Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ Արցախում երաշխիքներ էին ստացել ու սպասումներ ունեին խաղաղապահներից. արձագանքներ Շահրամանյանի հարցազրույցին


Արխիվ
Արխիվ

Սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի Արցախի դեմ ռազմական լայնամասշտաբ հարձակումից ժամեր անց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հասկացել է, որ բոլորովին մենակ են Ադրբեջանի դեմ, այս մասին նա շաբաթ երեկոյան հայտարարեց Արցախ TV-ի հետ զրույցում։ Շահրամանյանը, սակայն, չմանրամասնեց՝ մինչ այդ ինչ հաշվարկ են արել, ումից օգնություն ակնկալել, և ինչպես է միայն այդ պահին հասկացել, որ պաշարված Արցախը միայնակ է Ադրբեջանի դեմ։

Շահրամանյանի հարցազրույցից հետո շատերն են հարց բարձրացնում՝ ինչու է Արցախի նախագահը միայն վերջին պահին հասկացել, որ ռուս խաղաղապահներն իրենց միայնակ են թողնելու, այն դեպքում, որ 2020թ. պատերազմից հետո խաղաղապահների ներկայությամբ Բաքուն արդեն գրավել էր Խծաբերդը, Հին Թաղերն ու Փառուխը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի բացառում, որ Շահրամանյանը և նախկին նախագահները ինչ-ինչ երաշխիքներ էին ստացել. - «Այստեղ պետք է նաև նշել, որ պարոն Շահրամայնանի իշխանության գալու հանգամանքը ևս կարծես թե ինչ-որ չափով կապված է ռուսաստանյան գործոնի հետ, կարծես թե ինչ-որ ազդակներ է ստացել, որ պետք է գնան այդ գործողություններին, բայց պարզ չէ՝ ինչ մակարդակով, ինչպիսի երաշխիքներ էին տրվել։ Այդ հարցին հարցազրույցի ընթացքում Արցախի նախագահը չխապասխանեց, և այո, այստեղ գործ ունենք պաշտոնեական անփութություն ասես, ոչ պրոֆեսիոնալիզմ ասես, դժվար է ինչ-որ կերպ բնութագրել այդ պահվածքը»։

Ռուս խաղաղապահներից որոշակի սպասումների մասին է խոսում նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որի քաղաքական թիմի առաջնորդ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել էր Շահրամանյանի ընտրությունը նախագահի պաշտոնում։ Ավելին, Հայաստանի նախկին նախագահը Ղարաբաղում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ սեպտեմբերի սկզբին, խոսել էր Արցախի հարցում բեկում մտցնելու հնարավորության մասին։

«Կային որոշակի սպասումներ, որ ռուս խաղաղապահները լայնամասշտաբ ռազմական գործողություններ թույլ չէին տա, իսկ տեղային գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակն, անշուշտ, իր մարտական խնդիրը կլուծեր այնպես, ինչպես շատ դեպքերում լուծել էր, և տեղի է ունեցել նաև որոշակի իրողությունների փոփոխություն, որը ստեղծել է նաև անկանխատեսելիություն, և ադրբեջանական գործողությունները կրել են շատ ավելի մասշտաբային բնույթ, քանի կարելի էր մինչև այդ կանխատեսել», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

Արցախի վերջին նախագահը նաև հայտարարեց, որ իր համար սեպտեմբերի 19-ի առավոտյան արդեն պարզ է եղել, քանի որ տեղեկություններ էր ստացել, որ Ադրբեջանը հարձակման է պատրաստվում։ Չնայած դրան՝ Արցախում դասերը չէին դադարեցվել, ավելին, տեղեկատվական շտաբը կեսօրին հայտարարել էր, թե դրանք ընթանում են կանոնավոր հունով։ Այս գրառումից կես ժամ անց հազարավոր խուճապահար ծնողներ փողոցներում փնտրում էին երեխաներին, որոնք տրանսպտորի բացակայության պատճառով երբեմն ստիպված էին կիլոմետրերով քայլել տուն հասնելու համար։

Ինչո՞ւ հարձակման մասին իմանալով՝ Արցախի իշխանությունները դասերը չէին դադարեցրել՝ մինչև օրս որևէ պաշտոնյա չի մանրամասնել։ Մութ են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթունի մանրամասները․ «Ազատության» հետ զրույցում ականատեսներից շատերն էին պատմել՝ ոստիկաններ կամ այլ պատասխանատուներ դեպքի վայրում չեն եղել, բենզինը տեղ-տեղ անգամ հատակին է թափված եղել, շատերն էլ այն լցնում էին ռետինե խողովակներով։

«Ես չեմ կարող հստակ ասել, թե դա եղել է ոստիկանության պահպանման գոտին, թե Պաշտպանության բանակի, որովհետև դրա հետ կապված մոտեցումները շատ տարբեր են, ինձ հասած տեղեկությունները ևս շատ հակասական են, բայց կարևորն այն է, որ այստեղ քրեական գործ է հարուցված, և դրա պատասխանատուները պետք է այդ քրեական գործերով անցնեն», - նշեց Տիգրան Աբրահամյանը։

Շահրամանյանի գրեթե մեկ ժամանոց հարցազրույցից հետ հարցերն ավելի շատ են, քան՝ պատասխանները։ Մինչ օրս, մասնավորապես, Արցախի իշխանություններից ու Ադրբեջանի հետ բանակցող պաշտոնյաներից որևէ մեկը չի պարզաբանել՝ ինչու ներկա ու նախկին մի քանի բարձաստիճան պաշտոնյաներ կալանավորվեցին, իսկ մյուսները կարողացան անարգել հեռանալ։ Շահրամանյանն ինքը չմանրամասնեց՝ եթե անձամբ կարողացել է Հայաստան հասնել ուղղաթիռով, ինչու են մյուսները մնացել Ստեփանակերտում, հետո էլ հայտնվել Բաքվի բանտերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG