Մատչելիության հղումներ

Հայաստան խաղաղապահ առաքելություն, զորք ուղարկելու պլաններ ՀԱՊԿ-ը չունի․ Անատոլի Սիդորով


ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորով

Ռազմական դաշինքը, որին անդամակցում է Հայաստանը, վերստին պնդում է՝ Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրը պետք է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծվի։

Մոսկվայի գլխավորած ռազմական կառույցը Հայաստան խաղաղապահ առաքելություն, զորք ուղարկելու պլաններ չուներ՝ ոչ երեկ, ոչ այսօր, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի կարծիքով, ոչ էլ ապագայում։

«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում՝ խոսք չկա», - ասել է Սիդորովը։

Պաշտոնական Երևանը հերթական անգամ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին է դիմել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ հարձակողական գործողությունների ֆոնին։

Ինչպես երեկ պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար է դիմել է ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ ռազմական օգնության խնդրանքով։

Սեպտեմբերի 13-ին Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ստեղծված իրավիճակը գնահատելու համար, Հայաստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը, որը պետք է տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների մշակման վերաբերյալ զեկույց պատրաստի՝ աշնանը Երևանում նախատեսվող Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ գագաթնաժողովին ներկայացնելու համար։

Այսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն այդ առաքելությունը գլխավորող Սիդորովին հիշեցրել է, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ից ավելին է պահանջում, քան հայտնի արձագանքները, այսինքն՝ ռազմական օգնություն ադրբեջանական զորքին Հայաստանի տարածքից վտարելու համար։

Պատրա՞ստ է արդյոք ՀԱՊԿ-ը Երևանին ռազմական օգնություն տրամադրել հետագա լարվածության դեպքում։ Այս հարցին ռազմական դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան դրական պատասխան չի տվել, փոխարենը երրորդ անգամ կրկնել է՝ ՀԱՊԿ-ի թիմը մեկնում է Երևան՝ տեղում պարզելու իրավիճակը, որի արդյունքներով էլ կպատրաստի զեկույց։

«Որպեսզի պետությունների ղեկավարները կայացնեն որոշում, կլսեն առաքելության աշխատանքի արդյունքները։ Եթե կասեն՝ «այո, եկեք (դե, չեմ ուզում հիմա գուշակություններ անել) խաղաղապահներով, կամ սննդամթերքով օգնենք․․․», իսկ գուցե կասեն՝ «կեցցեն, Հայաստանի Հանրապետությունում ինքնուրույն են լուծել իրենց առջև դրված խնդիրը, և ամեն ինչ կարգավորվել է», - ասել է գեներալ-գնդապետը։

Անատոլի Սիդորովը մինչև Երևան մեկնելը, տեղում իրավիճակին ծանոթանալն ու եզրահանգումներ անելն, արդեն գիտի՝ որն է հայ-ադրբեջանական լարվածության պատճառը։ Ասում է անընդհատ նույն հարցն է ծագում, որը պահանջում է լուծում․ - «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման հարցն է։ Առաջին հիմնական հարցը, որին ուշադրություն են դարձնում բոլորը»։

Պաշտոնական Երևանի ռազմական աջակցության խնդրանքին ի պատասխան ՀԱՊԿ-ի կողմից տեսչական առաքելություն Հայաստան ուղարկելը, Մոսկվայի գնահատմամբ, կազմակերպության հնարավորությունների նշանակալի ներգրավվածություն է։

«Այդ կառույցի ղեկավարության ուղևորությունը տարածաշրջան, կազմակերպության հնարավորությունների էական ներգրավվածություն է»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG