Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Հանրապետություն կամ ընտանեկան բիզնես․ այս գլխագիրն էր գերիշխում Ադրբեջանի մասին 2017-ի հրապարակումներում:

Ալիևի վարչակազմի գործունեությունը նախորդ տարիների պես անցած տարում էլ աչքի ընկավ կոռուպցիոն սկանդալներով, հովանավորչությամբ, իշխող ընտանիքի նկատմամբ անձի պաշտամունքի դրսևորումներով: Ադրբեջանական թիվ մեկ ընտանիքը շարունակում էր մնալ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:

Մեհրիբան խանումը՝ փոխնախագահ

Տարին սկսվեց Ալիևների, և ինչու չէ՝ ողջ երկրի բնակչության, բայց հատկապես Ալիևների համար երկար սպասված իրադարձությամբ. նախագահը առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց երկրի փոխնախագահ:

Խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար, գիմնաստիկայի ֆեդերացիայի նախագահ, UNESCO-ի բարի կամքի դեսպան, այժմ արդեն նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ․․․ իսկ դու ի՞նչ ես արել քո սիրելի կնոջ համար․ այսպես էր արձագանքում «Թվիթերը» Ադրբեջանի առաջին տիկնոջ փխրուն ուսերին հերթական ևս մեկ հոգս ավելանալու փաստին:

Իրադարձությունը, սակայն, աննախադեպ չէր: Աշխարհում նման բան տեղի է ունեցել Արգենտինայում և «Թղթե տնակ» ամերիկյան հայտնի սերիալում, որի գլխավոր հերոսը՝ Ամերիկայի նախագահը, նույնպես իր կնոջը դարձրել է փոխնախագահ:

Թեև Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները կոշտ քննադատության են ենթարկում իշխող ընտանիքի դիրքերի ամրապնդման հերթական փորձը, միևնույն ժամանակ՝ զարմացած չեն: Հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի ռեժիմի ընդդիմախոսները դեռ վաղուց էին պնդում, որ սահմանադրական հերթական փոփոխությունների նպատակն է քաղաքական ճանապարհ հարթել ոչ միայն առաջին տիկնոջ, այլ նաև Իլհամ Ալիևի զավակների համար, ովքեր այսուհետ կարող են երիտասարդ տարիքից միանալ երկրի կառավարմանը:

Ադրբեջանի իշխող ընտանիքի մութ գործարքները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայլովան, ով մեկ տարուց ավելի բանտում է անցկացրել, մասնավորապես, Մեհրիբան Ալիևայի բիզնեսները, կոռուպցիոն սկանդալները բացահայտելու համար, ասում է, որ առաջին տիկնոջը փոխնախագահ դարձնելը օրենքի խախտում է:

«Ադրբեջանի կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենսդրությունը բացառում է նեպոտիզմը՝ ազգականներին ու մերձավորներին հովանավորելը: Բացի այդ՝ առաջին տիկնոջ անունը առնչվում է բազմաթիվ խոշոր բիզնեսների, օֆշորային ընկերությունների հետ: Նրա բիզնես գործունեությունը արդեն իսկ հակասում էր օրենսդիր գործունեությանը», - ասում է Իսմայլովան:

52-ամյա Մեհրիբան Ալիևան երբեք էլ չի թաքցրել ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը: Նա Ադրբեջանի թերևս ամենաազդեցիկ, հարուստ ու հայտնի Փաշաևների ընտանիքից է, որի անդամները բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և ակադեմիական ոլորտում: Փաշաևները զբաղվում են շինարարությամբ, անշարժ գույքի առքուվաճառքով, և ֆինանսական գործունեությամբ:

Ընդդիմադիրները շտապեցին, որպես Իլհամ Ալիևի դիրքերի ամրապնդում գնահատել առաջին տիկնոջ նորամուտը մեծ քաղաքականություն: Մինչդեռ նախագահի աշխատակազմը հակադարձեց՝ Մեհրիբան խանումը այդ պաշտոնի ամենաարժանի հավակնորդն է:

«Ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում նա ունի մեծ հեղինակություն: Վստահ եմ, որ Մեհրիբան Ալիևան այդ պատվավոր ու պատասխանատու պաշտոնում կհասնի նոր հաջողությունների ու ձեռքբերումների», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

«Ադրբեջանական լվացքատուն»

Մինչ երկրի հատուկենտ ընդդիմությունը, արևմտյան մամուլը ակտիվորեն քննարկում և դատապարտում էր Ալիևների ընտանիքի այս ձեռքբերումը, Ադրբեջանի նախագահական ընտանիքը նորանոր բարձունքներ էր նվաճում՝ հատկապես օֆշորային գոտիներում:

2017-ին՝ նավթի գների նվազեցմամբ պայմանավորված տնտեսական անկմանը զուգընթաց, Ադրբեջանի նախագահը ոչ միայն գոտին չձգեց՝ մեծացնելով սեփական գրպանի պարունակությունը, այլ նաև առատորեն վարձահատույց եղավ հատկապես նրանց, ովքեր խոստանում էին դարձի բերել միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ ըմբոստացողներին:

Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» հերթական խոշոր բացահայտումների հերոսները այս անգամ էլ Ալիևներն էին:

Թեև ընդդիմախոսները կասկած չունեին նախագահական ընտանիքի նյութական ապահովվածության հարցում, այդուհանդերձ ծավալները, որոնք հետաքննող լրագրողները բացահայտեցին անցած տարում, գերազանցեցին բոլոր սպասելիքները:

«Ադրբեջանական լվացքատուն», այսպես են նրանք վերնագրել փողերի լվացման այն մեխանիզմը, որ գործել է 2012-ից 2014 թվականներին: «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» ծավալուն զեկույցը փաստում է, որ Ադրբեջանի նախագահական ընտանիքն ու նրանց մերձավորները ընդամենը երկու տարում Եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում հատուկ այդ նպատակով գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել, իսկ այդ աստղաբաշխական գումարները հետագայում օգտագործել են թանկարժեք ունեցվածք ձեռք բերելու, բրիտանական մասնավոր դպրոցներում վարձավճարներ մուծելու, և թերևս ամենակարևորը՝ եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին և գործարարներին կաշառելու նպատակով: Զեկույցի հեղինակները մի շարք անուններ են նշել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իտալացի անդամ Լուկա Վոլոնտե, ում ջանքերի շնորհիվ 2013-ին տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող զեկույցի ընդունումը: Նա Ալիևներից շուրջ 2 միլիոն եվրո է ստացել:

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներ՝ 820 հազար եվրոյի դիմաց հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները համապատասխանում էին Գերմանիայում ընդունված չափանիշներին:

Ըստ հետաքննող լրագրողների, 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որն անցյալ տարի ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդի կազմում:

Ուշագրավ է, որ Միտևի կինը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, ով 2010-ին այս կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային:

Ադրբեջանի իշխող վերնախավի մասնակցությամբ հերթական բազմամիլիոնանոց կոռուպցիոն սկանդալը, ինչպես նկատում է արևմտյան մամուլը, դրսում ավելի շատ քննարկվեց՝ քան երկրի ներսում:

Հատուկենտ բողոքի ցույցերով Ադրբեջանի ընդդիմությունը իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ երկրի իրավապահներին կոչ անելով գոնե հետաքննել լրագրողական այդ բացահայտումները:

Ալիևները երբեք չեն մեկնաբանել իրենց անվան հետ կապվող օֆշորային, կոռուպցիոն բացահայտումները. փոխարենը նրանց խոսնակներն են մշտապես հայտարարել, որ այդ ամենի ետևում կանգնած են Հայաստանն ու Հայկական լոբբին, որի շահերին է, նրանց պնդմամբ, ծառայում նաև հանրապետական կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը: Վերջինս, Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ, դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հետ միասին համահեղինակել է Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի նախագիծ, որն արդեն ամերիկյան Կոնգրեսի օրակարգում է: Փաստաթուղթը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:

«Լրագրողների բանտ»

«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է խոշտանգումները, քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքները, հալածանքներն ու մարդկանց առևանգումները արտասահմանում, ահաբեկման այլ միջոցները՝ ստիպելով լռել իրավապաշտպաներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին», - հայտարարել են կոնգրեսականները՝ շեշտելով, որ իրենց երկիրը չի կարող անտեսել այդ խախտումները:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով Ադրբեջանը աշխարհի ամենաանազատ երկրներից է: Տարբեր հաշվարկների համաձայն՝ առ այսօր Ադրբեջանում 158 քաղբանտարկյալ կա, որոնցից 10-ը՝ լրագրող: Այս տարվա մարտ ամսից երկրում արգելափակված են «Մեյդան TV»-ի, «Ազադլըղ» թերթի, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքերը, շարունակում է փակ մնալ «Ազատության» ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը, իսկ այդ լրատվամիջոցի ներկայացուցիչ Խադիջա Իսմայիլովային բանտից ազատ արձակելուց հետո թույլ չեն տալիս ճամփորդել արտերկիր: Փակման եզրին էր երկրում մնացած միակ անկախ լրատվական աղբյուրը՝ «Թուրան» գործակալությունը, որի դեմ քրեական հետապնդումները դադարեցին միջազգային ճնշման արդյունքում:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» Ադրբեջանը ներառել է լրագրողներին բանտարկող առաջատար երկրների տասնյակում: Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ բոլոր լրագրողների նկատմամբ են անհանդուրժող: Ճիշտ է որոշ լրագրողների բանտախուց են ուղարկում, բայց որոշներին էլ նոր բնակարաններ են նվիրում՝ իհարկե փոքրիկ պայմանով՝ իշխանությունների մասին՝ միայն գովեստով:

Այսպիսով Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող լրագրողական կազմակերպությունների 255 ներկայացուցիչներ այս տարի կառավարությունից նոր բնակարաններ ստացան: Մամուլի ազատության բոլոր սանդղակներում բացասական հորիզոնականներում գտնվող պաշտոնական Բաքուն լրագրողներին բնակարաններ նվիրելը ներկայացրեց որպես մամուլի նկատմամբ հարգանքի դրսևորում և լրագրողի աշխատանքի գնահատում:

Մինչդեռ, օրինակ, հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին ոչ միայն հայրենիքում բնակարան չստացավ այլ նաև չկարողացավ հայրենիքից դուրս՝ Թբիլիսիում վարձակալած բնակարանում ապրել, որտեղ ապաստանել էր ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումներից պաշտպանվելու նպատակով: Նրա աղմկահարույց ձերբակալության կամ առևանգման շուրջ աղմուկը մինչ օրս չի մարում: Լրագրողին առևանգեցին Թբիլիսիում, առանց անձնագրի տեղափոխեցին ադրբեջանական բանտ, որտեղ էլ մինչ օրս պահվում է:

Վրաստանում գտնվող հետաքննող լրագրողը, ով բացահայտում էր Ալիևների ընտանիքին պատկանող բիզնեսները, մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում՝ սահմանը անօրինական հատելու, մաքսանենգության, իրավապահներին դիմադրելու հոդվածներով: Միջազգային հանրությունը՝ այդ թվում Եվրամիության օրենսդիր մարմինը՝ Եվրոպական խորհրդարանը, բազմիցս կոչ է արել պաշտոնական Բաքվին անհապաղ ազատ արձակել լրագրողին և հետաքննել նրա առևանգման գործը, սակայն այս հայտարարությունները առայժմ արդյունք չեն տվել:

Ճգնաժամ Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև

Միջազգային հանրության անթիվ կոչերը, հայտարարությունները արդյունք չտվեցին նաև Ադրբեջանի թերևս ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի՝ Իլգար Մամեդովի ազատ արձակման հարցում: «Ռեալ» շարժման առաջնորդը ազատազրկվել է 2013 թվականին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իշխանությունները նրան մեղադրել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու դատապարտել 7 տարվա ազատազրկման: Միջազգային իրավապաշտպան կառույցները կալանքը որակել էին անհիմն ու անհամաչափ, Մամեդովին՝ քաղբանտարկյալ: Եվրոպական դատարանը փաստել էր, որ նրա ազատազրկմամբ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից երեք հոդված, և պահանջել էր առանց նախապայմանների ու անհապաղ ազատ արձակել նրան: Պահանջները սակայն մինչ օրս չեն կատարվել, ինչը Եվրոպայի խորհրդին ստիպել է աննախադեպ հետաքննություն սկսել Ադրբեջանի դեմ: արդյունքում Բաքուն կարող է զրկվել ձայնի իրավունքից կամ հեռացվել կառույցից:

Նախագահ Իլհամ Ալիևը ի պատասխան շտապեց հայտարարել՝ Բաքուն կարող է ինքնակամ դուրս գալ Եվրախորհրդից, քանի որ այդ կառույցը, նրա պնդմամբ, Ադրբեջանի դեմ անարդար քաղաքականություն է վարում: Իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից համարվող` Եվրոպայի խորհրդին անդամակցությունից հրաժարվելը երկրում որպես կորուստ չի ընկալվի, համոզունք էր հայտնել Ադրբեջանի նախագահը:

«Կառույցի գլխավոր քարտուղարի գործունեության արդյունքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև արհեստական ճգնաժամ է ծագել, որի նախաձեռնողը մենք չենք: Մենք պարզապես համարժեք քայլեր ենք ձեռնարկում ի պատասխան մեր նկատմամբ իրականացվող անարդար և կեղծավոր քաղաքականության», - ասել էր Ադրբեջանի առաջնորդը վստահեցնելով, որ իրավիճակը վերահսկելի է:

Տնտեսական նախագծեր և փլուզում

Արևմուտքի հետ լարված հարաբերություններին զուգահեռ Բաքուն սերտացնում էր կապերը դաշնակից Թուրքիայի, հարևան Իրանի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: Այս երեք երկրների հետ Ադրբեջանը համագործակցում է հատկապես տնտեսական ու էներգետիկ ոլորտներում:

Բաքուն Թեհրանի և Մոսկվայի հետ փորձում է կյանքի կոչել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որից տնտեսական մեծ ակնկալիքներ ունի: Միջանցքը ենթադրում է այդ երեք երկրների երկաթծգերի միացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչև 10 միլիոնի:

Բաքուն այս տարի ի վերջո շահագործման հանձնեց իր թերևս ամենախոշոր նախագծերից մեկը՝ Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի կառուցումը տևել է 10 տարի: Նախատեսվում է, որ երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Երկաթգծի կառուցմանը մասնակից երեք հարևան երկրները՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը․ նշում են, որ նախագիծը աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչն է։

Այս ծրագրերով, ինչպես Ադրբեջանի իշխանություններն են հավաստիացնում, փորձում են կրճատել տնտեսության կախվածությունը նավթային եկամուտներից: Բանն այն է, որ անցյալ տարիներին նավթի գների կտրուկ նվազումը սառը ցնցուղ էր Ադրբեջանի տնտեսության համար․ նվազեցին եկամուտները, փլուզվեց ազգային տարադրամը, կործանման եզրին հայտնվեց բանկային համակարգը: Ինչպես նշում են տնտեսագետները՝ կարիք չեղավ ապացուցելու նավթային ասեղից կախվածությունը:

Նավթային դարաշրջանի լուսաբացին Ադրբեջանում երազում էին իրենց երկիրը տեսնել որպես երկրորդ Քուվեյթ, ոմանք ավելին՝ երկրորդ Նորվեգիա: Սակայն Ադրբեջանում, ինչպես փաստում են մասնագետները՝ ի տարբերություն այդ երկրների՝ նավթադոլարները ոչ արդյունավետ են ծախսվել: 710 միլիոն եվրո Ազգային մարզադաշտ կառուցելու համար, իր հարկի տակ «Ֆորմուլա 1» մրցաշարը անցկացնելու իրավունքի համար Բաքուն վճարել է շուրջ 40 միլիոն դոլար, գրեթե նույնքան էլ ծախսել հատուկ մայրուղիների կառուցման վրա: Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները անհամար գումարներ են ուղղում Հեյդար Ալիևի անվան տասնյակ այգիներին, թանգարաններին և Իլհամ Ալիևի ծնողների հուշարձաններին, որոնք տեղադրված են երկրի յուրաքանչյուր անկյունում:

Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանի տնտեսության անմխիթար վիճակը այս տարի իր ազդեցությունն է թողել այդ երկրի թերևս ամենագլխավոր տոնի վրա՝ Ազգի առաջնորդ, նախկին նախագահ, ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ բազմամիլիոնանոց ճոխ տոնախմբություններն այս անգամ փոխարինվել էին ծառատունկով և շաբաթօրյակով»: Մայիսի 10-ը, որը նաև ծաղիկների տոնն է, հավուր պատշաճի նշելու համար Ադրբեջանի իշխանությունները տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում ՝ արտասահմանից ծաղիկներ ներկրում և այդ ծաղիկներով երկրով մեկ Հեյդար Ալիևի դիմանկարները կերտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG