Մատչելիության հղումներ

Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով


Լեռնային Ղարաբաղն ընդամենը տասը օր ղեկավարած Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով:

«Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում, իշխանական պատգամավորի պնդմամբ, խոչընդոտը նրա քրեական գործն է։ Մեղադրյալ լինելու հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ ամիսներ առաջ հանձնաժողովը նիստին հրավիրեր պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանին։

Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:

«Ենթադրում եմ, որ ինքը ինչ-որ բաներ հասցրած կլիներ ծանոթացած լիներ, նաև 44-օրյա պատերազմի դրվագներին առնչվող: Առավել ևս երբ որ պարոն Շահրամանյանը նաև 2018-ից 2020 թվականներին եղել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Դա ի՞նչ է նշանակում, որ մեր այն հատվածը՝ կապված պետական դավաճանության, դիվերսանտների և նրանց գոյության մասին, նաև պատերազմի մինչև սկսվելը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները մենք, բնականաբար, կուզեինք լսել պարոն Շահրամանյանից», - ասաց նա:

Սամվել Շահրամանյանը որպես Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն պաշտոնավարել է 2018 թվականից մինչև 2020 թվականի մայիսը: Դրանից հետո նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Իսկ պատերազմից մեկ տարի անց եղել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հանձնաժողովի անդամները Շահրամանյանին հարցեր ունեն՝ նաև որպես ԱԱԾ պետի։ Նա, սակայն, պատերազմի ժամանակ արդեն Արցախի ԱԱԾ տնօրենը չէր։

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ենթադրում եմ, պետք է տիրապետի մի տեղեկատվության հակառակորդի հնարավոր գործողությունների վերաբերվող», - շեշտեց Քոչարյանը։

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ իշխանությունը Սամվել Շահրամանյանին ճնշելու փորձեր է անում



Ի դեպ, հանձնաժողովականները խորհրդարան չեն հրավիրել ու չեն էլ պատրաստվում հրավիրել պատերազմի ժամանակ Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արգիշտի Քյարամյանին։ Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանը համարում է, որ հրավերի հիմքում պետք է լինի պաշտոնյայի կոմպետենտությունը և պատերազմին այդ պաշտոնյայի առնչությունը։ Հանձնաժողովի աշխատանքները ի սկզբանե բոյկոտած Աբրրահամյանը այսօր էլ պնդեց՝ իշխանության նպատակը պատերազմի հանգամանքների բացահայտումը չէ:


«Նպատակը պարզապես այդ հանձնաժողովը քաղաքական ճնշման միավորի վերածելն էր ընտրողաբար, որ պահին ում նկատմամբ անհրաժեշտություն կառաջանար։ Չեմ բացառում, որ նրանք այս իրավիճակում ելնում են այն իրողություններից, որ մի գուցե դա որոշակի ճնշում կամ լծակ կլինի Սամվել Շահրամանյանի նկատմամբ ազդեցություն գործելու», - «Ազատությանն» ասաց պատգամավորը:

Սամվել Շահրամանյանի և Հայաստանի իշխանության շփումների մասին տեղեկություն չկա


Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ Հայաստանի իշխանությունը մեղադրում է նաև Շահրամանյանին: Երևան տեղափոխված Արցախի վերջին նախագահի ու Հայաստանի իշխանությունների շփումների մասին մինչ օրս հրապարակային հաղորդագրություններ չեն եղել։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ երեկվանից փորձում է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։

«Այսօր պատրաստվում եմ արդեն գրավոր նամակն ուղարկել Արցախի ներկայացուցչության շենք, ենթադրում եմ՝ Շահրամանյանն այնտեղ է, իրեն առձեռն հանձնելու հրավեր է։ Մինչև նոյեմբերի 20-ը, ենթադրում եմ, նշված կլինի ցանկացած օր, երբ իրեն հարմար կլինի», - հայտնեց հանձնաժողովի նախագահը։

Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի ստորագրումից ու Արցախի հայաթափումից հետո երկու անգամ է խախտել լռությունը՝ մի անգամ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված ցուցարարների հետ է զրուցել, մոտ երկու շաբաթ առաջ էլ Արցախի Հանրայինին հարցազրույց տվել, որի ընթացքում առանց մանրամասների պնդել, թե առաջիկայում պետք է քննարկումներ սկսեն Արցախի կարգավիճակի, արցախցիների վերադարձի մասին։

«Միգուցե, մտածում են, որ կարող են դրանով նրան հետ պահել այնպիսի գործընթացներից, որը իրենց համար ցանկալի չէ, այնպես որ սրա հիմքում տրամաբանական բան չպետք է փնտրել», - նկատեց Տիգրան Աբրահամյանը։

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ձևավորված այս հանձնաժողով մինչ օրս հրավիրվել են նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը։ Ոմանք, օրինակ, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այդպես էլ չընդունեցին նիստին մասնակցելու հրավերը՝ կասկածի տակ դնելով հանձնաժողովի օբյեկտիվությունը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, պնդում է՝ իր ղեկավարած հանձնաժողովը ծավալուն աշխատանք է կատարել, և ինքը դեկտեմբերին հանդես կգա զեկույցով:

Կընդունի արդյոք Սամվել Շահրամանյանը քննիչ հանձնաժողովի հրավերը, թե ոչ, պարզ չէ: «Ազատությանը» ողջ օրվա ընթացքում նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

XS
SM
MD
LG