Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն ԱԺ-ում պատասխանում է քննիչ հանձնաժողովի հարցերին


Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախ կպատասխանի հանձնաժողովականների հարցերին, ապա կներկայացնի իր զեկույցը։

Տոնոյանն ասաց, որ հրապարակային հաշվետվություն կներկայացնի իր գործունեության վերաբերյալ։ Պաշտպանության նախկին նախարարը նաև նշեց, որ փակ նիստի անցկացման անհրաժեշտություն է լինելու, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որ ինքը ցանկանում է տրամադրել հանձնաժողովին, պետք է փակ նիստում անի։

Պաշտպանության նախկին նախարարն առաջարկեց առհասարակ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես, ՀՅ Դաշնակցության և ՀՀԿ ներկայացուցիչներին, մասնակցել գոնե փակ նիստին՝ պարզաբանելով․ - «Կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, կարծում եմ, որ անվտանգության ու պաշտպանության կազմակերպման հարցերում իրենց՝ իմ կողմից տրամադրվող տեղեկությունը հետագա իրենց որոշումների համար կարևոր է։ Հակառակ դեպքում ես կխնդրեի նույն կուսակցության ներկայացուցիչներին այլևս չարտահայտվել հրապարակային՝ առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»։

Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Տոնոյանին Հակակոռուպցիոն դատարանն էր մի քանի օր առաջ թույլատրել մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։

Արդեն գրեթե երկու տարի կալանավորված պաշտպանության նախկին նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո: Սակայն մինչև հանձնաժողով վարչապետի գնալը, Տոնոյանը մասնակցության համար պայման էր դրել, որ Նիկոլ Փաշինյանն էլ գա այդ նիստին ու այն բաց լինի։

Ավելի վաղ, երբ հանձնաժողովականներից Արմեն Խաչատրյանն ասել էր, թե Տոնոյանը փակ նիստին իր համաձայնությունը տվել է, Տոնոյանն իր փաստաբանական խմբի միջոցով հակադարձել էր. - «Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը»։

55-ամյա Դավիթ Տոնոյանը «անպիտան հրթիռների» գործով մեղադրվում է պետությունից շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։ Մյուս 5 մեղադրյալները, նրանց թվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ազատության մեջ են։

Գրավի դիմաց կալանքից ազատ արձակվելու Տոնոյանի միջնորդությունները մերժվել են, նրա դատավարությունը պետական գաղտնիքի հիմքով փակ է ընթանում, լրագրողները նիստերին ներկա գտնվելու հնարավորություն չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG