Հալեպահայերի տների վրա հրասանդեր են ընկել, վնասները նյութական են, տուժածներ չկան, «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը:
«Սիրական բանակի կողմից տրված ժամկետն ավարտվեց ու սկսեցին կրակոցները, մի քանի վայրկյանում հանկարծ փողոցն ամայանում է: Դուրս գալն արգելված չէ, ազատ են մարդիկ», - նշեց նա:
Ընդգծելով, որ իրավիճակը լարված է, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց. «Հայ համայնքը հայտարարել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին. ով զգում է, որ ապահով չէ, կարող է դիմել ու ապաստարան գտնել այնտեղ: Դարմանատունը բաց է առողջական անհրաժեշտության համար»:
«Ազատության» հարցին՝ կա՞ն հայեր, որոնք նախընտրել են գնալ ու եկեղեցում ապաստանել, Մարիա Գաբրիելյանը պատասխանեց. «Այո կա: Կան նաև, որ նախընտրել են իրենց ազգականների տունը»:
Հալեպում բախումների ֆոնին ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը:
Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, հայտնում է «Գանձասար» հանդեսը:
Ըստ հրապարակման, վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։
«Ներկայումս Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում: Երբեմն լսվում են կրակոցների ձայներ: Սննդամթերքի խանութները, հիվանդանոցները բաց են», - նշում է «Գանձասարը»:
Բախումները տեղի են ունենում կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև:
Սիրիայի զինված ուժերը զգուշացրել են՝ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին
Սիրիայի զինված ուժերը Հալեպի երկու պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրը՝ զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին։
Արդեն երկրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, հազարավոր մարդիկ լքել են տարածքը։ Խանութները, համալսարանները և դպրոցները շարունակում են փակ մնալ։
Դամասկոսը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքն ու ինտերգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը, սակայն, իրականություն չի դարձել՝ մի շարք տարաձայնությունների պատճառով։
AFP-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ քրդական Ղամիշլիում, այսօր հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջամտել։ Շատերը ցույցին մասնակցել են «ո՛չ պատերազմին» և «ո՛չ էթնիկ զտումներին» պաստառներով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և արագ վերսկսել մարտյան համաձայնագրի իրականացման բանակցությունները։
Սիրիական նոր կառավարության դաշնակից Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Սիրիայի կառավարությանը քուրդ զինյալների դեմ պայքարում, եթե Դամասկոսը օգնություն խնդրի։