Մատչելիության հղումներ

«Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ». Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագրով հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։

Ըստ հրապարակման՝ Շահրամանյանը որոշումն ընդունել է՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման։ Բուն հրամանագրի տեքստը չի հրապարակվել, դրա մասին միայն տեղեկություն է տարածվել՝ նախ ռուսերեն, ապա հայերեն։ Ու ոչ թե նախագահականի կայքում, այլ այս օրերին Ստեփանակերտից ստացվող պաշտոնական լրատվության միակ հարթակ դարձած Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։

Արցախի նախագահի պաշտոնական կայքն այլևս հասանելի չէ։

Ղարաբաղի ապագայի վերաբերյալ ամենավճռորոշ հայտարարությունը շատ հարցեր անպատասպան է թողնում, հստակեցնում է միայն Արցախից դուրս գալու պայմանները։ Ըստ այդմ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքուն խոստացել է ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների և ունեցվածքի անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով։ Նույն հայտարարությունը միաժամանակ հորդորում է արցախցիներին, այդ թվում՝ երկրից դուրս գտնվողներին, ծանոթանալ Ադրբեջանի վերաինտեգրման պայմաններին՝ Լեռնային Ղարաբաղում մնալու կամ վերադառնալու հարցն ինքնուրույն որոշելու համար։

Թե այդ ի՞նչ պայմաններ է Բաքուն ներկայացրել, հայտնի չէ, դրանք ո՛չ արցախցի, ո՛չ ադրբեջանցի պաշտոնյաները դեռ չեն հրապարակել, Ստեփանակերտի այսօրվա հայտարարության մեջ էլ մանրամասներ չկան։ Միայն հաղորդվել է, որ առաջիկայում Եվլախում կկազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի ևս մեկ հանդիպում՝ երրորդը կրակի դադարեցման համաձայնությունից հետո։

Թե ովքե՞ր են մեկնելու Ստեփանակերտից և ի՞նչ օրակարգով՝ կրկին հստակ չէ. այսօր առավոտից անհնար է կապ հաստատել արցախցի պաշտոնյաների հետ։

Ղարաբաղի երրորդ նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, այժմ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ տեղեկություններ է ստանում արցախյան տարբեր, այդ թվում՝ իշխանական շրջանակներից, կարծում է՝ վերաինտեգրման թեման ներառվել է՝ տուրք տալով Ադրբեջանի պահանջներին։

«Այստեղ խնդրի գլխավոր էությունը պետական կառավարման համակարգի լուծարման մասով է, մասնավորապես, որ այն տեղի է ունենալու հունվարի 1-ին: Կրակի դադարեցումից անմիջապես հետո ադրբեջանական կողմի բանակցություններում պահանջներ էր դրված մեկ օրվա, երեք օրվա, մինչև մեկ շաբաթվա ընթացքում լուծարելու վերաբերյալ, սակայն Արցախի իշխանությունները կարծես թե կարողացել են այդ ժամանակը ձգել, որպեսզի հնարավոր լինի իրենց ուժերով իրականացնել ինչպես անվտանգության, այնպես էլ ներքին կազմակերպչական մեծ թվով հարցեր: Եթե ռեալ այսպես կոչված ինտեգրման հետ կապված անհրաժեշտություն լիներ դրա վրա կենտրոնացում կատարելու, կարծում եմ, համապատասխան պլանները կհրապարակվեին, բայց քանի այս պահին Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացնում և մարդիկ դուրս են գալիս Արցախից, ապա դեռևս վաղ է խոսել, որովհետև դեռևս հստակ չի, մարդիկ կմնա, թե՝ չի մնա, կամ եթե մնան, ինչքան մարդ կմնա», - ասաց Աբրահամյանը:

Դավիթ Բաբայանը որոշել մեկնել Շուշի. Ադրբեջանը պահանջել է ներկայանալ

Վերաինտեգրում և հանգիստ կյանք խոստացող Բաքուն արդեն սկսել է հետապնդումները արցախցի պաշտոնյաների նկատմամբ։ Արտաքին գործերի նախկին նախարար, այժմ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքում առավոտյան գրեց՝ իր անունն էլ կա Բաքվի սև ցուցակում, պահանջել են ներկայանալ, ինքն էլ որոշել է այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

«Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես չեմ կարող դա թույլ տալ», - նշել է Բաբայանը։

Թե էլ ո՞վ է Ադրբեջանի թիրախում, հստակ չէ։ Տիգրան Աբրահամյանի տեղեկություններով՝ ամբողջական ցուցակներ այս պահին ադրբեջանցիները չեն ներկայացրել, բայց կա սպառնալիք, որ կոնկրետ անձանց թույլ չեն տա հեռանալ։ Անուններ չհրապարակեց։

«Այս պահին Արցախում գտնվող անձինք՝ միջին վիճակագրական քաղաքացուց մինչև Արցախի նախագահ, այնտեղ ունեն պատանդի կարգավիճակ: կոնկրետ անձանց նկատմամբ այս պահին կան ներկայացված պահանջներ ու նաև սպառնալիք, որ որևէ պայմաններում նրանց թույլ չեն տալ հեռանալ: Անուններ միգուցե գիտեմ, բայց շատ վտանգավոր է դրանք հնչեցնելը», - ընդգծեց նա:

Բաքուն պաշտոնապես չի հաստատել, բայց տեղի լրատվամիջոցները տեսանյութեր են տարածում, որ ադրբեջանական ոստիկանությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մտել է Ստեփանակերտ։ Ի՞նչ նպատակով, պարզ չէ։

Զուգահեռ Բաքուն սկսել է հաշվառել Ղարաբաղի հայերին, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանց իրավական կարգավիճակը որոշելու, սոցիալական ու տնտեսական հարցերը լուծելու համար։

Ալիևի վարչակազմը Արցախը ներկայացնում է որպես Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան, թեև խորհրդային շրջանում Ղարաբաղն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։

Արցախի անկախությունը հռչակվեց 32 տարի առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին։ Տասնամյակների պայքարից, հազարավոր զոհերից հետո այդ էջը փակվում է մեկ շաբաթից Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ։ թե՛ Երևանից, թե՛ Բաքվից խաղաղության պայմանագրի կնքումն այլևս շատ մոտ են համարում, այն դեպքում, երբ Արցախի դեմ վերջին հարձակումից 2 օր առաջ վարչապետ Փաշինյանը բացառել էր փաստաթղթի ստորագրումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG