Խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են Հալեպի քրդաբնակ Աշրաֆիյե և Շեյխ Մաքսուդ թաղամասերը։
AFP գործակալության տեղեկություններով՝ խաղաղ բնակչության արտահոսքը սկիզբ է առել այն բանից հետո, երբ կառավարական բանակը դրանք փակ ռազմական գոտիներ է հայտարարել։ Սիրիայի կառավարությունը նշել է, որ այսօր մինչև ժամը 15-ը հատուկ մարդասիրական միջանցքներ է բացելու՝ տեղի բնակչությանը հնարավորություն տալով լքել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող այս շրջանները։
«Սիրիական դեմոկրատական ուժերի՝ Շեյխ Մաքսուդում և Աշրաֆիյեյում գտնվող բոլոր դիրքերը այսուհետ օրինական ռազմական թիրախներ են համարվում», - հայտարարել է Սիրիայի կառավարական բանակը։
Սիրիացի քրդերի ներկայացուցիչ Իլհամ Ահմեդը պաշտոնական Դամասկոսին մեղադրել է «քրդերի դեմ ցեղասպանական պատերազմ հրահրելու» մեջ։