Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական լվացքատան» նոր սենսացիոն մանրամասներ են ի հայտ գալիս


Գործարար Ջավադ Մարանդի, արխիվ
Գործարար Ջավադ Մարանդի, արխիվ

Ավելի քան մեկուկես տարի տևած դատական քաշքշուկից հետո Լոնդոնի դատարանը BBC -ին թույլատրել է հրապարակել բրիտանացի այն մեծահարուստի անունը, ով առանցքային դերակատարում է ունեցել Ադրբեջանից միլիարդավոր դոլարների դուրսբերման գործում՝ իրանական ծագմամբ բրիտանացի մեծահարուստ Ջավադ Մարանդի: Նա Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող գործարար է, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության խոշոր նվիրատու:

Մարանդին այսպիսով «Ադրբեջանական լվացքատան» առանցքային դերակատարներից է։ Հենց նա է օգնել Ադրբեջանի իշխող էլիտային երկրից դուրս բերել 3 միլիարդ դոլար։ 2017 թվականին հրապարակված լրագրողական աղմկահարույց հետաքննության հեղինակները պարզել էին, որ այդ փողերի մեծ մասն Ադրբեջանի իշխող ընտանիքն ուղղել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վրա։

Բրիտանացի իրավապահներն ավելի վաղ բացահայտել էին, որ ադրբեջանական փողերը դուրս բերելու գործն վստահված էր Լոնդոնում ակտիվներ ունեցող ադրբեջանցի ամենահարուստ օլիգարխներից մեկին՝ պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևին։ Նրա նկատմամբ հետաքննության ընթացքում է հայտնաբերվել Մարանդիի հետ կապը, սակայն ի սկզբանե դատարանը, դեռևս անհայտ պատճառներով, որոշել էր բավարարել իր անունը չհրապարակելու Մարանդիի պահանջը:

Գործարարը կտրականապես հերքում է իր կողմից որևէ խախտում և պնդում, որ քրեական գործն անձամբ իրեն չի վերաբերում։

BBC -ն իրավապահների հետաքննության արդյունքները վկայակոչելով նշում է, որ ադրբեջանցի օլիգարխը, որի բրիտանական ունեցվածքի օրինականությունը դեռևս վիճարկվում է լոնդոնյան դատարանում, ֆինանսական բազմամիլիոնանոց գործարքներ է իրականացրել հենց Մարանդիիի հետ։ Փողերի լվացման այդ սխեմայում կենտրոնական դեր են խաղացել Avromed ընդհանուր անվանումով ընկերությունները, որոնցից մեկը դեռևս 2005-ին գրանցվել է Սեյշելյան կղզիներում, և դրա գլխավոր շահառուն հենց Մարանդին էր։

55-ամյա իրանցի գործարարը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, բրիտանական մամուլը նրան ներկայացնում է որպես հաջողակ գործարար և բարերար։ Նրան պատկանող բիզնես ցանցը ներառում է նորաձևության և դիզայնի հայտնի ապրանքանիշեր, ինչպես նաև հյուրանոցներ։

Մեծ Բրիտանիայից բացի նա բիզնեսներ ունի նաև Ադրբեջանում՝ McDonald's-ի տասնյակ ռեստորաններ, ծխախոտի բիզնես։

Ադրբեջանական Meydan TV-ի փոխանցմամբ` Մարանդին տևական ժամանակ գլխավորել է նաև Ադրբեջանի իշխող ընտանիքին պատկանակող Pasha Construction անշարժ գույքի խոշոր ընկերությունը։ Ի դեպ, ադրբեջանական մամուլի տվյալներով՝ իրանցի գործարարի կինը՝ Նարմինան, ծագումով Ադրբեջանից է։

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության հետ Մարանդիի կապը լրագրողներին հայտնի է դարձել նրա խոշոր նվիրատվությունների շնորհիվ․ ըստ պաշտոնական աղբյուրների՝ 2014-ից մինչև 2020 թվականները գործարարը թորիներին մոտ մեկ միլիոն դոլար է նվիրաբերել:

«Սա քաղաքական ռումբ է», - BBC-ի հետ զրույցում հայտարարել է Transparency International-ի բրիտանական գրասենյակի ներկայացուցիչ Դունքան Հեյմսը՝ պնդելով, որ պահպանողականներն այժմ պարտավոր են պատասխանել մի շարք տհաճ հարցերի:

«Մենք այսօր պարզեցինք, որ մեկը, ով հարյուր հազարների նվիրատվություններ է արել բրիտանական քաղաքական կուսակցությանը, եղել է, դատավորի կարծիքով, փողերի լվացման խոշոր սխեմայի հետաքննության կենտրոնում ։ Եվ սա առիթ է անհանգստանալու ոչ միայն այն մասին, թե որտեղից են այդ գումարները, այլև՝ թե որքան հեշտությամբ կարող են նման փողերը հայտնվել քաղաքական կուսակցությունների ձեռքում առանց դրանց աղբյուրի պատշաճ ստուգման», - ընդգծել է բրիտանացի իրավապաշտպանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG