Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորներ Ադրբեջանից կաշառք են ստացել, նոր բացահայտումներ


ԵԽԽՎ նիստերի դահլիճում, արխիվ
ԵԽԽՎ նիստերի դահլիճում, արխիվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատժամիջոցներ կիրառել կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված նախկին և գործող պատգամավորների նկատմամբ: Կոռուպցիայի մեջ մեղադրվող մի խումբ պատգամավորների գործունեությունը հետաքննող անկախ հանձնաժողովը նախօրեին հրապարակել է վերջնական զեկույցը, ըստ որի՝ վեհաժողովի շուրջ 3 տասնյակ պատվիրակներ կաշառք են ստացել:

Փաստաթղթի հեղինակները, եվրոպացի պաշտոնաթող դատավորներից կազմված խումբը, նշում է, որ 29 պատգամավորների մեծ մասը (որոնց թվում սլովենացի պատգամավո Զմագո Էլինչին Պլեմանտին, գերմանացի պատգմավոր Կարին Ստրենցը, Կարին Վոլդսեթը, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտենը) ներքաշված են եղել Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների մեջ: Մասնավորապես, կաշառքի դիմաց աչք փակելով Ալիևի վարչակազմի ապօրինությունների վրա, նրանք քվեարկել են Բաքվի համար նախընտրելի բանաձևերի օգտին ու լռության են մատնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը: Այդ ամենի դիմաց նրանք հաճախ վարձատրվել են թանկարժեք նվերներով՝ սկսած սև խավիարից մինչև գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգևներ, անգամ՝ թեթևաբարո աղջիկներ՝ ճոխ հյուրանոցներում:

«Ադրբեջանական լվացքատան» այդ «հերոսներին» ԵԽԽՎ-ն նաև ցմահ զրկեց Եվրոպայի խորհուրդ մուտք գործելու հնարավորությունից: Զեկույցում նշվում է, որ պատգամավորներին կաշառելու գործընթացները կազմակերպել են ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը և Էլխան Սուլեյմանովը: Նրանք նույնպես ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից: Փաստաթղթում նշվում է, որ թե՛ կաշառակերները, և թե՛ կաշառք տվողները հրաժարվել են համագործակցել հետաքննող խմբի հետ և չեն պատասխանել կոռուպցիայի փաստերը հետաքննողների հարցերին:

Մարդու իրավունքների հարցերով եվրոպական ամենաազդեցիկ ու հեղինակավոր կառույցը համարվող Եվրոպայի խորհուրդը վերջին տարիներին կոշտ քննադատության թիրախում է հայտնվել խորհրդարանական ձևաչափի՝ ԵԽԽՎ-ի ներսում Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների, մասնավորապես, «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած հայտնի հետաքննության պատճառով: Անկախ քննչական խումբն ամիսներ տևած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է կառույցի համակարգային դարձած մեծածավալ կոռուպցիոն սխեմաները:

Անցած ամիս վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ էր սահմանել չորս պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլայի և ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդայի դեմ, ովքեր նույնպես խախտել էին վարքականոնի պահանջներն ու ժամանակավորապես զրկվել պատգամավորի հիմնական իրավունքներից:

Նրանց արգելված է դիտորդական առաքելություն իրականացնել և զեկուցողի պաշտոն զբաղեցնել: Այդ որոշումից հետո, ի դեպ, վեհաժողովի նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, ով ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը մեղմող առավել ակտիվ գործիչներից էր, որոշեց հեռանալ քաղաքականությունից: Նա հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ պատգամավորական պատվիրակությունից, ինչպես նաև պատրաստվում է թողնել Իսպանիայի Սենատը, որտեղ 25 տարի շարունակ ներկայացնում է Վալենսիայի ինքնավար համայնքը:

Պաշտոնական Բաքուն այս կոռուպցիոն մեղադրանքներին հստակ չի պատասխանել՝ փոխարենը կառույցին մեղադրել է «ղարաբաղյան հակամարտությունը երբեք չքննարկելու համար՝ հայամետ ուժերի հակազդեցության պատճառով»: Մինչդեռ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս «բարձր է գնահատել» ԵԽԽՎ-ի ընդունած՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG