Միացյալ Նահանգների նախագահն իր օգնականների հետ քննարկում է ՆԱՏՕ-ում իր դաշնակից Դանիայի մաս կազմող Գրենլանդիան «ձեռք բերելու մի շարք տարբերակներ», այդ թվում՝ զինված ուժերի հնարավոր կիրառմամբ:
Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենամեծ կղզին և մասամբ ինքնավար այս տարածքը վերցնելը համարում է ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն, որն անհրաժեշտ է Արկտիկայում Ամերիկայի «հակառակորդներին զսպելու համար»:
«Նախագահը և նրա թիմը քննարկում են արտաքին քաղաքականության այս կարևոր նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի կիրառումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի համար հասանելի տարբերակ է», - ասված է հայտարարությունում:
Երեկ էլ Wall Street Journal-ը, իր աղբյուրներին հղմամբ, հայտնել էր, թե ԱՄՆ պետքարտուղարը օրենսդիրներին ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Դանիայից գնել Գրենլանդիան, ոչ թե գրավել:
Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը պարբերաբար է խոսել Գրենլանդիան վերցնելու մտադրության մասին: Օրեր առաջ էլ Վենեսուելայի նախագահին ձերբակալելու հատուկ գործողությունից հետո կրկին անդրադարձավ թեմային: Դանիան և Գրենլանդիան մշտապես դեմ են արտահայտվել կղզու նկատմամբ Թրամփի նկրտումներին:
Սպիտակ տան հայտարարությունից ժամեր առաջ եվրոպական վեց խոշոր երկրներն էին աջակցել Դանիային: Համատեղ հայտարարությունում ասվում է, որ Արկտիկայում անվտանգությունը Եվրոպայի համար գլխավոր առաջնահերթություն է և կարևորագույն նշանակություն ունի միջազգային ու տրանսատլանտյան անվտանգության համար, որը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ և պահպանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սկզբունքները:
«Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Միայն Դանիան և Գրենլանդիան, և միայն նրանք, պետք է որոշումներ կայացնեն Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի վերաբերյալ», - նշված է ԵՄ առաջնորդների հայտարարությունում։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ողջունել է հայտարարությունը և ԱՄՆ-ին կոչ արել «հարգալից երկխոսություն» ծավալել՝ հարգելով փաստը, որ Գրենլանդիայի կարգավիճակը հիմնված է միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Մինչ այդ էլ նա «անընդունելի» էր համարել Թրամփի հայտարարությունը, թե Գրենլանդիան անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ իր անվտանգության համար:
Այսօր էլ Ֆրանսիան հայտարարել է, որ գործընկերների հետ քննարկում են, թե ինչպես արձագանքել, եթե ԱՄՆ-ն սպառնալիքներից գործի անցնի: Արտգործնախարարն ասել է, որ թեմային կանդրադառնա Գերմանիայի և Լեհաստանի պաշտոնակիցների հետ այսօր ավելի ուշ նախատեսված հանդիպմանը: «Մենք ուզում ենք գործողություններ ձեռնարկել, բայց դա ուզում ենք անել մեր եվրոպացի գործընկերների հետ», - ասել է Ժան-Նոել Բարոն:
Իսպանիան հայտարարել է, որ տեղյակ չէ Ֆրանսիայի պլաններից:
Կանադայի վարչապետն իր հերթին վերահաստատել է աջակցությունը Դանիայի ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ կղզու ապագան կարող են որոշել միայն Դանիան և Գրենլանդիան։ Մարկ Քարնին նշել է, որ Գրենլանդիայի անվտանգությունն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին և կոչ է արել զերծ մնալ Դանիայի տարածքային ամբողջականությունը վիճարկելու փորձերից։
«Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն բացառապես Գրենլանդիան և Դանիան: Դա նրանց որոշելու հարցն է», - ասել է Կանադայի վարչապետը:
Լեհաստանի վարչապետն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները չպետք է հարձակվեն կամ սպառնան միմյանց և պետք է ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպայի և ԱՄՆ-ի կապերը, որոնք, ի վերջո, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի անվտանգության հիմքն են, չտուժեն տարբեր հայտարարությունների կամ թյուրըմբռնումների հետևանքով։
Դոնալդ Տուսկն ընդգծել է՝ Վաշինգտոնի համար պետք է հստակ լինի, որ հյուսիսատլանտյան դաշինքի բուն էությունը խաթարելու ցանկացած փորձ Եվրոպան չի ընդունի: ՆԱՏՕ-ի անդամների միջև ցանկացած վեճ պետք է լուծվի բարեկամական երկխոսության միջոցով, ասել է նա՝ հավելելով, որ Գրենլանդիայի հարցում Դանիան կարող է հույս դնել Եվրոպայի համերաշխության վրա։
«Եվրոպական համերաշխությունը և եվրոպական պետությունների ամբողջականության նկատմամբ հարգանքը հիմնարար հարցեր են, ուստի Դանիան, անշուշտ, կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա. դրանում ես կասկածներ չունեմ», - ընդգծել է Լեհաստանի վարչապետը։
Գրենլանդիայի տարածքը շուրջ 2 մլն ք/կմ է՝ մոտ չորս անգամ մեծ Ֆրանսիայից, բնակչությունը շուրջ 56,000 է, սակայն սեփական բանակ չունի. պաշտպանությունն ապահովում է Դանիայի զինված ուժերը, որը շատ համեստ ներկայություն ունի՝ կղզում մշտապես գտնվում է մինչև 150 զինվոր: Գրենլանդիայի հյուսիսում կա նաև ԱՄՆ-ն ռազմաբազա, որտեղ տեղակայված են ռադարային համակարգեր, հրթիռների արձակման նախազգուշացման և տիեզերական հսկողության համակարգեր:
Գրենլանդիան, որի 80 տոկոսը ծածկված է սառույցով, տնտեսությունն էլ հիմնականում հիմնված է ձկնորսության վրա, մեծապես կախված է Դանիայից ստացվող սուբսիդիաներից: Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը կղզու բնական պաշարների նկատմամբ: Դրանք ներառում են նաև հազվագյուտ հանքանյութեր, որոնք Թրամփի ուշադրության կենտրոնում են եղել նաև այլ երկրներում: Հանքանյութերի արդյունահանումը կարող է ավելի մատչելի դառնալ, քանզի գլոբալ տաքացման հետևանքով սառցե շերտը հալչում է: