին անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներգրավվել է պատերազմում և, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի», - գրել է Ազիզին X սոցիալական ցանցում:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի հետ: Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ թագաժառանգ արքայազնի և նրա թիմի հետ հետ քննարկել է իրավիճակը Իրանում և ամերիկյան գործողության ընթացքը:
«Կարևոր է, որպեսզի իրանական ռեժիմը ոչ մի բանում չհաղթի, և որպեսզի մարդիկ Իրանում ավելի շատ հնարավորություններ ստանան պաշտպանելու իրենց կյանքը և որոշելու իրենց ճակատագիրը», - գրել է Զելենսկին: