Մատչելիության հղումներ

Իրանի և ԱՄՆ-ի ազգային հավաքականների հանդիպումը՝ ավելին, քան ֆուտբոլ


Երիտասարդ իրանցիների Ուելս-Իրան խաղին եկել են «Մահսա Ամինի» գրությամբ պաստառով, Ալ Ռայան, Քաթար, 25 նոյեմբերի, 2022թ.
Երիտասարդ իրանցիների Ուելս-Իրան խաղին եկել են «Մահսա Ամինի» գրությամբ պաստառով, Ալ Ռայան, Քաթար, 25 նոյեմբերի, 2022թ.

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության տասներորդ օրը Երևանի ժամանակով երեկոյան ժամը 11-ին B խմբում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ընտրանիների հանդիպումը, որի արդյունքը մարզական տեսակետից զատ, կունենա նաև մեծ քաղաքական և բարոյահոգեբանական նշանակություն:

Հաղթանակի դեպքում Իրանը դուրս կգա «փյել-օֆֆ» փուլ, պարտության դեպքում կհեռանա Քաթարից: Եթե ոչ-ոքի լինի, Իրանը կանցնի «փլեյ-օֆֆ» պայմանով, որ Ուելսը չհաղթի Անգլիային:

Իսկ ամերիկացիների առջև դրված խնդիրը չափազանց հստակ է՝ նրանք մեկ ութերորդ դուրս կգան միայն Իրանի թիմին պարտության մատնելու դեպքում:

Սա հիրավի ավելին է, քան երկու հավաքականների հանդիպում: Իրանում օր չի անցնում, որ մի տեղ ցույցի ընթացքում չայրեն Միացյալ Նահանգների պետական դրոշը, չվանկարկեն «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը, չմեղադրեն ամերիկացիներին հակաիրանական քաղաքականություն վարելու և պատժամիջոցներով շարքային բնակիչներին ցավ պատճառելու համար:

Այաթոլաները ժողովրդին ասում են, թե դրսի ուժերն են կազմակերպել և ուղղորդում սեպտեմբերի 16-ին ոստիկանության բաժանմունքում երիտասարդ քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվանը հաջորդած ցույցերն ու անկարգությունները, որոնց ընթացքում զոհվել է առնվազն 445 մարդ, այդ թվում՝ մի քանի տասնյակ երեխաներ և մի քանի տասնյակ իրավապահներ:

Այս պայմաններում ամերիկացի ֆուտբոլիստները դիմել են քաղաքական ակցիայի՝ Թվիթերում տեղադրել են B խմբում այսօրվա դրությամբ թիմերի զբաղեցրած տեղերի աղյուսակով նկարը, որում Իրանի դրոշի վրա բացակայել է Իսլամական Հանրապետության զինանշանը: Մնացել են միայն ազգային եռագույնի կանաչ, սպիտակ, կարմիր շերտերը:

Ամերիկացիներն ասել են, թե դա ոչ մի դեպքում չի կարելի համարել վիրավորանք Իրանի ժողովրդի հասցեին, նպատակն է համերաշխություն հայտնել Իրանում իրենց իրավունքների համար պայքարող կանանց:

«Մենք կանանց իրավունքների աջակիցներ ենք և միշտ ենք աջակցել»,- ասել է հավաքականի կենտրոնական պաշտպան Ուոքեր Ցիմերմանը:

Իրանի ֆուտբոլի ֆեդերցիան բողոքով դիմել է ՖԻՖԱ՝ պահանջելով պատժել ամերիկացիներին և վտարել թիմն աշխարհի առաջնությունից, քանի որ այդ գրառմամբ ամերիկյան թիմն անհարգալից վերաբերմուք է դրսևորել Իրանի պետության նկատմամբ և խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները:

ՖԻՖԱ-ի Կարգապահական կանոնադրության թիվ 13 կետի համաձայն, որևէ անձ կամ անձանց խումբ, որը վիրավորում է պետության արժանապատվությունը կամ կասկածի տակ առնում դրա տարածքային ամբողջականությունը՝ որակազրկվում է առնվազն 10-ը խաղով կամ որոշակի ժամկետով կամ պատժվում կարգապահական այլ միջոցով:

Ենթադրվում է, որ ՖԻՖԱ-ն, ամենայն հավանականությամբ, ամերիկյան թիմի նկատմամբ սանկցիա չի կիրառի: Հավաքականի Թվիթերի էջում վիճահարույց նկարը փոխվել է, նորից պատկերված է Իրանի այսօրվա դրոշը: Թերևս, ՖԻՖԱ-ն հանդես կգա նման ակցիաների անթույլատրելիության մասին նախազգուշացումով:

Մինչդեռ, դա չի նշանակում որ լարվածություն այլևս չի լինի: Քաթար են ժամանել մեծ թվով իրանցի երկրպագուներ, և նրանց բնավ չի կարելի համարել այաթոլաների ռեժիմի ջատագովներ:

Նրանցից շատերը մարզադաշտ են գալիս «նախաայաթոլայական» Իրանի դրոշներով և շապիկներով:

Քաթարը չի ցանկանում վնաս հասցնել Իրանի հետ բավական լավ հարաբերություններին և փորձում է մեղմել սուր անկյունները: Մարզադաշտերում քաթարցի աշխատակիցներն արգելում են հին դրոշով կամ դրա պատկերով շապիկներով իրանցիներին ներս մտնել:

Իրանցիները շապիկներին կարգախոսներ են՝ «Կին. Կյանք. Ազատություն» և «Մահսա Ամինի»:

Վեճերի ընթացքում քաթարցի աշխատողները պահանջում են իրանցիներից գնալ մոտակա խանութ և առանց քաղաքական գրությունների շապիկներ գնել:

Ամերիկյան քաղաքացիություն ունեցող իրանցի Շահան Խոսրավանին Քաթար է ժամանել, որ ահազանգի Իրանում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների մասին:

«Եկել եմ աշխարհի առաջնություն, որ սատարեմ Իրանի ժողովրդին, սա նրա մասին խոսելու լավ առիթ է, մենք գիտենք, որ ազգային հավաքականը ժողովրդի համար չի խոսում, մենք ուզում ենք նաև ամոթանք տալ ֆուտբոլիստներին, ասել՝ «տեսեք՝ աշխարհը կտրել-անցել ենք, որ ձեզ ու բոլորին պատմենք, թե ինչ է Իրանում կատարվում, դուք, տղերք, պարտավոր ենք աջակցել ժողովրդին»,- ասել է Խոսրավանին:

Միացյալ Նահանգներում այս մարզաձևի, ինչպես ամերիկացիներն են ասում՝ սոքքերի երկրպագուների թիվը հետզհետե ավելանում է, բայց փաստ է, որ առավել տարածված և ճանաչված են որոշ չափով ռեգբին հիշեցնող ամերիկյան ֆուտբոլը, բեյսբոլը, տափողակով հոկեյը և, իհարկե, թիվ մեկ սպորտ բասկետբոլը:

Քաթար հասած ամերիկացի ֆուտբոլասերների զգալի մասին նախևառաջ հետաքրքրում է «փլեյ-օֆֆ» անցնելու նպատակը:

«Ոչ մի քաղակականություն, սա սոքքեր է, արդյունքը կանխատեսել չի լինի, եթե հաղթում ենք՝ անցնում ենք հաջորդ փուլ, դա է այսօր որոշվում»,- ասել է Այզեք Բենեթը Հյուսիսային Վիրջինիայից:

1998-ին Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է ամերիկյան թիմին, դա առայսօր համարվում է ֆուտբոլի պամության ընթացքում առավել քաղաքականացված խաղը: Այս հանդիպումն էլ պետական այրերի ուշադրության կենտրոնում է:

«Ինչ վերաբերում է սոքքերին, կամ ինչպես նաև անվանում են՝ ֆուտբոլին: Սպասում եմ ԱՄՆ-ի և Իրանի այսօրվա խաղին, երեկոյան կնայեմ, կերկրպագեմ մերոնց, տեսել եմ Դոհայում Ուելսի հետ առաջին խաղում նրանց կարողությունները: Չեմ կարծում, որ այս խաղն ունի ինչ-ինչ աշխարհաքաղաքական ասպեկտներ: Սա կարող է հետաքրքիր նայվող խաղ լինել, և թող խաղը խոսի իր մասին»,- ասել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

XS
SM
MD
LG