Մատչելիության հղումներ

Փելոսիի այցը Հայաստան ունի կրիտիկական նշանակություն․ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան ունի կրիտիկական նշանակություն, «Ազատության» հետ զրույցում ասաց Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը՝ ընդգծելով, մասնավորապես, սա հնարավորություն է տալիս ապահովել Միացյալ Նահանգների բյուջետային հնարավարությունների առկայություն հայ-ամերիկյան տարբեր ծրագրերում։

Այցը ո՛չ սկիզբ է, ո՛չ վերջ, շեշտեց նախկին փոխդեսպանն՝ ընդգծելով՝ այն շատ կարևոր օղակ է Հայաստանի ընդհանուր քաղաքական պատրաստվածության և Միացյալ Նահանգների հետ որևէ կարգի քաղաքական երկուստեք հանձնառությունների հարցում օպերատիվ արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Նենսի Փելոսին առանց երկիմաստության դատապարտեց Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և ասաց, թե այստեղ է ուսումնասիրելու և տեղեկանալու, թե ինչ կարիքներ ունի Հայաստանը, այդ թվում՝ նաև անվտանգային առումով։ Փելոսին ասաց, որ ԱՄՆ-ը ցանկանում է գոծուն աջակցություն ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության ամրապնդման համար։ Ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ նկատի ուներ նա, ինչպե՞ս կարող ենք հասկանալ կամ վերծանել նրա այս հայտրարաությունը։

Խարազյան․ - Փելոսին Միացյալ Նահանգներում առավել ազդեցիկ պետական գործիչներից է, և նրա պաշտոնը Միացյալ Նահանգներում շատ բարձր իրավասություններ և հնարավորություններ է տալիս նրան։ Նա նաև Դեմոկրատական կուսակցության առաջատար գործիչներից է, Միացյալ Նահնագների Ներկայացուցիչների պալատի խոսնակը։

Ներկայացուցիչների պալատը Միացյալ Նահանգների Սենատի հետ մեկտեղ տնօրինում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ընդհանրապես պետական կառավարման ոլորտում առավել կարևոր լծակներից մեկը՝ ֆինանսավորման լծակը, բյուջետավորման լծակը։ Միացյալ Նահանգներում որևէ կարգի գործընթաց՝ լինի քաղաքական, անվտանգության, ռազմական և այլն, իրականացնելու համար անհրաժեշտ է դրա համար ունենալ բյուջետային ապահովություն։

Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան թույլ է տալիս հուսալ, որ եթե նման բյուջետային ապահովության խնդիր լինի, ապա մենք ունենք Հայաստանում հնարավորություն, Հայաստանի ղեկավարության և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ղեկավարության միջև երկխոսության միջոցով, ապա մանրակրկիտ ամենօրյա աշխատանքի միջոցով, ապահովել Միացյալ Նահանգների բյուջետային հնարավարությունների առկայությունը, որպեսզի, եթե խնդիր լինի ԱՄՆ-Հայաստան զանազան ծրագրերի իրականացման, ապա բյուջետային ապահովում նման ծրագրերին լինի, և այդ ծրագրերը հնարավոր լինի իրականացնել։

Իհարկե պետք է սպասել, տեսնել նրա այցի ավարտին՝ ինչ խոսակցություններ են լինում Հայաստանի ղեկավարության հետ, և տեսնել Հայաստանի ղեկավարության արձագանքն այդ այցին և այն, թե ինչ նրանք կցանկանային կիսել հանրության հետ, սակայն, կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգների հետ ինտեգրացված քաղաքականություն ունենալու համար անհրաժեշտ բյուջետային ապահովման խնդիրը, ինչպես նաև քաղաքական աջակցության խնդիրն ամերիկյան արտաքին քաղաքական նպատակներին, այս երկու խնդիրների առումով, խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ունի կրիտիկական նշանակություն։

Ես կցանկանայի նշել, որ անհնար է գերագնահատել այս հարցում հայկական դիվանագիտության, հատկապես Հայաստանի դեսպանության Վաշինգտոնում դերը, ինչպես նաև այն բոլոր հայակական կազմակերպված ամերիկահայ կազմակերպությունների աշխատանքը, որոնց տասնամյակների ջանքերի շնորհիվ այսօր հանարվոր է եղել, դեսպանության հետ համատեղ, իրականացնել այս այցը։

Այցը սկիզբը չէ, այցը ո՛չ սկիզբ է, ո՛չ վերջ, այն շատ կարևոր օղակ է Հայաստանի ընդհանուր քաղաքական պատրաստվածության և Միացյալ Նահանգների հետ որևէ կարգի քաղաքական երկուստեք հանձնառությունների հարցում օպերատիվ արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

«Հայաստանը պե՞տք է դուրս գա ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ»

«Ազատություն»․ - Հիմա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին։ Հայաստանը պե՞տք է դուրս գա ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ։ Որովհետև հիմա այս օրերին հենց այդ հարցն է շատ ակտիվորեն քննարկվում։

Խարազյան․ - Հայաստանը պետք է իր համար հստակ պատկերացնի, Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ հասկանա, թե ինչպիսին է ցանկանում տեսնել Հայատանի ապագան։ Եթե այդ ապագան խարսխված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանում Հայաստանի համարժեք դերի ու ազդեցության մեջ, ապա ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունն այս հարցերին պատասխաններ չի տալիս և առավել փակում է այն ճանապարհները, որոնցով Հայաստանը պետք է հետամուտ լինի այդ խնդիրներում անհրաժեշտ լուծումներին։

ՀԱՊԿ-ը Հայաստանին թույլ չի տալիս զարգացնել բազմակողմանի անհրաժեշտ խորքով ռազմատեխնիկական հարաբերություններ այն երկրների հետ, որոնցից մենք կարող ենք ստանալ արդիական տեխնոլոգիա, գիտելիք, զենք և զենքի օգտագործման համար անհրաժեշտ կառավարման ու շտաբային համագործակցության ու պլանավորման գիտելիքներ։ Այդ կարողությունները գալիս են Արևմուտքից։

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ է Արևմուտքի հետ Հայաստանի նորմալ ռազմատեխնիկական համագործակցության համար։ Մյուս կողմից, ՀԱՊԿ-ը չի լուծում և չի լուծել Հայաստանի առջև կանգնած երկու հիմնական խնդիրները՝ թույլ չտալ Թուրքիային ռազմական ներկայություն, կամ ռազմական ուժ պրոեկտավորել Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածքներում, մյուս կողմից, զսպել Ադրբեջանի ախորժակը և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սպառնալիքի նման դսևորումներ։

Երկու առումով էլ ՀԱՊԿ-ն իր ֆունկցիան չի կատարել։ ՀԱՊԿ-ն այսօր չի կատարում այն ֆունկցիան, որ Հայաստանը կարծել է, որ պետք է կատարի, երբ որ անդամակցել է դրան, երբ Հայաստանի սահմաններն ու ինքնիշխան տարածքն են ենթարկվել Ադրբեջանի կողմից ոտնձգության, մյուս կողմից պետք է ասեմ, որ ՀԱԿՊ-ից մեր սպասելիքները, հայկական հանրության առումով, կարծեք չափազանցված են և շատ սխեմատիկացված։ ՀԱՊԿ-ը չէ խնդիրը, այստեղ հայ-ռուսական հարաբերություններն են, ՀԱՊԿ-ից դուրս գալն ընդհանրապես դեռևս իրավականորեն չի նշանակում, որ Հայաստանը պետք է խզի Ռուսաստանի հետ իր ռազմական հարաբերությունները, եթե այդպիսիք կան և եթե այդպիսիք իրականում որևէ օգուտ են տալիս Հայաստանին։

ՀԱՊԿ-ը հավաքական համակարգ է որտեղ Ռուսաստանից բացի այլ երկրներ կան, որոնց հետ Հայաստանը գրեթե ընդհանուր որևէ բան չունի։

Խարազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG