Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հավաքականի կորուստը՝ Բենզեման չի խաղալու Քաթարում


Ֆրանսիացի աստղ Քարիմ Բենզեման, արխիվ

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» գերաստղ և ռմբարկու Քարիմ Բենզեման մկանի վնասվածք է ստացել և երեկվանից այլևս թիմի կազմում չի մարզվում Քաթարում: Այդ մասին այսօր հայտնել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Շատ մեղք է Քարիմը, նրա համար աշխարհի այս առաջնությունը մարզական կարիերայի գլխավոր նպատակն էր: Չնայած այդ ծանր կորստին, ես հավատում եմ մեր թիմին: Մենք ամեն ինչ կանենք այս փորձությունը հաղթահարելու համար»,- ասել է ընտրանու մարզիչ Դիդիե Դեշամը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վնասվածքների հետևանքով Քաթարում այսօր մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Պոլ Պոգբան «Յուվենտուսից», Նգոլո Կանտեն «Չելսիից», Կրիստոֆեր Նկունկուն «Լայպցիգից» և Պրեսնել Կիմպեմբեն «Պարի Սեն Ժերմենից»:

Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 97 հանդիպում և 37 գոլ է խփել: 2021-22 թվականների մրցաշրջանում դարձել է Ազգերի լիգայի հաղթող:

2022 թվականին վաստակել է France Football հանդեսի սահմանած ֆուտբոլի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը՝ Ոսկե գնդակը:

Ֆրանսիայի հավաքականը Քաթարի առաջնությունում ընդգրկված է D խմբում, որտեղ մրցելու է Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի թիմերի հետ:

XS
SM
MD
LG