Մատչելիության հղումներ

Նոր կոռուպցիան սկանդալ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների շուրջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, արխիվ

«Ադրբեջանական լվացքատուն», այսպես են բնութագրում համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» (OCCCRP) երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի հեղինակները փողերի լվացման այն մեխանիզմը, որ գործել է 2012-ից 2014 թվականներին եվրոպական մի շարք երկրներում:

Ծավալուն այս հետաքննության մանրամասները երկուշաբթի երեկոյան հրապարակվեցին բրիտանական The Guardian թերթում: Այդ հրապարակման համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու դրան մոտ կանգնած պաշտոնյաներն ու գործարարներն ընդամենը երկու տարում եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում հատուկ այդ նպատակով գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել:

Ադրբեջանից դուրս բերված գումարների լվացման մասին վկայող բանկային փաստաթղթերն առաջինը կարողացել են հայթայթել դանիական Berlingske թերթի լրագրողները:

Դանիական մամուլի հետաքրքրությունն այս պատմության հանդեպ պատահական չէ: Ադրբեջանից դուրս բերված գումարները սկզբում փոխանցվել են դանիական Danske բանկի էստոնական մասնաճյուղ, որտեղից էլ հետագայում վերաբաշխվել են Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների հաշվեհամարներին:

«Այդ ընկերություններից երկուսը գտնվում էին Անգլիայի, ևս երկուսը Շոտլանդիայի տարածքում», - գրում է լոնդոնյան The Guardian-ը:

Հետաքննող լրագրողների փոխանցմամբ, այդ աստղաբաշխական գումարները հետագայում օգտագործվել են մի շարք հիմնական ուղղություններով` թանկարժեք ունեցվածք ձեռք բերելու, բրիտանական մասնավոր դպրոցներում վարձավճարներ մուծելու և, թերևս ամենակարևորը, եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին, լրագրողներին և գործարարներին կաշառելու նպատակով:

Զեկույցի հեղինակները մասնավորաբար նշում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իտալացի անդամ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի անունը, ում ջանքերի շնորհիվ 2013-ին տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող զեկույցի ընդունումը:

Հետաքննող լրագրողների պնդմամբ, բանկային փաստաթղթերը վկայում են, որ այդ ժամանակահատվածում Վոլոնտեն ադրբեջանական իշխանություններից շուրջ 2 միլիոն եվրո է ստացել. - «Եվս 820 հազար եվրո է ստացել Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների ղեկավարած հիմնադրամը: Ուշագրավ է, որ Լինտները 61 հազար եվրո է ստացել 2013 թվականի աշնանը՝ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց: Գերմանացի քաղաքական գործիչը դիտարկում էր այդ ընտրությունների ընթացքը՝ նշելով, որ «քվեարկությունը համապատասխանում էր Գերմանիայում ընդունված չափանիշներին»:

Ըստ հետաքննող լրագրողների, Ադրբեջանում գործող մասնավոր ընկերություններից մեկից շուրջ 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որն անցյալ տարի ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդի կազմում:

Ուշագրավ է, որ Միտևի կինը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, որը 2010-ին այս կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային:

Զեկույցի հեղինակների պնդմամբ, փողերի լվացման այս մեխանիզմին մասնակցել է ռուսական արտադրության սպառազինության վաճառքի մենաշնորհային իրավունք ունեցող РосОборонЭкспорт ընկերությունը:

Danske բանկի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, РосОборонЭкспорт-ը 2012-ին 29 միլիոն ամերիկյան դոլար է փոխանցել փողերի լվացման այս մեխանիզմում ներգրավված ընկերություններից մեկին: Եվս 1 միլիոն 800 հազար դոլար է փոխանցվել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդուն պատկանող օֆշորային ընկերության հաշվեհամարներին:

РосОборонЭкспорт-ը ևս մեկ փոխանցում է կատարել Մեհրիբան Ալիևայի հոր` Արիֆ Փաշաևի հետ առնչություններ ունեցող մի ընկերությանը: Այս բոլոր փոխանցումները կատարվել են այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը շուրջ 4 միլիարդ դոլարի սպառազինություն էր ձեռք բերել նույն РосОборонЭкспорт ընկերություններից:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմն արդեն արձագանքել է հետաքքնող լրագրողների բացահայտումներին: «Ո՛չ Ադրբեջանի նախագահը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն հոդվածում տեղ գտած մեղադրանքներին: Մենք գիտենք, որ այս ամենի թիկունքում կանգնած է Ջորջ Սորոսը, որը միջազգային հանրության շրջանում կեղծարարի, խաբեբայի և ստախոսի համբավ ունի: Այն հանգամանքը, որ The Guardian թերթում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկը հայկական ծագում ունեցող լրագրողուհի Դիանա Նահապետյանն է, վկայում է, որ այս կեղտոտ մեղադրանքները նաև համաշխարհային հայության ձեռքի գործն են», - նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG