Մատչելիության հղումներ

Շահրամանյան. «Պետք է սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների վերադարձը»


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել մեր ժողովրդի, Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետ վերադարձը»: Այդ մասին Շահրամանյանը հայտարարեց Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվեց շաբաթ երեկոյան:

«Դա մեր օրակարգային հարցերից մեկն է, և մենք պիտի սկսենք քննարկումներ, այդ թվում նաև՝ ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար», - ասաց նա:

Հարցին՝ «Արցախը ի՞նչ կարգավիճակով», Շահրամանյանն արձագանքեց. - «Դա քննարկումների, բանակցությունների հարց է, ինձ թվում է՝ էդ հարցում, վերադարձի հարցում բնակչության շահագրգռված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը, որովհետև մեղադրանքներ են հնչում նաև միջազգային հանրությունից, որ իրենք նպաստել են բնակչության բռնի տեղահանմանը: Եվ այդ հարցի շուրջ, ինձ թվում է, պետք է սկսել բանակցություններ»:

Արցախի ղեկավարը ներկայացրեց սեպտեմբերի 9-ին իր ընտրությանը հաջորդած իրադարձությունները:

Ռուսական կողմը՝ «դիտորդի կարգավիճակում»

Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ նա ասաց. - «Գրեթե բոլոր շրջանները ենթարկվում էին ինտենսիվ հրետակոծության, և պարզ էր՝ այդ իրավիճակում մենք պետք է ամեն ինչ անեինք՝ դիմադրելու համար: Ռազմական գործողությունները սկսելուց հետո, ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք այդ ագրեսիայի դեմ: Ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում, և մենք պետք է մեր հարցերը ինքնուրույն ունակ լինեինք կարգավորել: Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների և նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողությունների պատասխան գործողությունները, և հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որը տևել է շուրջ 12 ժամ»:

«Մեր համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին, և ինչքան մենք երկար շարունակեինք, էնքան կունենայինք ավելի շատ զոհեր և կորուստներ: Եվ իմ նպատակը՝ որպես Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողությունները և խուսափեինք ավելի շատ զոհերից: Ես ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ նաև Արայիկ Հարությունյանի հետ իրենք ունեցել են կապ և լիազորված էին մեր հետ իրականացնել համապատասխան աշխատանք», - նշեց Սամվել Շահրամանյանը:

Նրա փոխանցմամբ՝ սկսվել են բանակցություններ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: «Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական կողմն էլ էր կրում բավականին մեծ կորուստներ, և այն հանգամանքը, որ մեր շրջանները արդեն գտնվում էին, կարելի է ասել, շրջափակման մեջ, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին և գտնվում էր Կրկժան կոչվող տեղամասին շատ մոտ [...], այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների, մեզ չէր մնում, և ես առաջարկել եմ՝ իրենք գրավոր ուղարկեն իրենց պահանջները ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար», - ասաց Շահրամանյանը՝ հավելելով. - «Առաջին փաստաթուղթը մեր կողմից չի ընդունվել, և մենք մեծ կազմով, որի մեջ մտնում էր Անվտանգության խորհրդի ողջ կազմը, էքս-նախագահները, գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մենք մշտապես քննարկումներ էինք իրականացնում և փոփոխություններ էինք անում և տեղեկացնում ադրբեջանական կողմին»:

«Պարզ է, որ մեր համար անընդունելի էր ձևակերպումը՝ «ՀՀ ԶՈՒ մնացորդների դուրսբերում»

Այդ առաջին փաստաթուղթը, ըստ նրա, կարելի է ասել՝ «կապիտուլյացիայի փաստաթուղթ էր». - «Եվ բանակցությունների արդյունքում մենք ընդունել ենք մի փաստաթուղթ և համաձայնել ենք մի փաստաթղթի շուրջ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ի ժամը 1-ին դադարեցնել լրիվությամբ ռազմական գործողությունները, երկրորդ կետը նախատեսում էր Պաշտպանության բանակի լուծարում, դուրսբերում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացորդները, այդ թվում՝ հանձնում են ծանր զինտեխնիկան հետագա շուտափույթ ուտիլիզացիայի նպատակով: Պարզ է, որ մեր համար անընդունելի էր էդ ձևակերպումը՝ «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացորդների դուրսբերում», բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր, և մենք, հասկանալով, որ մենք էդ փաստաթղթի տակ չենք ստորագրում ու ոչ մի իրավական պատասխանատվություն մենք չենք վերցնում մեր վրա, և մենք առաջիկայում էլ իրենց տեղեկացնում էինք՝ և՛ բանավոր, և՛ գրավոր որ մենք չունենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացված չի Արցախում: Եվ, ինչպես հայտնի է, երրորդ մասը նախատեսում էր հանդիպում Եվլախում ամսի 21-ին, և պիտի քննարկվեր ադրբեջանական կողմից ներկայացված ինտեգրացիայի հարցերը»:

«Ինչ իրականացվել է և ինչ որոշում կայացվել է Արցախի Հանրապետության ղեկավարության և անձամբ իմ կողմից, մենք ունեցել ենք մի նպատակ՝ փրկել արցախցիների կյանքերը, փրկել մեր բանակի զինվորների և սպայակազմի կյանքերը, ինչը, ինձ թվում է, մենք կարողացել ենք իրականացնել», - հայտարարեց Սամվել Շահրամանյանը:

Սեպտեմբերի 28-ի հրամանագրին «դեռ ժամանակ կունենանք անդրադառնալու»

Սեպտեմբերի 28-ի իր վիճահարույց հրամանագրի մասին Արցախի նախագահը հայտարարեց.

«Երկրորդ փաստաթուղթը՝ նախագահի հրամանագիրը, որը մեծ քննարկման առարկա է դարձել, որի գինը հենց բնակչության անվտանգ դուրսբերումն էր, նաև էդ փաստաթղթի առաջին կետում նախատեսված էր, որ նաև զինծառայողները կարող էին անվտանգ դուրս գային, մեր բնակչությունը՝ իրենց սեփական ավտոմեքենաներով և գույքով:

Երկրորդ կետը նախատեսում էր լուծարել պետական համակարգը, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը պետք է դադարեր գոյություն ունենալ:

Երրորդ կետը նախատեսում էր, որ մեր բնակչությունը, ծանոթանալով ադրբեջանական կողմի ներկայացրած ինտեգրացիայի ծրագրին, պիտի ինքնուրույն և կամավոր որոշում կայացներ՝ մնա՞լ, դո՞ւրս գալ, թե՞ հետ վերադառնալ Արցախ՝ ապրելու:

Այդ փաստաթուղթը լայն քննարկում է ստացել, և մեղադրում են, որ Արցախի նախագահը ստորագրել է փաստաթուղթ, որով լուծարում է Արցախի Հանրապետությունը: [...] Քննարկվում է այդ փաստաթղթի մի կետը, բայց մեր բնակչությունը չգիտեն հիմնական այդ փաստաթղթի ընդունման պատճառը, որը թույլ է տվել մեր բնակչությանը անվտանգ դուրս գալ Արցախից»:

«Շատ չխորանալով էդ փաստաթղթի մեջ՝ ես ուզում եմ հայտարարել, որ մենք գիտենք էդ փաստաթղթի ուժն ու կարողությունները, և մենք դեռ ժամանակ կունենաք անդրադառնալու էդ փաստաթղթին», - վստահեցրեց Սամվել Շահրամանյանը:

XS
SM
MD
LG