Մատչելիության հղումներ

Նոր սենսացիա Քաթարում. Մարոկկոն հաղթեց Բելգիային


Մարոկկոյի ընտրանին տոնում է հաղթանակը, «Ալ Թումամա մարզադաշտ», Ալ Թումամա, Քաթար, 27 նոյեմբերի, 2022թ.
Մարոկկոյի ընտրանին տոնում է հաղթանակը, «Ալ Թումամա մարզադաշտ», Ալ Թումամա, Քաթար, 27 նոյեմբերի, 2022թ.

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության ութերորդ օրը E խմբում Ճապոնիայի ընտրանին, որն առաջին խաղում հաղթել է Գերմանիայի հզոր թիմին, նոյեմբերի 27-ին 0-1 հաշվով որոշ չափով անսպասելի պարտություն կրեց Կոստա Ռիկայի թիմից: Հաղթական միակ գոլը գեղեցիկ հարվածով 81-րդ րոպեին խփեց Կեյշեր Ֆուլերը:

Ապա F խմբում տեղի ունեցավ Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալներ վաստակած Բելգիայի հավաքականի հանդիպումը Մարոկկոյի թիմի հետ:

«Կարմիր սատանաների» դարպասապահ Տիբո Կուրտուան, հարձակվողներ Էդեն Ազարը, նրա եղբայր Տորգանը, Քևին դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն անզոր գտնվեցին:

73-րդ րոպեին Աբդելհամիդ Սաբիրին բացեց հաշիվն, ապա 90+2 րոպեին «վերահսկողական կրակոցով» խաղի վերջնական արդյունքը վավերացրեց Զաքարիա Աբուխլակը՝ 2-0:

Երևանի ժամանակով երեկոյան 8-ին F խմբում սկվեց Խորվաթիայի և Կանադայի թիմերի խաղը:

Երբ ընդամենը 2-րդ րոպեին կանադացի Ալֆոնսո Դեյվիսը բացեց հաշիվը՝ թվաց, որ նախորդ առաջնությունում երրորդ տեղը գրաված թիմի պարտությունից հետո նոյեմբերի 27-ին կպարտվի նաև երկրորդ տեղը գրավածը:

Բայց նախ Անդրեյ Կրամարիչը 36-րդ րոպեին, հետո Մարկո Լիվայան 44-րդ, ապա նորից Կրամարիչը 70-րդ րոպեին և վերջապես Լովրո Մայերն 90+4-րդ րոպեին ապացուցեցին, որ 2022-ի արծաթե մեդալակիրը Քաթարում էլ պատրաստ է բարձր որակի խաղ ցույց տալ:

Երեկոյան ժամը 11-ին E խմբում տեղի ունեցավ «ծանրքաշայիններ» Իսպանիայի և Գերմանիայի ընտրանիների խաղը:

Առաջին տուրում Իսպանիան 7-0 հաշվով ջախջախել է Կոստա Ռիկային, իսկ գերմանացիները 1-2 հաշվով սենսացիոն պարտություն են կրել ճապոնացիներից:

Նոյեմբերի 27-ին իսպանացիների և գերմանացիների խաղը շատ լարված անցավ: 62-րդ րոպեին Ալվարո Մորատան բացեց հաշիվը: Դրանից հետո իսպանացիները կարող էին ևս մեկ-երկու գոլ խփել: Գերմանացիների խաղը չէր ստացվում:

Բայց ավանդապես հանդիսանալով կամային հզոր ունակություններով թիմ, որը պայքարում է մինչև վերջ, գերմանացիները հաջողության հասան՝ փոխարինման դուրս եկած 29-ամյա Նիկլաս Ֆուլկրուգը 83-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1:

Վաղը՝ նոյեմբերի 28-ին, G խմբում տեղի կունենան Կամերուն-Սերբիա և Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպումները, իսկ H խմբում Հարավային Կորեան կխաղա Գանայի և Պորտուգալիան Ուրուգվայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG