Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները քննարկում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից Մեհրիբան Ալիևայի հրաժարականը


Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևա, արխիվ
Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևա, արխիվ

Ինչո՞ւ է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դադարեցրել գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան. ադրբեջանցի վտարանդի ընդդիմադիր ակտիվիստ Արիֆ Յունուսովի կարծիքով՝ պատճառը այդ կառույցի և Ադրբեջանի իշխող ընտանիքի միջև անցյալի կոռուպցիոն կապերն են։

Արտերկրում բնակվող ադրբեջանցի մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Բախտիյար Հաջիևն էլ ենթադրում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող ղեկավարությունը ի տարբերություն նախորդի խավիար չի սիրում։

Մեհրիբան Ալիևան անսպասելի հրաժարականի մասին հայտարարել է երեքշաբթի օրը՝ ՄԱԿ-ին կից մշակութային կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ակնարկելով, թե չափազանց զբաղված է 2020 թվականին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հաղթանակից հետո։ Ալիևան շեշտել է, որ «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» և «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»:

Ադրբեջանի առաջին տիկնոջ հրաժարականը տեղի է ունենում երկրի կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև լարվածության համատեքստում, Բաքուն ներկայիս ղեկավարությանը մեղադրում է հայամետ լինելու համար։ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, կազմակերպությանը մեղադրում են ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման հետաքննությունը ձախողելու համար։ Նույն քննադատությունը կառույցի հասցեին հնչում է նաև Երևանից և Ստեփանակերտից՝ պնդելով, որ միջազգային կառույցը օր առաջ պետք է գնահատական տա հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Բաքվի բացահայտ ոտնձգություններին։

Մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականի դեկտեմբերին է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու հարցով Բաքվի պատասխանին է սպասում, որը, սակայն, պարբերաբար ձգձգվում է։ Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարարությունը հայտարարել է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքականացնում է հարցը։

Ալիևան իր հրաժարականի նամակում հույս է հայտնել, որ կառույցն ի վերջո առաքելություն կուղարկի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ «գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը»։

Մինչև առաջին տիկնոջ հրաժարականը ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները «հող էին նախապատրաստում»՝ հրապարակելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին քննադատող հոդվածներ։ Հրաժարականից հետո կառույցի նկատմամբ դժգոհությունների է՛լ ավելի մեծ ալիք բարձրացավ, դրանցում կարմիր թելի պես անցնում էր մեղադրանքը՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմնակալ կառույց է»։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարիներ շարունակ աչք է փակել Բաքվի բողոքների վրա», - պնդում է ադրբեջանցի գրող, Ադրբեջանի լեզուների պետական ինստիտի ռեկտոր Քեմալ Աբդուլան։ - «ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ չէ իր իրական վերաբերմունքը դրսևորում Ադրբեջանի նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ևս գործում է երկակի քաղաքականություն»։

«Ինչո՞ւ է այդ կազմակերպությունը փոխել իր չեզոք դիրքորոշումը և անխոս աջակցում ագրեսոր երկրին», - դժգոհելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունից՝ իր հերթին արձագանքում է իշխող ուժի պատգամավոր Հիջրան Հուսեյնովան։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած Caliber պարբերականը Ալիևայի հրաժարականը որակել է «դիվանագիտական բողոք Ադրբեջանի նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որդեգրած երկակի ստանդարտների դեմ», լրատվամիջոցի գնահատմամբ՝ հեղինակավոր կառույցի տրամաբանության համաձայն «մահմեդական ադրբեջանցիները «բարբարոսներ» են, իսկ քրիստոնյա հայերը՝ նրանց «զոհերը»։

Թե ինչն է իրականում դրդել Ալիևային հրաժարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից, պարզ չէ։ Այդ պաշտոնում 18 տարվա գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունը, սակայն, հրապարակվեց նույն օրը, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ ադրբեջանական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների մեծ մասը կենտրոնացած է այն փաստի վրա, որ կառույցի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն ֆրանսիացի է, իսկ Ֆրանսիան իբր հայամետ դիրքորոշում ունի։ «Նման կազմակերպության հետ համագործակցությունը նշանակում է չհարգել ինքդ քեզ ու քո երկիրը», - գրում է մեկ այլ իշխանամետ լրատվամիջոց՝ Haqqin-ը, առաջին տիկնոջ «արդարացի» որոշումը գնահատելով որպես «հետևից դուռը բարձր շրխկացնելով փակել»։

Ադրբեջանի իշխող ընտանիքը, մինչդեռ, ֆրանսիացի Ազուլեի պաշտոնավարումից դժգոհ լինելու այլ պատճառներ կարող է ունենալ։ Նրա նախորդը՝ բուլղարացի Իրինա Բոկովան, հայտնի է Մեհրիբան Ալիևայի հետ ընկերական սերտ կապերով, բազմիցս այցելել է Ադրբեջան, իր հերթին Փարիզում հյուրընկալել Ալիևային։ Հետաքննող լրագրողները, սակայն, պարզել են, որ երկու տիկնանց փոխադարձ համակրանքն այնքան էլ անշահախնդիր չէր։ Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» «ադրբեջանական լվացքատուն» հայտնի հետաքննության շրջանակում պարզել են, որ Եվրոպայում Ալիևի վարչակազմի հեղինակած փողերի լվացման մեխանիզմից անմասն չի մնացել նաև Բոկովայի ընտանիքը, մասնավորապես՝ նրա ամուսինը 400 հազար եվրո էր ստացել Ադրբեջանից։ Այդ նույն ժամանակահատվածում տնտեսագետ Կալին Միտևի կինը՝ Իրինա Բոկովան կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Մեհրիբան Ալիևային:

Ադրբեջանցի վտարանդի իրավապաշտպան Արիֆ Յունուսով, արխիվ
Ադրբեջանցի վտարանդի իրավապաշտպան Արիֆ Յունուսով, արխիվ

Ադրբեջանցի վտարանդի իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Արիֆ Յունուսովը համոզված է, որ Ալիևայի հրաժարականը կապված է հենց կոռուպցիոն այդ սկանդալի հետ։ «Մեհրիբան Ալիևային առաջարկել են՝ ինքը հրաժարվի բարի կամքի դեսպանի կոչումից, հակառակ դեպքում կարող է ավելին հրապարակվել», - Ֆեյսբուքում գրել է Յունուսովը։

«Կարծես Ազուլեն Իրինա Բոկովայի նման խավիար չի սիրում, այդ պատճառով էլ նրանց հարաբերությունները սառան», - Ալիևայի հայտարարությունից հետո Facebook-ում գրել է ադրբեջանցի ակտիվիստ Բախտիյար Հաջիևը։

Ադրբեջանցիները քննարկում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից Մեհրիբան Ալիևայի հրաժարականը
please wait

No media source currently available

0:00 0:05:41 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG