Մատչելիության հղումներ

Պատերազմը քննող հանձնաժողովի ժամկետը երկու ամսից կլրանա, սակայն երկու նիստ է ընդամենը հրավիրվել


44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի գործունեության առաջին ժամկետը երկու ամսից կլրանա, բայց երկու նիստ է ընդամենը հրավիրվել փետրվարին, այն էլ՝ տեխնիկական հարցերով։

«Էս ընթացքում աշխատանքային նիստեր ենք արել, որի շրջանակներում որոշել ենք էն փաստաթղթերի ցանկը, որը որ անհրաժեշտ է քննություն իրականցնելու համար», - ասում է հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը չորս ամիս է, կազմակերպչական, տեխնիկական հարցեր է քննարկում։

Վիլեն Գաբրիելյան
Վիլեն Գաբրիելյան

«Աշխատանքի ծավալը համեմատելի չէ ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի հետ», - ասում է Գաբրիելյանը։ - «Տեմպերը դանդաղ ենք, որովհետև ծավալները ուղղակի համեմատելի չեն։ Զուտ չորս օր և քառասունչորսօրյա առումով»։

Ըստ պատգամավորի, 10 հազարից ավելի փաստաթուղթ են պահանջել ու ստացել ռազմական գերատեսչությունից, հիմա ուսումնասիրում են։ Պաշտոնյաների նախնական ցանկն են կազմել, որ հրավիրեն հանձնաժողով բացատրություն տալու. - «Հունիս ամսին նախատեսվում ա հրավիրել առաջին հրավիրյալներին, որոնք որ պետք է մեզ հետ անցնեն էդ քննության փորձը»։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ևս վեց ամսով կարող է երկարաձգվել հանձնաժողովի աշխատանքը։ Բայց իշխող խմբակցությունը օրենդրական փոփոխություն է նախաձեռնել, որ օրենքը փոխվի և քննիչ հանձնաժողովի ժամկետը վեց ամսից դառնա մեկ տարի։ Այս նախագիծն այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Վիլեն Գաբրիելյանն ասաց, թե ամենայն հավանականությամբ, օրենսդրական փոփոխություններով այնպես կկարգավորեն, որ հետադարձ ուժ ունենա եւ այս հանձնաժողովի ժամկետն էլ երկարաձգվի. - «Կա ռիսկ, որ մինչև ժամկետի ավարտը չկարողանանք ավարտենք։ Քննարկումը դրա համար ա բացվել, որպեսզի կարողանանք էդ փոփոխությունում, էդ ռիսկը հաշվի առնելով, էդ հնարավորությունը մեր համար ներառել»։

Եթե նույնիսկ երկու տարի քննեն, ինչ է փոխվելու դրանից, իշխանական հանձնաժողովը Փաշինյանի կառավարության մասին բացահայտումնե՞ր է անելո՞ւ, հարցնում է 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի մորեղբայրը՝ Եղիշե Զաքունցը. - «Ես չեմ կարող ընդունել մի հանձնաժողով, որը քննելու ա և ինչ-որ որոշումներ ա կայացնելու իրանք իրանց դեմ»։

Ռուբենը Ցորի զորամասի հրտենավորներից էր, 2020-ի հոկտեմբերին է զոհվել, սակայն նրա ու ևս 10 զինվորի աճյուն ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել պատերազմից մեկ տարի անց։

Եղիշե Զաքունցը զոհվածների բազմաթիվ հարազատների հետ մեկ տարի է, իրավապահ մարմինների դռներն է թակում, պահանջում պատասխանատվության կանչել մեղավորներին։

Եթե պատերազմի քրեական գործը տեղից չի շարժվում, ինչ ակնկալել խորհրդարանական հանձնաժողովներից, ասում է նա. - «Մենք արդեն մի տարի և վեց ամիս ա, բոլոր լրատվական միջոցներով և բոլոր դատարաններով դռները ծեծում էինք և բարձրաձայնում էինք իրականությունը։ Ունենք ապացույցներով թե' Ջալալ Հարությունյանի մեղավորության, թե' Գենա Բաղդասարյանի մեղավորության։ Եվ ունենք ծնող Ղարաբաղից, որը ռազմական գիտելիքներ ունի... ինչո՞ւ չեն հրավիրել հենց էդ մարդուն։ Չեմ ասում ինձ, բայց էն մարդուն, որը որ ունի ռազմական գիտելիքներ և ապացույցներով կարող էինք դնել իրանց դեմը, որ ինչ դավաճանություն է տեղի ունեցել»։

Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը:

Սամվել Բաբայան
Սամվել Բաբայան

Ամիսներ շարունակ իշխանությունն ուղիներ էր փնտրում, որ շրջանցի «ԱԺ կանոնակարգ» օրենքն ու արտախորհրդարանական ուժերից, զոհերի հարազատներից էլ ընդգրկեն հանձնաժողովում։ Նրանցից մեկն էլ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն Սամվել Բաբայանն էր։ Սակայն անցած ամիս Սամվել Բաբայանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին. - «Կա խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։

Հանձնաժողովը հաջորդ նիստը նախատեսում է հունիսին։ Անդրանիկ Քոչարյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում հաստատել է, որ արդեն հրավեր ուղարկել են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, քանի որ ռազմական հարցերից բացի ցանկանում են նաև ղարաբաղյան բանակցային գործընթացը քննել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG