Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական լվացքատունը» վերադառնում է Մեծ Բրիտանիա


Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները հսկողություն են իրականացնում Լոնդոնի կամուրջի մոտակայքում, արխիվ

Բրիտանացի իրավապահները հետաքննում են Միացյալ Թագավորության տարածքում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների շուրջ ծագած հերթական կոռուպցիոն սկանդալը:

Այս անգամ խոսքը 14 միլիոն ֆունտ ստեռլինգի կամ ավելի քան 17 միլիոն ամերիկյան դոլարի լվացման մասին է, որին, ըստ ամենայնի, ուղղակի առնչություն ունեն Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները:

Այս մասին նախօրեին գրել է Լոնդոնում լույս տեսնող Evening Standard պարբերականը` նշելով, որ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն այժմ փորձում է պարզել Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ամուսնական մի զույգին պատկանող այս գումարների ծագումը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցի ամուսինների բանկային հաշիվները այժմ սառեցված են:

Գործի բոլոր մանրամասները դեռ չեն բացահայտվում: Վեսթմինսթերի մագիստրատային դատարանի գլխավոր դատավոր Էմմա Արբութնոթը միայն անցած շաբաթ է թույլատրել իրավապահներին գործի որոշ նյութեր փոխանցել մամուլի ներկայացուցիչներին՝ արգելելով, սակայն, բացահայտել փողերի լվացման մեջ կասկածվող ադրբեջանցի ամուսինների ինքնությունը:

Դատավոր Արբութնոթը նաև որոշ մեկնաբանություններ է տվել Evening Standard-ին` նշելով, որ իր վարույթում գտնվող այս գործի նյութերում փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ սառեցված հաշվեհամարներում գտնվող 14 միլիոն ֆունտ ստեռլինգը ստացվել է, «կոռուպցիոն եղանակով և մինչև Մեծ Բրիտանիա մուտք գործելը լվացվել է օֆշորային մի շարք ընկերությունների միջոցով»:

Լոնդոնյան պարբերականի տեղեկություններով՝ խոսքը մասնավորաբար Բելիզում, ինչպես նաև Մարշալյան և Սեյշելյան կղզիներում գտնվող օֆշորային ընկերությունների մասին է:

Evening Standard-ի լրագրողի հետ զրույցում Էմմա Արբութնոթը նաև հավելել է, որ իրավապահների բացահայտումներից կարելի է եզրակացության հանգել, որ սառեցված հաշվեհամարներին գտնվող գումարները բրիտանական բանկեր են փոխանցվել այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» կողմից կիրառվող մեթոդներով:

«Դա մի մեթոդ է, երբ [Ադրբեջանի] իշխող վերնախավի տրամադրության տակ գտնվող գումարները տեղափոխվում են Արևմուտք, այստեղ ունեցվածք ձեռք բերելու նպատակով», - նշել է դատավորը` ընդգծելով, որ բրիտանացի իրավապահների բացահայտումներում նաև դանիական բանկերից մեկում գտնվող հաշվեհամարներ են հիշատակվում:

Խոսքն, ըստ ամենայնի, Danske bank-ի մասին, որի էստոնական մասնաճյուղը մի քանի տարի առաջ աղմկալի սկանդալի կիզակետում հայտնվեց: Եվրոպական մի շարք պետությունների կողմից իրականացված համատեղ հետաքննության ընթացքում պարզվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ ուղղակի առնչություն ունեցող չորս ընկերություններ դանիական բանկի միջոցով ավելի քան 2 միլիարդ եվրո են տեղափոխել արևմտաեվրոպական՝ նախևառաջ բրիտանական բանկեր:

Վերադառնալով բրիտանական ոստիկանության բացահայտումներին` նշենք, որ, ըստ Evening Standard-ի, այս պահին սառեցված են մնում մեկ տասնյակ բանկային հաշիվներ, որոնցում ընդհանուր առմամբ 13 միլիոն 897 հազար ֆունտ ստեռլինգ է պահ տրված:

Գումարները այդ հաշվեհամարներին են փոխանցվել փոքր չափաբաժիններով` 21 ընկերությունների կողմից: «Դրանց թվում այնպիսի ընկերություններ կան, որոնք հիշատակվում էին նաև «Ադրբեջանական լվացքատան» գործում», - գրում է թերթը:

Հավելենք նաև, որ այս գործով դատական լսումները արդեն իսկ մեկնարկել են: Վեսթմինսթերի դատարանում նախորդ օրերին երկու դատական նիստ է կայացել, որոնց ընթացքում անօրինական հարստացման և փողերի լվացման մեջ կասկածվող ադրբեջանցի ամուսինների շահերը ներկայացրել է Լոնդոնի ամենաբարձր վարձատրվող փաստաբաններից մեկը` Ջեյմս Լյուիս Քյու-Սին: Այս փաստաբանը վերջին տարիներին մի շարք աղմկալի դատական գործերի է մասնակցել` մասնավորաբար պաշտպանել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կնոջ` Զամիրա Հաջիևայի շահերը:

Հիշեցնենք, որ Զամիրա Հաջիևան այն մարդն է, որն առաջինը Մեծ Բրիտանիայի տարածքում դատապարտվեց երկրի սահմաններից դուրս անօրինական հարստացման համար: Հաջիևան դատարանում այդպես էլ չէր կարողացել բացատրել, թե ինչ ծագում ունեն այն 15 միլիոն ֆունտ ստեռլինգը, որով նա առանձնատուն էր գնել Լոնդոնում, 11 միլիոնը, որով գոլֆ ակումբ էր ձեռք բերել, և այն 16 միլիոն ֆունտը, որ Հաջիևան ծախսել էր բրիտանական մայրաքաղաքի ամենահայտնի խանութներից մեկում` Harrods-ում:

XS
SM
MD
LG