Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվանագետները շարունակում են հերքել եվրոպացի գործիչներին կաշառելու մեղադրանքները


Բելգիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքանդերով, արխիվ
Բելգիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքանդերով, արխիվ

Շուրջ երեք միլիարդ դոլարի լվացման շուրջ ծագած և «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած սկանդալից մեկ ամիս անց էլ ադրբեջանցի դիվանագետները շարունակում են կտրականապես հերքել մամուլում շրջանառվող մեղադրանքները` պնդելով, որ այդ ողջ պատմությունն արհեստածին էր և նպատակ ուներ խաթարել Բաքվի և Եվրամիության հարաբերությունները, իսկ կոռուպցիայի ծավալները Ադրբեջանում աննշան են:

Բրյուսելում գործող Euractiv մեդիա պլատֆորմին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքանդերովը:

«Լվացքատուն, ի՞նչ է նշանակում լվացքատուն: Դա բացարձակապես արհեստական, կեղծ անվանում է: Պետք է հասկանալ, որ այդ պատմության մեջ մատնանշված փոխանցումներից և ոչ մեկը չի ծառայեցվել ահաբեկչության ֆինանսավորման, կոռուպցիոն, թմրամիջոցների շրջանառության կամ այլ տեսակի քրեական նպատակներին: Բայց քանի որ նման արհեստածին բնորոշում էր տրվել, լրատվամիջոցներում այդ ամենը ներկայացվեց որպես փողերի լվացում», - հայտարարում էր Բելգիայում Ադրբեջանի դեսպանը:

Ֆուադ Իսքանդերովը նաև կտրականապես հերքում է այն պնդումները, թե Ադրբեջանից Եվրոպա փոխանցված գումարների զգալի մասն օգտագործվել է եվրոպացի քաղաքական գործիչներին ու լրագրողներին կաշառելու նպատակով:

«2009-ից մինչև 2017 թվականները Եվրոպական խորհրդարանը թվով 9 բացառապես քննադատական բանաձևեր է ընդունել իմ երկրի մասին: Արդյո՞ք դա վկայում է մեր հաջողված լոբբիստական քայլերի մասին: Մեզ մեղադրում են լոբբինգի մեջ, բայց եթե մենք իրոք նման գործողությունների դիմեինք, գուցե հասա՞ծ լինեինք ինչ-որ բանի: Դրա փոխարեն 9 քննադատական բանաձև է առկա: Ի դեպ, Եվրախորհրդարանը հաշվված թվով բանաձևեր է ընդունել Արևելյան գործընկերության մյուս պետությունների վերաբերյալ և ոչ մի բանաձև` Հայաստանի մասին», - հայտարարում էր Բելգիայում Ադրբեջանի դեսպանը:

Ադրբեջանցի դիվանագետը համոզված է, որ փողերի լվացման շուրջ ծագած սկանդալի հետևում երրորդ ուժերն են կանգնած, որոնց գլխավոր նպատակը Բաքվի և Բրյուսելի հարաբերությունների հնարավոր սերտացումը կանխելն է:

«Մենք խնդիր ունենք կապված մեր տարածքների օկուպացիայի հետ: Մենք հասկանում ենք, որ կան ուժեր, որոնք կանգնած են այդ օկուպացիայի հետևում: Այդ ուժերն են հենց անընդհատ շեշտում այսպես կոչված լվացքատան թեման, որպեսզի Ադրբեջանը բարբարոսական մի պետություն ներկայացնեն: Իրականում, կոռուպցիայի մակարդակը Ադրբեջանում ցածր է` գուցե ամենացածրը տարածաշրջանում, աշխարհում», - պնդում էր Բելգիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքանդերովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG