Մատչելիության հղումներ

Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացնում Արցախի նախկին ղեկավարներին


Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, արխիվ

Լեռնային Ղարաբաղում ձերբակալված և Բաքու փոխադրված Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի համար Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության միջնորդությամբ դատարանը խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը:

Նրանց առաջադրել են ահաբեկչության մեղադրանք Ադրբեջանի քրեական օրենգրքի 7 հոդվածներով: Մեղադրող կողմն ամբաստանյալներին վերագրում է «ներգրավվում ապօրինի զինված կազմավորումների ձևավորման և գործունեության մեջ», «այդ խմբերի զինում, ռազմական սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով, զինամթերքով», «ահաբեկչության ֆինանսավորում» և ահաբեկչական գործողությունների հետ կապված այլ մեղադրանքներ:

Ղուկասյանը տասը տարի է պաշտոնավարել՝ 1997-2007 թվականներին, Սահակյանը նախագահել է 2007-ից մինչև 2020 թվականը, դաշնակցական Դավիթ Իշխանյանն այս տարվա օգոստոսի 7-ին է ընտրվել խորհրդարանի նախագահ:

Խորհրդարանում էլ պատգամավորների քվեարկությամբ սեպտեմբերի 9-ին նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը, ով դրանից տասն օր անց ադրբեջանցիների նախաձեռնած ռազմական գրոհից հետո կարգադրել է դադարեցնել դիմադրությունը և ստեղծված պայմաններում ստորագրել է մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու որոշումը:

Շահրամանյանը միառժամանակ մնացել է Ղարաբաղում և, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, արդեն տեղափոխվել է Հայաստան:

Արկադի Ղուկասյանի հարցը քննվել է Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանում՝ դատավոր Ուլվիա Շյուքուրովայի նախագահությամբ, իսկ Բակո Սահակյանի և Դավիթ Իշխանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացվել է դատավոր Ազեր Թաղիևի նախագահությամբ տեղի ունեցած նիստում:

Հոկտեմբերի 3-ին ադրբեջանցիները Ղարաբաղում ձերբակալել և Բաքուն են փոխադրել նաև Լեռնային Ղարաբաղի նախավերջին նախագահ Արայիկ Հարությունյանին:

Նրան առաջադրվել է մեղադրանք առնվազն 9 ծանր հոդվածներով, որոնցով նա կարող է դատապարտվել ընդհուպ ցմահ ազատազրկման:

Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, Հարությունյանը «Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնելիս՝ վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմին, առնչություն ունի Ադրբեջանի տարածքի ականապատման և հրթիռակոծման որոշումների հետ»:

Մեղադրող կողմը հատուկ առանձնացնում է մեծ թվով զոհերի և ավերածությունների հանգեցրած բալիստիկ և այլ հրթիռներով Գյանջա և Բարդա քաղաքների հրթիռակոծությունը, նշելով, թե կան հիմնավոր կասկածներ, որ Արայիկ Հարությունյանը կարող է ներգրավված լինել այդ գործողությունները կազմակերպելու մեջ:

Երեկ Հարությունյանը հարցաքննվել է: Նրա փաստաբանի պարտավորությունները ստաձնել է Ալով Սաֆարալիևը, ով, ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, ասել է, թե պաշտպանությունը կիրականացնի «համաձայն Ադրբեջանի օրենսդրության և միջազգային կոնվենցիաների»:

Սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվել, Բաքու է փոխադրվել և 4 ամսով կալանավորվել է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը, ով ժամանակին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և, հետևաբար, հիմա չի կարող ակնկալել ռուսական կողմի օգնությունը:

Ձերբակալվել են նաև նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների ղեկավարներ, այդ թվում՝ մարդիկ, ովքեր տևական ժամանակ առաջ են ազատել պաշտոնները:

Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Նիզամի Սաֆարովն այսօր հայտարարել է, թե հետկոնֆլիկտային շրջանում կարևոր խնդիրներից մեկն Ադրբեջանի համար պետք է լինի պատերազմական հանցագործների հետապնդումը և պատժումը:

«1968 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ն ընդունեց «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վաղեմության կանոնադրությունը չկիրառելու մասին» կոնվենցիան, դրա պահանջներին Ադրբեջանի միացել է 1996 թվականին» ,- ասել է Սաֆարովը։

Բաքուն կազմել է մոտ 300 մարդկանց ցուցակ, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է նախաձեռնել: Նախկին երեք նախագահներից, խորհրդարանի խոսնակից, պետական նախարարից և արգործնախարարից զատ ձերբակալվել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի իշխանությունները խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարներին կալանավորելու Ադրբեջանի որոշումները:

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կալանավորված նախկին և ներկայիս ղեկավարներին։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է տեղադրել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց»,- հայտնել է Կիրակոսյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG