Մատչելիության հղումներ

Արևմուտքը ճնշում է գործադրում Ալիևի վրա՝ Ադրբեջանում ներքին ազատականացման հասնելու համար


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, արխիվ

«Արևմուտքը ճնշում է գործադրում Իլհամ Ալիևի վրա՝ Ադրբեջանում ներքին ազատականացման հասնելու համար», - գրում է լոնդոնյան Daily Telegraph-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

«Ադրբեջանի նախագահին ճնշում են՝ հանուն ժողովրդավարական բարեփոխումների» վերնագրված հոդվածում բրիտանացի լրագրող Քոլին Ֆրիմենը պնդում է. - «Հայաստանի հանդեպ տարած հաղթանակից հետո հսկայական ժողովրդականություն վայելող Իլհամ Ալիևին արևմտյան դիվանագետները այժմ փորձում են համոզել, որ եկել է բարեփոխումներ իրականացնելու պահը»։

«Փակ դռների ետևում արևմտյան դիվանագետները փորձում են վստահեցնել Ալիևին, որ այժմ նա վերջապես կարող է ազատականացնել Ադրբեջանի ներքաղաքական ասպարեզը՝ հրաժեշտ տալով միանձնյա կառավարման տասնամյակներին», - գրում է Daily Telegraph-ը՝ մեջբերելով արևմտյան պաշտոնյաներից մեկի հետևյալ խոսքերը․ - «Նախագահ Ալիևը նոր է հաղթել պատերազմում և արդեն իսկ իր սեփական [քաղաքական] ժառանգությունն ունի։ Եթե վաղը նա որոշի ազատ և արդար ընտրություններ անցկացնել, չի բացառվում, որ ստանա քվեների 90 տոկոսը»: Ինքնությունը բացահայտել չցանկացող այս պաշտոնյան Daily Telegraph-ի թղթակցին նաև ասել է. - «Դա նշանակում է, որ Ալիևը կարող է գործունեության որոշակի դաշտ տրամադրել նաև քաղաքացիական հասարակությանն ու ադրբեջանական ընդդիմությանը։ Մենք բավական ակտիվորեն ենք փոխանցում այս ուղերձը, [ադրբեջանական իշխանությունները] ընդունել են այն, սակայն շատ քիչ վկայություններ կան, որ նրանք գործում են դրան համապատասխան»։

Բրիտանական թերթի պնդմամբ՝ արևմտյան դիվանագետների շրջանում մտավախություն կա, որ ռազմի դաշտում տարած հաղթանակից հետո Ալիևի վարչակազմն է՛լ ավելի կոշտ մոտեցումներ կորդեգրի երկրի ներսում՝ շարունակելով ընդդիմադիրների ճնշումները։ Դրան գումարվում է նաև ռեժիմի ընդհանուր կոռումպացվածությունը, որի ամենավառ դրսևորումը փողերի լվացման շուրջ այսպես կոչված «լվացքատան» սկանդալն էր, հիշեցնում է թերթը՝ ընդգծելով. - «Նավթով հարուստ Ադրբեջանը Արևմուտքում վատ համբավ ունի։ Տարիներ շարունակ այն ընկալվում է որպես կոռումպացված հետխորհրդային ավազակապետություն, որ թալանվում է իշխող ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող օլիգարխների կողմից»։

Չնայած դրան, ըստ թերթի, Արևմուտքում, մասնավորաբար՝ Լոնդոնում, դեռ որոշակի հույսեր են փայփայում, որ Ալիևի վարչակազմն ի վիճակի է ներքին տրանսֆորմացիայի ենթարկվել. - «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ [Եվրոպական հարևանության և Ամերիկայի hարցերով] կրտսեր նախարար Վենդի Մորթոնը փետրվարին Բաքու կատարած այցի ընթացքում կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին «ավելի բաց հասարակություն կերտել»։ Այդ այցի ընթացքում Մորթոնի հետ հանդիպած իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Անար Մամադլին, սակայն, Daily Telegraph-ի թղթակցին ասել է, որ պաշտոնական Բաքուն նման խորհուրդներին հետևելու հակված չէ: «Մեր իշխանությունները նախևառաջ պետք է փոխեն այն արժեքները, որոնցով առաջնորդվում են։ Առայժմ, սակայն, դրա շատ քիչ նախանշաններ կան», - Մամադլիի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը։

Արևմտյան դիվանագետները, դատելով Daily Telegraph-ի հրապարակումից, նույնպես առանձնապես լավատես չեն։

«Այս պահին Ադրբեջանի կառավարությունը խիստ զբաղված է վերագրաված տարածքների վերակառուցմամբ։ Իրական քաղաքական բարեփոխումները մղվել են հետին պլան», - Daily Telegraph-ի թղթակից Քոլին Ֆրիմենին ասել է արևմտյան պաշտոնյաներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG