Մատչելիության հղումներ

Թրամփը արևմտյան դաշնակիցներին և այլ երկրների կոչ է անում ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց

Հորմուզի նեղուցի մատույցներում՝ Օմանի Շինաս նավահանգստում խարսխված LPG տանկերը, 11-ը մարտի, 2026թ.
Հորմուզի նեղուցի մատույցներում՝ Օմանի Շինաս նավահանգստում խարսխված LPG տանկերը, 11-ը մարտի, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուցի շրջան՝ ապահովելու նեղուցով առևտրական նավերի անվտանգ անցումը: Այդ մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում:

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը «անողոք ռմբակոծելու է առափնյա գիծը և մշտապես գնդակոծելու է իրանական նավակներն ունավերը ջրում»: «Այսպես թե այնպես, շուտով Հորմուզի նեղուցը լինելու է ԲԱՑ, ԱՆՎՏԱՆԳ և ԱԶԱՏ», - պնդում է Սպիտակ տան ղեկավարը:

Մեկ այլ գրառմամբ Թրամփը վստահեցնում է, որ ԱՄՆ-ը արդեն «ջախջախել և ամբողջությամբ ոչնչացրել է Իրանը՝ ռազմական, տնտեսական և մյուս բոլոր առումներով», իսկ Հորմուզի նեղուցով անցնող նավթը գնող երկրներն «իրենք պետք է հոգան իրենց այդ անցման մասին»:

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

Reuters լրատվական գործակալությունն էլ իր աղբյուրները վկայակոչելով հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը մերժել է Իրանի հետ պատերազմին վերջ դնելուն ուղղված դիվանագիտական բանակցություններ սկսելու՝ մերձավորարևելյան դաշնակիցների, այդ թվում՝ Օմանի, Եգիպտոսի ջանքերը: Սպիտակ տունը հասկացրել է, որ հետաքրքրված չէ նման շփումներով:

«Այժմ նրան դա չի հետաքրքրում, և մենք շարունակելու ենք ռազմական գործողությունը: Հնարավոր է՝ նման օր կգա, բայց ոչ հիմա», - ասել է ամերիկացի բարձրաստիճան աղբյուրը:

Պաշտոնական Թեհրանը, իր հերթին, մերժել է կրակի դադարեցման հնարավորությունը, քանի դեռ չեն դադարել ԱՄՆ և Իսրայելի հարվածները, Reuters-ին ասել են իրանցի երկու բարձրաստիճան աղբյուրներ: Իրանական կողմը պնդում է, որ պետք է դադարեցվեն ավիահարվածները և կատարվեն իր պահանջները, այդ թվում՝ փոխհատուցումը հրադադարի շուրջ հնարավոր համաձայնության շրջանակում:

Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության կորպուսում համոզված են, որ Իրանը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու դեպքում կպարտվի պատերազմում:

«Այդ իսկ պատճառով, ԻՀՊԿ-ն չի ընդունի ոչ մի հրադադար, դրա շուրջ բանակցություններ կամ դիվանագիտական ջանքեր, իսկ Իրանի քաղաքական առաջնորդները չեն մասնակցի նման բանակցությունների՝ չնայած մի շարք երկրների փորձերին», - ասել է Reuters-ի աղբյուրը:

XS
SM
MD
LG